Աբովյան 1/1 հասցեով շենքն արժեքավոր է մի քանի առումով. կառուցվել է 1914 թվականին,1921 թվականին այստեղ է ապրել Հովհաննես Թումանյանը: Այսուհետ շենքը կնշանավորվի նաեւ Տիկնիկների պատկերասրահով:
Մարտի 21-ը տիկնիկագործի միջազգային օրն է: Որպես նվեր տիկնիկ պատրաստողներին եւ տիկնիկասերներին՝ Երեւանում դռներն է բացել մեր երկրում եզակի մշակութային օջախը: Ներկայացված է շուրջ 300 տիկնիկ՝ տարբեր ոճերի, չափսերի, պատրաստման նյութի, տարիքի ու ազգության:

Լուսանկարը` Photolure
Սրահներից մեկում միայն հայկական ծիսական, ավանդական տիկնիկներն են, երկրորդ սրահի «բնակիչները» բազմաոճ են: Առաջին այցելուները հնարավորություն են ունեցել դիտելու 16 հայ տիկնիկագործի եզակի ու չկրկնվող ձեռքի աշխատանքները: Պատկերասրահն արդեն ստացել է առաջին մեծ նվերը. ամերիկաբնակ Ալիս Նավասարգյանը պատկերասրահին է հանձնել իր՝ շուրջ 200 տիկնիկներից կազմված արժեքավոր հավաքածուն:
Պատկերասրահի գեղարվեստական ղեկավար Մարինա Խաչմանուկյանը նշել է, որ մշակույթի նորաբաց օջախն արվեստի յուրահատուկ հարթակ է դառնալու, որտեղ իրականացվելու են կրթական, մշակութային, ժամանցային ծրագրեր: Ցուցադրությունը պարբերաբար փոխվելու է՝ հնարավորություն տալով հայաստանցի եւ սփյուռքահայ տիկնիկագործներին ներկայացնելու իրենց աշխատանքները: Նա հույս է հայտնել, որ պատկերասրահի շնորհիվ կփոխվի տիկնիկի նկատմամբ վերաբերմունքը. այն կընկալվի որպես դեկորատիվ-կիրառական արվեստի ինքնուրույն ուղղություն եւ ոչ թե պարզ խաղալիք կամ հուշանվեր:

Լուսանկարը` Մեդիամաքս
«Բոլոր տիկնիկները շատ հետաքրքիր եւ կարեւոր են: Նրանք խոսող տիկնիկներ են: Սա պատկերասրահ է՝ սրահ, որտեղ հավաքված են ոչ թե տիկնիկներ, այլ՝ պատկերներ, կերպարներ, ամեն մեկն ունի իր պատմությունը, հոգեբանությունը: Ես ուզում եմ, որ մենք տիկնիկին մոտենանք որպես արվեստի գործի»,- նշել է Մարինա Խաչմանուկյանը:
Պատկերասրահի այցելուները երկար էին կանգնում հատկապես իրենց ծանոթ կերպարների՝ Մհեր Մկրտչյանին, Գալյա Նովենցին, Վլադիմիր Պուտինին, Շառլ Ազնավուրին, Հովհաննես Պողոս Երկրորդ Պապի եւ այլ հայտնիների տիկնիկների առջեւ: Ռեժիսոր, նկարիչ Արամ Օհանյանն իր պատրաստած տիկնիկները հանրությանը ներկայացնում է առաջին անգամ:

Լուսանկարը` Photolure
«Յուրաքանչյուր տիկնիկի պատրաստման համար աշխատում եմ 1 ամսից ոչ պակաս: Ամեն տիկնիկի հետ ապրել եմ այդ մեկ կամ մեկ ու կես ամիսը, մինչեւ իրեն դարձրել եմ իմ ուզած մարդուկը»:

Լուսանկարը` Մեդիամաքս
Պատկերասրահը բացվել է պետության եւ մասնավորի համագործակցությամբ: Ներդրվել է 60 հազար դոլար: Մշակույթի նախարար Արմեն Ամիրյանն ասել է, որ պատկերասրահը շուտով կհամալրվի նոր հավաքածուներով, եւ հնարավոր է՝ շրջագայի մարզերում եւ արտերկրում: Կիսելով հավաքվածների ոգեւորությունը՝ նախարարը մի առակ է հիշել. «3 եղբայր գնում են եւ հանդիպում մի խորը փոսի, որի մեջ նստած է երջանկությունը: Առաջին եղբայրը երջանկությունից խնդրում է շատ փող: Երջանկությունը տալիս է: Երկրորդ եղբայրը խնդրում է գեղեցիկ կին: Երջանկությունը տալիս է, եւ եղբայրը, երջանկությունից գլուխը կորցրած, գնում է: Երրորդ եղբայրը կռանում է ու երջանկությանն ասում՝ ի՞նչ կարող եմ անել քեզ համար: Երջանկությունը խնդրում է իրեն դուրս հանել փոսից: Դուրս հանելով՝ երրորդ եղբայրը շրջվում եւ հեռանում: Երջանկությունը գնում է նրա հետեւից: Ես կարծում եմ, որ այս թանգարանը հենց այդ երջանկությունն է, որին մենք փոսից հանել ենք եւ մեր հետեւից գալու է»:
Լուսինե Ղարիբյան
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: