Միջազգային փորձագետներ՝ «Նաիրիտում» խոշոր աղետի վտանգ չկա - Mediamax.am

4772 դիտում

Միջազգային փորձագետներ՝ «Նաիրիտում» խոշոր աղետի վտանգ չկա


Լուսանկարը` Photolure


Երեւան: Մեդիամաքս: «Նաիրիտ» գործարանում առկա քիմիական նյութերի վերաբերյալ ուսումնասիրություններ իրականացնող եվրոպական փորձագետների խումբը ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Դավիթ Տոնոյանին ներկայացրել է կատարված աշխատանքի ամփոփիչ զեկույցը:

Սեպտեմբերի 22-ին կայացած հանդիպմանը ներկա էին նաեւ Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Բրեդլի Բուզետտոն, ՄԱԿ-ի տարբեր գործակալությունների եւ «Նաիրիտ» գործարանի ներկայացուցիչները:

 

Ուսումնասիրությունների ընթացքում փորձագետները ծանոթացել են գործարանում իրականացված արտադրության տեխնոլոգիաներին, ուսումնասիրել առկա տարբեր քիմիական նյութերի ծավալը, վիճակը, դրանց պահպանության պայմանները, տարաներն ու պահեստարանները ռիսկերն ու հնարավոր ազդեցությունը մարդկանց եւ շրջակա միջավայրի վրա, ինչպես նաեւ իրականացրել առկա նյութերի մանրամասն գույքագրում եւ դասակարգում:

 

Փորձագիտական խմբի անդամների եզրակացությամբ «Նաիրիտ» գործարանում խոշոր աղետի սպառնալիք չկա: Միջազգային փորձագետներն առաջարկում են տեղում ապահովել ժամանակավոր պահպանման ենթակա նյութերի պատշաճ պիտակավորում, ժամանակակից վերափաթեթավորում, համապատասխան պահեստարաններում պահպանություն եւ կառավարում (քիմիական վտանգավոր նյութերի պահպանման, վերամշակման եւ ոչնչացման արդիական տարբերակներ)՝ հնարավոր աղետի ռիսկը նվազեցնելու նպատակով: 

 

Դավիթ Տոնոյանը շնորհակալություն է հայտնել ՄԱԿ-ի գրասենյակին եւ միջազգային փորձագետներին՝ ընդգծելով, որ ԱԻՆ առաջնահերթ խնդիրն այդ տարածքն անվտանգ դարձնելն է:

 

Բրեդլի Բուզետտոն վստահեցրել է, որ իրենց աջակցությունը շարունակական է լինելու, եւ առաքելության ավարտից հետո եւս փորձագետները մշտապես հասանելի կլինեն լրացուցիչ խորհրդատվության համար:

 

Փորձագիտական եզրակացությունը ներկայացվելու է նաեւ ՄԱԿ-ի մարդասիրական գործերը համակարգող գրասենյակին (Հայաստանում եւ Ժնեւում, UN OCHA) եւ հիմք է հանդիսանալու խնդրին հիմնավոր լուծում տալու նպատակով տեխնիկական առաջադրանքներ մշակելու համար:

 

 

 

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին