Երեւան: Մեդիամաքս: ՀՀ առողջապահության նախարարությունը հորդորել է մանկական հաստատությունների կազմակերպությունների ղեկավարներին հնարավորինս բացառել հիվանդ երեխաների մուտքը դպրոց եւ մանկապարտեզ՝ սուր շնչառական վարակների հետագա տարածումը կանխելու եւ բարդություններից խուսափելու համար:
Այս մասին ասված է նախարարության տարածած հաղորդագրությունում, ըստ որի` հանրապետությունում վերջին մեկ ամսում շրջանառվում են գրիպի Ա տեսակի H3 ենթատեսակն ու այլ շնչառական վարակների հարուցիչներ:
Նախարարության իրականացրած օրական մշտադիտարկման արդյունքներով` այս օրերին սուր շնչառական վարակների ակտիվացում դիտվում է հատկապես մանկահասակ երեխաների շրջանում, ինչն էլ պատճառ է մանկական հիվանդանոցների ծանրաբեռնված աշխատանքի:
«Հիվանդանոցներում հետգրիպային բարդություններով պայմանավորված ծանր թոքաբորբերով՝ թոքերի արհեստական սարքավորումների ներքո հիվանդներ չկան: Աշխատանքներ են տարվում առանձին հիվանդանոցների ծանրաբեռնվածությունը նվազեցնելու նպատակով հիվանդների հոսքն ուղղորդելու ուղղությամբ»,- ասված է հաղորդագրությունում:
Ներկայում մանկական նախադպրոցական կազմակերպություններում եւ դպրոցներում իրականացվում է կանխարգելիչ ֆիլտր:
Վերջինիս նպատակն է գրիպանման երեւույթներով երեխաներին չթույլատրել հաճախելու դպրոց կամ մանկապարտեզ` խուսափելու նրանց առողջական վիճակի բարդացումից, ինչպես նաեւ այլ երեխաների համար վարակի աղբյուր դառնալուց:
Միայն նոյեմբերի 21-ին հանրապետությունում իրականացված կանխարգելիչ ֆիլտրի արդյունքում հայտնաբերված հիվանդ վիճակում հաճախած մոտ 1800 երեխա տուն է ուղարկվել, նրանց տվյալները փոխանցվել են պոլիկլինիկական կազմակերպություններին՝ բժշկական հսկողություն սահմանելու համար:















Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: