Մարտի 17-ին Երեւանում տրվեց «Հայաստանաբնակ կարիքավոր սիրիահայերի բժշկական աջակցություն» ծրագրի մեկնարկը, որի նախաձեռնողն ու աջակիցը Իզմիրլյան հիմնադրամն է: Ծրագիրը համաֆինանսավորվում է Իզմիրլյան հիմնադրամի եւ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի կողմից: Ծրագիրն իրականացնելու է Իզմիրլյան բժշկական կենտրոնը, իսկ գործընկեր կառույցներն են ՀՀ Սփյուռքի նախարարությունը, Հայկական բարեգործական ընդհանուր միությունը (ՀԲԸՄ), «Սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող կենտրոն» հասարակական կազմակերպությունը, «ՀԱԼԷՊ» հայրենակցական բարեսիրական հասարակական կազմակերպությունը:
Մեդիամաքսը դիմեց Իզմիրլյան հիմնադրամի հայաստանյան գրասենյակի տնօրեն Լուսինե Գալաջյանին` ծրագրի մանրամասներին տեղեկանալու համար:
Նրա փոխանցմամբ, ծրագրի գլխավոր նպատակն է աջակցել սիրիահայերի ինտեգրմանը Հայաստանում: «Երբ մարդը ստիպված լքել է իր բնակության վայրը, աշխատանքի եւ կենցաղի հետ կապված հարցեր ունի, առողջական խնդիրների առկայությունը մեծ բեռ է դառնում, որը խանգարում է ինտեգրմանը: Մեզ դիմում էին Սփյուռքի նախարարությունից, ՀԿ-ներից` խնդրելով աջակցել, որ Սիրիայից ժամանած մեր հայրենակիցները բուժում ստանան Իզմիրլյան բժշկական կենտրոնում: Ի վերջո, եկանք այն որոշմանը, որ այդ աջակցությունը պետք է համակարգային բնույթ ստանա եւ այդպես ծնվեց ծրագիրը», - պատմում է Լուսինե Գալաջյանը:
Ծրագիրը նախատեսված է Սիրիայից Հայաստան եկած մեր այն հայրենակիցների համար, որոնք 16 տարեկանից բարձր են եւ կարիքավոր են համարվում: «Մեր ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ սիրիահայ երեխաների բժշկական սպասարկման հետ կապված խնդիրներ Հայաստանում գրեթե չկան: Դրանք հիմնականում լուծվում են պետպատվերի շրջանակում, բացի այդ, օրինակ, տեսողական եւ ատամնաբուժական խնդիրների լուծմանը օգնում է Կարագյոզյան հիմնադրամը», - նշում է Իզմիրլյան հիմնադրամի հայաստանյան գրասենյակի տնօրենը: Այդուհանդերձ, նկատում է նա, եթե լինեն սիրիահայ երեխաների առողջության հետ կապված արտառոց եւ շտապ միջամտություն պահանջող դեպքեր, հիմնադրամը կփորձի աջակցություն ցուցաբերել:
Ինչպե՞ս է որոշվում կարիքավորության աստիճանը եւ որտե՞ղ պետք է դիմեն սիրիահայերը`ծրագրի շրջանակում բուժում ստանալու համար: Լուսինե Գալաջյանի տեղեկացմամբ, շահառուները պետք է դիմեն Սփյուռքի նախարարություն եւ/կամ «Սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող կենտրոն» եւ «ՀԱԼԷՊ» հասարակական կազմակերպություններին: Այնտեղ նախ կպարզեն` արդյ՞ոք առկա առողջական խնդիրները ենթակա չեն լուծման պետպատվերի շրջանակում: Եթե պատասխանը բացասական է, սիրիահայերին կառաջարկեն լրացնել հարցաթերթիկ, որին հիման վրա էլ որոշվելու է կարիքավորության աստիճանը:
«Հարցաթերթիկներից բացի, մենք ակնկալում ենք կարծիքներ ստանալ վերը նշված երկու ՀԿ-ներից, քանի որ նրանք չափազանց լավ են ճանաչում սիրիահայ համայնքը», - նկատում է մեր զրուցակիցը:
Ծրագրի գործընկեր ՀԲԸՄ-ն բժշկական օգնություն է տրամադրում Սիրիայից եկած հայերին «Քլոտիա Նազարեան» բժշկական կենտրոնի միջոցով, որտեղ աշխատում են բացառապես սիրիահայ բժիշկներ, որոնք առաջնային օգնություն տրամադրելուց հետո, անհրաժեշտության դեպքում, հիվանդներին կուղղորդեն Իզմիրլյան բժշկական կենտրոն:
Լուսանկարը` Իզմիրլյան հիմնադրամ
Ծրագրի բյուջեն կազմում է 150 հազար ԱՄՆ դոլար, որից 100 հազարը հատկացրել է Իզմիրլյան հիմնադրամը, 50 հազարը` Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը: Իր հերթին, Իզմիրլյան բժշկական կենտրոնը իր ծառայությունները կմատուցի մինչեւ 45 տոկոս զեղչով` հրաժարվելով իր եկամտից: Կենտրոնի մասնագետների հաշվարկը վկայում է, որ հատկացված բյուջեով «Հայաստանաբնակ կարիքավոր սիրիահայերի բժշկական աջակցություն» ծրագիրը կարող է գործել մոտ 1.5 տարի:
Քանի որ Իզմիրլյան բժշկական կենտրոնում սրտանոթային վիրահատություններ չեն կատարվում, նման հիվանդությունների դեպքում ծրագիրն աջակցություն տրամադրել չի կարող: Սակայն, վստահեցնում է Լուսինե Գալաջյանը, կան պայմանավորվածություններ ՀԲԸՄ-ի եւ Ավետարանչական եկեղեցու հետ, որ եթե սրտանոթային վիրահատությունների անհապաղ կարիք լինի, այդ հաստատությունները, ինչպես եւ նախկինում, օգնություն կտրամադրեն սիրիահայերին:
«Սիրիայից ժամանած մեր հայրենակիցների բնակության վայրի հետ կապված եւ կրթական կարիքները հիմնականում լուծված են պետության, բարեգործական եւ միջազգային կառույցների ծրագրերի շնորհիվ: Կարծում եմ, որ առողջապահական ծրագիրը, որն իրագործում ենք գործընկերների հետ, կնպաստի, որ սիրիահայերի ինտեգրումը Հայաստանում ավելի դյուրին դառնա եւ այդ մարդիկ իրենց ավելի վստահ զգան», - նշել է Լուսինե Գալաջյանը: Նա տեղեկացրել է, որ ցանկության դեպքում նախաձեռնությանը կարող են միանալ նաեւ այլ դոնորներ, որոնց հետ Իզմիրլյանը հիմնադրամը պատրաստ է քննարկումների:
Արա Թադեւոսյան
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: