Հայաստանը Վենետիկի բիենալեում կներկայացնի երեք արվեստագետ - Mediamax.am

8908 դիտում

Հայաստանը Վենետիկի բիենալեում կներկայացնի երեք արվեստագետ


Լուսանկարը` ՀՀ մշակույթի նախարարություն

Լուսանկարը` ՀՀ մշակույթի նախարարություն

Լուսանկարը` ՀՀ մշակույթի նախարարություն

Լուսանկարը` ՀՀ մշակույթի նախարարություն

Լուսանկարը` ՀՀ մշակույթի նախարարություն


Երեւան: Մեդիամաքս: Հայաստանը կմասնակցի մայիսի 13-ից նոյեմբերի 26-ը Վենետիկում կայանալիք Viva Arte Viva խորագրով արվեստի միջազգային 57-րդ բիենալեին:

Հայաստանը բիենալեում կներկայացնեն երեք արվեստագետներ՝ Ռաֆայել Մեգալը (Մելիքյան), Ժան Պողոսյանը եւ Միրո Պերսոլյան:

 

Մայիսի 11-ին Վենետիկի Մուրադ Ռաֆայելյան վարժարանում կբացվի հայաստանյան տաղավարը: Միաժամանակ, ցուցադրություն կգործի հայկական Սուրբ Խաչ եկեղեցում: 87 երկրների արվեստագետների կողքին Հայաստանի մասնակիցները հանդես կգան առանձին ցուցադրություններով՝ ներկայացնելով իրենց մոտեցումները «Կեցցե կենդանի արվեստը» խորագրի ներքո:

 

Ռաֆայել Մեգալը «Հովազներն իմ ծաղկած այգում» ցուցադրությունում ընդգրկված 15 աշխատանքներն արել է բիենալեին ներկայացնելու համար: Հովազը, սակայն, նրա արվեստում հաճախ հանդիպող կերպար է: Կտավի վրա արված 12 եւ փայտի 3 աշխատանքների համար նույնիսկ բնորդ է ունեցել՝ 4-ամսական հովազ:

 

«Այգին ինձ համար եդեմական պարտեզն է, որը խորհրդանշում է Հայաստանը: Հովազը ժողովուրդն է, որն այդ այգում ապրում է շատ ներդաշնակ, բայց անհրաժեշտության դեպքում կարող է չափազանց վտանգավոր լինել: Այգին ամբողջովին պատված է ծաղիկներով, բույսերով, որոնց պատկերման համար ես նոր մատուցմամբ օգտագործել եմ հայկական զարդանախշեր: Արվեստը կենդանի է դառնում մարդ-բնություն փոխհարաբերության մեջ»,- ասել է Ռաֆայել Մեգալը:

 

Լիբանանահայ, ներկայում Բրյուսելում բնակվող նկարիչ եւ քանդակագործ Ժան Պողոսյանը բիենալեին ներկայացնելու է «Անշեջ կրակ» խորագրով ցուցադրությունը, որում ընդգրկված աշխատանքներն արել է կրակի, զոդող լամպի օգնությամբ:

 

Հայաստանը ներկայացնող երրորդ արվեստագետը սլովենացի է, բնակվում է Իտալիայում: Անցյալ տարի Միրո Պերսոլյան Հայաստանի ազգային պատկերասրահում անհատական ցուցահանդես է ունեցել՝ ապակու, կտավի եւ այլ նյութերի վրա արված գունագեղ աշխատանքներով: Հայաստանի տաղավարը ներկայացնող Սվետլանա Սահակյանն ասել է, որ ընտրված 3 արվեստագետների ստեղծագործությունները լավագույնս արտահայտում են բիենալեի հիմքում դրված գաղափարը:

 

«Ժամանակակից արվեստը պետք է լինի կյանքի անմիջական արտահայտությունն ու շարունակությունը: Նպատակը պետք է լինի ժամանակակից արվեստի միջոցով պահպանել, կենդանացնել, ապրեցնել ժամանակակից կյանքը եւ նրա բոլոր դրսեւորումները: Մեր երեք արվեստագետներին միավորողը մարդու եւ բնության կապն է, ներդաշնակությունը»,- ասել է Սվետլանա Սահակյանը:

 

Հայաստանը վերջին տարիներին ակտիվորեն մասնակցում է Վենետիկում անցկացվող արվեստի եւ ճարտարապետական բիենալեներին: 2015թ. Հայաստանի տաղավարն արժանացել էր «Ոսկե առյուծ» գլխավոր մրցանակին:

 

 

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին