ԵՄ հետ նոր համաձայնագիրը կնպաստի ավիատոմսերի էժանացմանը - Mediamax.am

Փետրվար 20, 2026
exclusive
4943 դիտում

ԵՄ հետ նոր համաձայնագիրը կնպաստի ավիատոմսերի էժանացմանը


Պյոտր Սվիտալիսկին եւ Գարեգին Մելքոնյանը
Պյոտր Սվիտալիսկին եւ Գարեգին Մելքոնյանը

Լուսանկարը` Photolure


Երեւան: Մեդիամաքս: Հայաստանի տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարի առաջին տեղակալ Գարեգին Մելքոնյանն ասել է, որ Եվրոպական միության հետ ընդհանուր ավիացիոն գոտու մասին համաձայնագիրը ենթադրում է մի շարք կարգավորումների ազատականացում:

«Ավիացիոն ծառայություններ իրականացնելիս ավիաընկերությունները կգործեն հնարավորինս լիբերալ դաշտում, կաշկանդված չեն լինի թույլտվություններով եւ պետական ավիացիոն մարմինների հետ համաձայնեցումներով: Այսինքն՝ շուկայի ուսումնասիրություններում ավելի ինքնուրույն որոշումներ կկայացնեն»,-ասել է Գարեգին Մելքոնյանը Մեդիամաքսի հետ զրույցում:

 

Նրա խոսքով՝ «համաձայնագրի առկայությունը կբերի Հայաստանի ավիացիոն շուկայում մրցակցության բարձրացմանը, ինչն էլ ենթադրում է ավիատոմսերի էժանացում»:

 

Գարեգին Մելքոնյանի փոխանցմամբ՝ բացի ազատականացումից համաձայնագիրը որոշ կարգավորումների ոլորտում նախատեսում է համապատասխանեցում եվրոպական չափանիշների հետ, ինչը ԵՄ ավիափոխադրողների համար Հայաստանը կդարձնի ավելի ընկալելի եւ համընդհանուր կարգավորում ունեցող երկիր:

 

Խոսելով ժամկետների մասին՝ փոխնախարարը կարծիք է հայտել, որ բանակցությունները հնարավոր կլինի ավարտել մի քանի ամսում:

 

Հարցին, թե այս համաձայնագրի առկայությունը կնպաստի՞ Հայաստանում lօw-cost ընկերությունների ավելացմանը, Գարեգին Մելքոնյանը պատասխանել է.

«Կարծում եմ, այս մասով նույնպես հետաքրքրությունը կավելանա: Ավիաընկերությունները իրենց հաշվարկները իրականացնելիս կիմանան, որ գործելու են ավելի ազատ կարգավորում ունեցող շուկայում»:

 

ՀՀ կառավարությանն առընթեր Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունը դեկտեմբերի 6-ին հայտնել էր, որ «առաջիկայում նախատեսվում է ձևավորել բանակցային խմբեր»:

Հավատո՞ւմ եք, որ ավիատոմսերը կէժանանան:




Մեր ընտրանին