«Ոսկե Ծիրան» Երեւանի միջազգային փառատոնի շրջանակներում ՀԲԸՄ Երեւանի գրասենյակում անցնում են Երեւան ժամանած կինոգործիչների վարպետության դասերը: Առաջին վարպետության դասը հուլիսի 11-ին վարեց գերմանացի ռեժիսոր եւ օպերատոր Ֆրեդ Քելեմենը: Հանդիպման առավել հուշարժան հատվածները ներկայացնում ենք ստորեւ:
Երբեմն մեկը նայում է մյուսին ու ինչ-որ բան է պատահում: Բելա Տարին (հայտնի հունգարացի ռեժիսոր) սրճարանում հանդիպեցի: Նրան չէի ճանաչում: Երկու օր անց, շատ հանկարծակի այդ նույն մարդուն Բեռլինում գտնվող սցենարի դպրոցում հանդիպեցի: Հիշեցինք միմյանց սրճարանից: Ես էլ պատմեցի, որ այնտեղ եմ սովորում: Ասաց, որ երեքօրյա վարպետության դաս է կազմակերպել, ես էլ մասնակցեցի: Լավ ընկերներ դարձանք, 1995 թվականին էլ ինձ իր հետ աշխատելու առաջարկ արեց;
***
Ֆիլմ նկարահանելիս ամենակարեւոր նախադրյալներից է սկզբի ու վերջի մասին մտածելը: Սկիզբը՝ ֆիլմի ծնունդն է, իսկ վերջը, կարծես, ֆիլմի մահը լինի: Ֆիլմը սկսում է ցուցասրահում տիրող մթության մեջ, երբ պրոյեկտորը պարզապես ոչնչացնում է այդ մթությունը: Ֆիլմի ամենաառաջին վայրկյանները, տեսարանն ամենակարեւորն էն հանդիսատեսի հետ կապ հաստատելու համար, քանի-որ նրանք առաջին անգամ են առերեսվում ֆիլմի հետ: Հենց առաջին երկու րոպեներն են որոշում, արդյո՞ք հանդիսատեսը կցանկանա միանալ ճամփորդությունը: Նույն բանն էլ վերջում է պատահում՝ ֆիլմի ավարտից հետո մթություն է: Կյանքի նման է: Կարծում եմ, շատ կարեւոր է, թե ինչպես ենք ծնվում եւ ինչպես ենք մահանալու:
***
Ուսմանս ամենասկզբից հետաքրքրված ու գերված էի տեսախցիկի շարժումներով: Երբ ֆիլմի վրա ես աշխատում՝ նկատելի է տեսախցիկի ու դերասանների միջեւ տեղի ունեցող խորեոգրաֆիան: Մինչ տեսարան նկարահանելը մենք շատ փորձեր ենք անում ու նկարահանման հրապարակում յուրաքանչյուրը գիտի, թե որն է իր պարտականությունը, ինչ պիտի անի, որ պահին: Բայց հավատացեք՝ ֆիլմը ավելին է, քան ամեն շարժում ճշգրիտ իմանալը:
Լուսանկարը` Մեդիամաքս
***
Չենք կարող գաղափար հորինել: Եթե մտքումդ գաղափար կա, ուրեմն պարզապես հետեւիր նրան: Գաղափարը ստեղծել չենք կարող, մենք այն միայն ստանում ենք, ու թույլ տալիս, որ տրանսֆորմացվի, որպեսզի հետեւենք դրան:
***
Սովորել ու մտածել, սրանք են կինոաշխարհում աշխատող մարդկանց համար ամենակարեւոր դրույթները: Արվեստի ցանկացած ճյուղ օգնում է մյուս ճյուղը հասկանալ ու ընկալել:
***
Ռեժիսորները փորձում են վիզուալ լուծումներ տալ՝ մտածելով պատմողական տնտեսման մասին: Եթե ռեժիսորի առջեւ կինոյում սպանություն ցուցադրելու խնդիր է դրված, հարց է առաջանում, թե ինչպե՞ս ցույց տալ այն հուզական տեսանկյունից: Ես ու Բելան միշտ փորձում ենք հեռու մնալ կեղծիքից: Իսկ կինոյում սպանությունն, իհարկե, կեղծիք է: Ավելի ռեալիստական ու ճշգրիտ կլինի լիովին փոխակերպել տեսարանը:
Լենա Գեւորգյան
Լուսանկարները՝ Մարիամ Լորեցյանի
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: