«Ավրորա» մրցանակի $ 1 մլն-ը՝ փախստական երեխաներին եւ որբերին - Mediamax.am

8316 դիտում

«Ավրորա» մրցանակի $‌ 1 մլն-ը՝ փախստական երեխաներին եւ որբերին


Լուսանկարը` Aurora Prize


Երեւան: Մեդիամաքս: «Ավրորա» անդրանիկ մրցանակի 1 միլիոն դոլարի նվիրատվությունն ուղղվելու է Ռուանդայում, Եթովպիայում, Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում եւ Բրազիլիայում իրականացվող նախագծերին՝ պայքարելու մանկական աղքատության դեմ եւ նպաստելու փախստական երեխաներին ու որբերին ցուցաբերվող աջակցությանը։

«Ավրորա» մրցանակի դափնեկիր, Բուրունդիի REMA հիվանդանոցի եւ Խաղաղության Տան (Maison Shalom) հիմնադիր Մարգարիտ Բարանկիցեն այս տարի ստացավ 100,000 ԱՄՆ դոլարի պարգեւ եւ առավել ազդեցություն գործելու հնարավորություն՝ 1 միլիոն դոլարի դրամաշնորհի առաջադրելով իրեն գործի մղած եւ ոգեշնչած մարդասիրական կազմակերպություններին։

 

Բարանկիցեն ընտրեց իր գործընկերներին՝ «Բրիդերլեխ Դելեն» (Լյուքսեմբուրգ), «Ժան-Ֆրանսուա Պետերբրոկ» եւ Լյուքսեմբուրգի Մեծ Դքսի եւ Մեծ Դքսուհու հիմնադրամներին, որոնք այսօր հայտարարեցին այն նախագծերի անունները, որոնց կուղղվի մրցանակի ֆինանսական աջակցությունը։

 

««Ավրորա» մրցանակը յուրահատուկ է նրանով, որ հնարավորություն է տալիս ինձ կիսելու պարգեւը՝  ինձ շատ հուզող հիմնահարցերի լուծման համար,- ասել է Մարգարիտ Բարանկիցեն,- մրցանակի միջոցով մենք կարող ենք աշխարհի տարբեր կողմերում ապրող երեխաներին իսկապես ցույց տալ սիրո եւ բարության զորությունն ընդդեմ ատելության ու դաժանության»։

 

Լյուքսեմբուրգի Մեծ Դքսի եւ Մեծ Դքսուհու հիմնադրամը դրամաշնորհի իր բաժինը կուղղի Եգիպտոսից Եթովպիա գաղթած էրիտրեացի 200 փախստականների օժանդակությանը։ Այս նախագծի նպատակն է պաշտպանել երիտասարդներին թրաֆիքինգից եւ բանտարկությունից, իրականացնել մասնագիտական վերապատրաստում եւ կառուցել կրթական կենտրոն, որտեղ կարող են սովորել տարեկան առնվազն 200 փախստականներ։

 

 

«Ավրորա» մրցանակը կօժանդակի նաեւ «Ժան-Ֆրանսուա Պետերբրոկ» հիմնադրամին՝ աջակցելու լքված, բռնությունից եւ այլ դժվարություններից տուժած երիտասարդ կանանց ու աղջիկներին վերաինտեգրման, կրթական եւ տնտեսական-վերականգնողական աջակցության հնարավորություններ ընձեռելու միջոցով։

 

«Բրիդերլեխ Դելեն» հիմնադրամը նախատեսում է դրամական միջոցներն ուղղել Ռիո դե Ժանեյրոյի առավել աղքատ թաղամասերի երիտասարդ բնակիչներին կրթության հնարավորություններ ընձեռելուն։ Իրականացվելու է 100 երեխաների եւ 67 մեծահասակների համար քաղաքացիական կրթության ծրագիր՝ հմտություններ, որոնք անհրաժեշտ են թմրանյութի թրաֆիքինգի ծուղակներից պաշտպանվելու համար։ Ռուանդայի կաթոլիկ թեմի հետ համատեղ՝ նրանք միջոցներ կուղղեն նաեւ դպրոցական ենթակառուցվածքների բարելավմանն ու արդիականացմանը՝ վերանորոգելով դասարանները, գրասենյակները եւ սանհանգույցները:

 

Երեք կազմակերպությունները շարունակելու են աջակցել Մարգարիտ Բարանկիցեի «Խաղաղության Տանը», որը կրթական եւ արհեստագործական վերապատրաստման միջոցով սոցիալ-տնտեսական օժանդակություն է ցուցաբերում Ռուանդայում բուրունդացի փախստականներին՝ վերականգնելով որբերի, փողոցում կամ բանտում հայտնված երեխաների եւ աղքատ ընտանիքների զավակների արժանապատվությունը։

 

Մարգարիտ Բարանկիցեն «Խաղաղության Տունը» հիմնել է 1993թ.` դառնալով 25 որբերի խնամակալ, եւ  մինչ օրս աջակցել է 30,000 որբերի եւ կարիքավոր երեխաների։

 

«Մենք մեծ բավականություն ենք զգում՝ տեսնելով, որ «Ավրորա» անդրանիկ մրցանակն իրական եւ էական փոփոխություն է բերում աշխարհի տարբեր երկրների ամենակարիքավոր համայնքներին: «Ավրորա» մրցանակը՝ որպես նախաձեռնության մի մաս, ստեղծվել է միանալու աշխարհում կատարվող բացառիկ գործերին՝ որպիսին է Մարգարիտ Բարանկիցեի գործունեությունը։ Մարգարիտն ու իր ընտրած կազմակերպությունները մրցանակային պարգեւն ուղղելու են բարեգործության շղթան շարունակելու  եւ աշխարհը բարեփոխելու ջանքերին», - ասել է «Ավրորա» համաշխարհային մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր Ռուբեն Վարդանյանը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին