Diaspora Dialogues՝ կամուրջներ ստեղծել եւ սովորել միմյանցից - Mediamax.am

8669 դիտում

Diaspora Dialogues՝ կամուրջներ ստեղծել եւ սովորել միմյանցից


Վերոնիկա Զոնաբենդը
Վերոնիկա Զոնաբենդը

Լուսանկարը` UWC Dilijan


Տարբերի երկրների սփյուռքների առաջնորդները Դիլիջանում եւ Երեւանում հոկտեմբերի 8-10-ը քննարկում են իրենց առաջ կանգնած մարտահրավերներն ու արդի խնդիրները, ներկայացնում գաղափարներ, ռազմավարություններ եւ ոգեշնչող պատմություններ: 

 

Diaspora Dialogues քննարկումները կազմակերպել է Common Purpose առաջնորդության զարգացման կազմակերպությունը՝ UWC Dilijan քոլեջի հետ համագործակցությամբ եւ «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության աջակցությամբ

 

«Այս միջոցառումը շարունակությունն է այն ամենի, ինչ մենք անում ենք: Մեր հիմնական գաղափարն էր, որ Հայաստանը դառնա համաշխարհային տարածքի մի մասը։ Համաշխարհային տարածքի մաս դառնալու համար շատ կարեւոր է Հայաստանի ներսում այլ մշակույթների եւ այլ հայացքների ընդունումը։ Այստեղ եկած մարդիկ իրենց սփյուռքների հեղինակավոր եւ ազդեցիկ ներկայացուցիչներն են։ Հայաստանի փորձի ճանաչումը նրանց կողմից եւս շատ կարեւոր է։ Հայկական սփյուռքն էլ հնարավորություն է ստանում հասկանալ, թե ինչպիսի դժվարությունների են բախվում այլ մարդիկ, սովորել նրանցից եւ ներկայացնել սեփական փորձը»,- ասել է UWC Dilijan քոլեջի համահիմնադիր եւ տնօրենների խորհրդի նախագահ Վերոնիկա Զոնաբենդը:

 

«Ամեն մարդ յուրահատուկ է, իր արժեքներն ունի, իրավունք ունի հպարտանալու իրենով, իր պատմությամբ, ծագմամբ։ Պետք է կարողանալ դա հարգել, նույնիսկ եթե հայացքները տարբեր են, պետք է կարողանալ գտնել ընդհանուր նպատակներ», - նկատել է Վերոնիկա Զոնաբենդը:

 

Common Purpose կազմակերպության հիմնադիր եւ գործադիր տնօրեն Ջուլիա Միդլթոնն էլ ասել է, որ «Diaspora Dialogues-ը եզակի հնարավորություն է համախմբելու բացառիկ առաջնորդների, որոնք իրենց կյանքի ընթացքում

գործել են՝ հաղթահարելով սահմանները»:

 

Diaspora Dialogues-ի մասնակիցները կրթության, գործարարության, բարեգործության, նորարարության բնագավառների, քաղաքացիական հասարակության եւ հումանիտար կազմակերպությունների ներկայացուցիչներ են:

 

RVVZ հիմնադրամի համաշխարհային մակարդակի բարեգործական ծրագրերի պատասխանատու Պիեռ Գյուրջյանը կարեւորել է նման միջոցառման անցկացումը  մեծ սփյուռք ունեցող Հայաստանում:

 

«Մենք միայնակ չենք, կան այլ ազգեր, որոնք մեծ սփյուռք ունեն, եւ հետաքրքիր է ծանոթանալ այդ սփյուռքների ձեւավորման պատմությանը, անցած ճանապարհին։ Շատ կարեւոր է իրենց միավորել այստեղ, Հայաստանում։ Սփյուռքները պետք է կամուրջներ լինեն իրենց ծագման եւ այն երկրների միջեւ, որտեղ ապրում են։ Այդ կամուրջների ստեղծումը ե՛ւ դժվար է, ե՛ւ հեշտ, բայց դրանց դերը շատ կարեւոր է»,- ասել է նա:

 

Մարի Թարյան

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին