Բացվել է «Այբ» դպրոցի նոր մասնաշենքը - Mediamax.am

13010 դիտում

Բացվել է «Այբ» դպրոցի նոր մասնաշենքը


Լուսանկարը` Այբ

Լուսանկարը` Այբ

Լուսանկարը` Այբ

Լուսանկարը` Այբ

Լուսանկարը` Այբ


Երեւան: Մեդիամաքս: Հոկտեմբերի 14-ին տեղի է ունեցել «Այբ» դպրոցի նոր՝ երրորդ (Գ) մասնաշենքի բացման հանդիսավոր արարողությունը։

Միջոցառմանը ներկա էին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, ՀՀ կրթության եւ գիտության նախարար Լեւոն Մկրտչյանը, դպրոցի բարերարներն ու աջակիցները։

 

«Ստորակետ» ճարտարապետական արվեստանոցի նախագծած յուրօրինակ ճարտարապետական լուծումներով քառահարկ նոր մասնաշենքի ընդհանուր մակերեսը 4200 մ2 է։ Այն ունի 11 դասասենյակ եւ նախատեսված է 180 աշակերտի համար։

 

Գ մասնաշենքը հագեցած է ժամանակակից կրթական տեխնոլոգիաներով, ունի բազմաթիվ լաբորատորիաներ, արվեստի ստուդիաներ, սպորտդահլիճ եւ ավելին՝ երեխաների հագեցած, հետաքրքիր ուսումնառությանն ու նրանց ստեղծագործ ներուժի բացահայտմանը լավագույնս նպաստելու համար:

 

«Այբ»-ի նոր մասնաշենքի կառուցումը հնարավոր է դարձել «Այբ» համայնքի՝ կրթության գաղափարի շուրջ միավորված տասնյակ բարերարների ֆինանսական աջակցությամբ:

 

Դպրոցի տնօրեն Արամ Փախչանյանի խոսքով՝ «Այբ» դպրոցը շարունակում է իր առաքելությունը՝ ձգտելով ստեղծելու Հայաստանում օրինակելի կրթական միջավայր, եւ նոր մասնաշենքի բացումը հերթական քայլն է այդ ուղղությամբ:

 

«Մեր նպատակն է ձեւավորել դպրոցաշինության մշակույթ, որտեղ կձեւավորվեն մարդկային լավագույն որակները, կզարգանան երեխաների երեւակայությունը, ստեղծարար ներուժը, իսկ սովորելն ու դասավանդելը կլինի ոգեւորիչ եւ արդյունավետ»,- ասաց Արամ Փախչանյանը։

 

«Մեր կրթության փիլիսոփայությունը խարսխված է ազատության եւ ստեղծարարության վրա: Մենք փորձել ենք դա արտացոլել մեր կրթական տարածքներում, քանի որ ուզում ենք, որ մեր ապագա սերունդը լինի ազատատենչ, ստեղծարար, նորարարությունների ձգտող եւ ճշմարտության հետեւից գնացող: Եվ այս մասնաշենքը դրա արդյունքն է»,- իր բացման խոսքում նշել է Տ. Մեսրոպ քահանա Արամյանը:

 

«Այբ» դպրոցը բացվել է 2011 թվականին «Այբ» կրթական հիմնադրամի կողմից՝ կրթության գաղափարի շուրջ միավորված հարյուրավոր բարերարների ֆինանսական աջակցությամբ: «Այբ» ավագ դպրոցը ոչ պետական ոլորտում առաջին սոցիալական ծրագիրն է Հայաստանում, եւ աշակերտների մոտ 70%-ն ամեն տարի ստանում է կրթաթոշակ (ուսման վարձի փոխհատուցում): «Այբ» դպրոցը 12-ամյա է՝ տարրական (1-4-րդ դասարաններ), միջին (5-9-րդ դասարաններ) եւ ավագ (10-12-րդ դասարաններ) բաղադրիչներով:

 

«Այբ» դպրոցում դասավանդումը կատարվում է «Արարատյան բակալավրիատ» (ԱԲ) ծրագրով: Արարատյան բակալավրիատը հայալեզու, հայկական կրթության լավագույն ավանդների եւ համաշխարհային կրթության առաջատար ձեռքբերումների վրա հիմնված, միջազգային հայտնի կրթական հարթակներին համազոր ճանաչված ծրագիր է: Այն մշակվել է «Այբ» կրթական հիմնադրամի կողմից եւ լրամշակվել պետության հետ համատեղ իրականացվող Կրթության գերազանցության ազգային ծրագրի շրջանակում:

 

Մեկնարկել է Արարատյան բակալավրիատի ներդրումը ՀՀ մարզային դպրոցներ, որպեսզի այն հասանելի դառնա բոլոր հայ երեխաներին՝ նրանց հարազատ մարզերում, անվճար:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին