Երեւան: Մեդիամաքս: «Ոսկե ծիրան» Երեւանի միջազգային կինոփառատոնն այս տարի կհյուրընկալի օսկարակիր ռեժիսոր Հյու Հադսոնին:
Անվանի ռեժիսորը Երեւան կայցելի Հայաստանում Բրիտանական խորհրդի աջակցությամբ: Նրա օսկարակիր «Հրե անվակառքեր» ֆիլմով էլ հուլիսի 9-ին կմեկնարկի Play UK բրիտանական կինոյի շաբաթը: Փառատոնի ընթացքում նախատեսվում է Հյու Հադսոնի եւս մի քանի ֆիլմի ցուցադրություն, հանդիպում-քննարկումներ: Ռեժիսորը կնախագահի նաեւ փառատոնի խաղարկային մրցույթի ժյուրին:
Փառատոնի առաջին տարիներից իսկ Հայաստանում Բրիտանական խորհրդի եւ «Ոսկե ծիրան»-ի միջեւ ձեւավորված համագործակցությունն այս տարի ընդլայնվել է:
Բրիտանական ֆիլմեր ցուցադրվելու են փառատոնի ամբողջ ընթացքում:
«Ցուցադրվելու են վերջին տարիներին Մեծ Բրիտանիայում նկարահանված փաստագրական ֆիլմերը: Դրանք բազմաբովանդակ են, տարբեր թեմաների են անդրադառնում, օրինակ՝ բնապահպանական, եւ ցույց են տալիս, որ աշխարհը փոխելու համար բավական է մարդկանց մի փոքր խումբ, որը նվիրված է իր գաղափարին եւ պատրաստ է տարիներ շարունակ պայքարել դրա համար: Կան նաեւ մարդու իրավունքներն արծարծող ֆիլմեր, որոնք շատ քաջալերող են եւ ուղերձ ունեն, որ մարդ երբեք չպետք է դադարի երազել»,- ասել է Բրիտանական խորհրդի հայաստանյան գրասենյակի ղեկավար Արեւիկ Սարիբեկյանը:
Play UK բրիտանական կինոյի շաբաթի շրջանակում Հայաստան կժամանի նաեւ բեմագրության ոլորտի բազմափորձ մասնագետ Մերիլին Միլգրոմը, որը ֆիլմ վաճառելու հմտությունների մասին եռօրյա դասընթաց կվարի:
«Մենք նախագծերի մրցույթ էինք հայտարարել: Ընտրել ենք 12-14 նախագիծ, որոնց հեղինակները կմասնակցեն ինտենսիվ դասընթացների՝ ինչպես զարգացնել պրոյեկտը, ինչպես դրանք ներկայացնել միջազգային շուկայում՝ ֆինանսավորում գտնելու համար»,- ասել է «Ոսկե ծիրան»-ի գեղարվեստական տնօրեն Սուսաննա Հարությունյանը:
Ի տարբերություն նախորդ տարիների, այս անգամ բրիտանական ֆիլմերը «Մոսկվա» կինոթատրոնից բացի, կցուցադրվեն Սիրահարների այգում, «Գաֆէսճեան» արվեստի կենտրոնում եւ Ազատության հրապարակում:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: