Երկու տարում ԵՄ-ն ՀՀ-ում մոտ €22 մլն-ի դրամաշնորհների մրցույթ է հայտարարել - Mediamax.am

5653 դիտում

Երկու տարում ԵՄ-ն ՀՀ-ում մոտ €22 մլն-ի դրամաշնորհների մրցույթ է հայտարարել


Պյոտր Սվիտալսկի
Պյոտր Սվիտալսկի

Լուսանկարը` PAN Photo


2015 թ-ից Եվրամիությունը հայաստանյան հասարակական կազմակերպությունների համար հայտարարել է €21,822 մլն ընդհանուր բյուջեով դրամաշնորհների հայտամրցույթներ։

 

«Այդ հայտամրցույթների շրջանակներում իրականացվող ծրագրերի մի մասն արդեն ավարտվել է, որոշները դեռեւս իրականացման, իսկ մնացածներն այժմ գնահատման կամ պայմանագրերի ստորագրման փուլերում են»,- Մեդիամաքսին հայտնել են Հայաստանում Եվրոպական միության պատվիրակությունից՝ հավելելով, որ հատկացվելիք գումարի չափը նախորդ տարիների համամատ աճել է։

 

ԵՄ-ն հասարակական կազմակերպություններին ֆինանսավորելու տարեկան բյուջե չի կազմում, փոխարենը՝ իրականացնում է բազմամյա ֆինանսավորում։

 

 «Վերջին 4 տարիների ընթացքում Եվրոպական Միությունն աջակցել է ավելի քան 150 հասարակական կազմակերպությունների՝ Հայաստանում աղքատության մակարդակի նվազեցման, գործարար միջավայրի բարելավման եւ մարդու իրավունքների առաջմղման նպատակով։ Այս ծրագրերի միջոցով 4000 հաշմանդամ երեխաներ առողջապահական խնամքի եւ կրթության հնարավորություն են ստացել, 2000 ընտանեկան եւ սեռով պայմանավորված բռնությունների զոհեր աջակցություն են ստացել, իսկ 90 կին վերապատրաստման դասընթացներից հետո ընտրվել է տեղական ինքնակառավարման մարմիններում»,- տեղեկացրել են Հայաստանում ԵՄ պատվիրակությունից։

 

Նոր ծրագրեր

 

Քաղաքացիական հասարակության կարողությունների զարգացման համար ԵՄ-ն Հայաստանում մի քանի նոր ծրագրեր է իրականացվում։

 

«ԵՄ ֆինանսավորմամբ իրականացվող ծրագրերը հիմնականում կենտրոնացած են Հայաստանում սոցիալական ձեռնարկատիրության զարգացման եւ գործարար միջավայրի բարելավմանը, սակայն քաղհասարակության կարողությունների զարգացումը եւս կարեւոր է»,- նշել են ԵՄ գրասենյակում։

 

Իրականացվող ծրագրերը նպատակ ունեն տարբեր թրեյնինգների, ինչպես նաեւ հայկական Սփյուռքի փորձի ավելի լայն օգտագործման միջոցով զարգացնել քաղաքացիական հասարակայնության կարողությունները տարբեր ոլորտներում։

 

«Ծրագրերից մեկը իրականցվում է Հայկական բարեգործական ընդհանուր միության կողմից, որը օգտագործելով together4armenia.am հարթակը՝ կբարձրացնի Հայաստանում Սփյուռքի ներգրավվածությունը»,-հայտնել են ՀՀ-ում ԵՄ պատվիրակությունից։

 

Մեկ այլ կարողությունների զարգացան ծրագիր է STRONG-ը, որի շրջանակում հայաստանյան հասարակական կազմակերպությունների համար վերապատրաստման դասընթացներ են կազմակերպվում՝  նրանց կազմակերպչական եւ ֆինանսական կարողությունները բարելավելու, գործունեությունը կայունացնելու եւ աշխատանքի արդյունավետությունը բարձրացնելու նպատակով։

 

Ընթացիկ ծրագրեր

 

Ապրիլի սկզբին Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Պյոտր Սվիտալսկին հայտնել էր, որ €1,5 մլն ընդհանուր բյուջեով դրամաշնորհային ծրագիր է մեկնարկում։ Նրա խոսքով, «մեր ընդհանուր արժեքներին վերաբերող սոցիալական եւ վարքագծային փոփոխությունների հասնելու հիմնաքարը քաղաքացիների ներգրավումն է»։

 

Եվրոպական Միությունն այժմ իրականացնում է շուրջ 25 ծրագիր՝ անմիջական աջակցություն ցուցաբերելով հայաստանյան ՀԿ-ներին եւ քաղաքացիական հասարակությանը։ Վերջին տարիներին իրականացվող այս ծրագրերի ընդհանուր բյուջեն կազմում է ավելի քան €15.3 միլիոն։ Դրանց հիմնական նպատակն է ուժեղացնել Հայաստանում քաղաքացիական հասարակության ձայնն ու ազդեցությունը։

 

Թագուհի Հովհաննիսյան

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին