Երեւան: Մեդիամաքս: ՀՀ քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանն ասել է, որ հետեւողական է լինելու Արամի 9 հասցում գտնվող Արամ Մանուկյանի տունը պահպանելու եւ վերակառուցելու հարցում:
Ինչպես հայտնում են քաղաքաշինության նախարարության մամուլի ծառայությունից, այս մասին Նարեկ Սարգսյանն ասել է՝ պատասխանելով ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Աղվան Վարդանյանի հարցին:
«ՀՀ կառավարության 2004թ. հոկտեմբերի 7-ի N 1616-Ն որոշման համաձայն, ճարտարապետ Բորիս Մեհրաբյանի նախագծով Արամի 9 հասցեում 1910թ. կառուցված շենքը, որտեղ ժամանակին բնակվել է անվանի քաղաքական եւ հասարակական գործիչ Արամ Մանուկյանը, ընդգրկված է Երեւան քաղաքի պատմության եւ մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցուցակում, որպես հանրապետական նշանակության հուշարձան: Ներկայումս կառույցը ներառված է «Հին Երեւան» համալիրի կառուցապատման ներդրումային ծրագրում: Ըստ ծրագրի նախագծի՝ նախատեսված է պահպանել եւ վերակառուցել գոյություն ունեցող շինությունը, որպես ընդհանուր համալիրի մաս»,- ասել է Նարեկ Սարգսյանը:
Նրա խոսքով՝ ՀՀ քաղաքաշինության նախարարությունը՝ որպես 2014թ. դեկտեմբերի 2-ին «Մուլտիկոնտինենտալ Դիստրիբյուշն» ՍՊԸ-ի (ի դեմս շվեյցարաբնակ ներդրող Վարտան Սիրմակեսի) հետ «Հին Երեւան» կառուցապատման ներդրումային ծրագրի վերաբերյալ համաձայնագրի ՀՀ կառավարության կողմից ստորագրող կողմ, հետեւողական է լինելու շենքի պահպանման եւ վերակառուցման գործընթացներին:
«Միեւնույն ժամանակ, հաշվի առնելով բազմաթիվ հասարակական եւ քաղաքական կազմակերպությունների կողմից բազմիցս ներկայացված առաջարկությունները՝ վերոհիշյալ շենքում Արամ Մանուկյանի կյանքին եւ գործունեությանը նվիրված թանգարանային գոտի ստեղծելու մասին, ՀՀ քաղաքաշինության նախարարությունը հետամուտ է լինելու ծրագրի իրականացման ընթացքում կառուցապատող ընկերությանը խնդիրը ներկայացնելու եւ իրագործելու հարցում»,- նշել են քաղաքաշինության նախարարությունում:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: