Հունիսի 25-ին 75 տարեկան հասակում կյանքից հեռացավ անվանի լուսանկարիչ, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Պողոս Պողոսյանը: Հեռացած ընկերոջ մասին Մեդիամաքսի համար գրել է ճարտարապետության դոկտոր Լոլա Դոլուխանյանը:
Նա, ըստ արժանվույն, համարվում էր հանրապետության եթե ոչ առաջին, ապա լավագույն լուսանկարիչներից մեկը: Լինելով հայ լուսանկարչության հայտնի վարպետ Անդրանիկ Քոչարի աշակերտը՝ Պողոսը ժառանգել էր ուսուցչի բարձր վարպետությունն ու փոխանցել այն սեփական աշակերտներին:
Պողոս Պողոսյանը երբեւէ չի բաժանվում իր ֆոտոխցիկից: Նրա դպրոցական ուսուցչուհին հիշում էր, որ երբ մյուս տղաները ֆուտբոլ էին խաղում, Պողոսը լուսանկարում էր:
Նրա խցիկի օբյեկտիվում հայտնվում էր ամեն ինչ. Հայաստանի ու Երեւանի հասարակական եւ մշակութային կյանքի իրադարձությունները, ճարտարապետական հուշարձանները, արվեստի գործերը եւ իր սիրելի Հայաստանի բնությունը: Եվ ամեն ինչում երեւում էր նրան բնորոշ քաղաքացիական պարտքի զգացումն ու նվիրվածությունը մասնագիտությանը: Նրա բազմաթիվ լուսանկարները կարծես յուրօրինակ տարեգրություն լինեն: Պողոսի արխիվում կարելի է կադրեր տեսնել, որոնք արտացոլում են անցած տասնամյակների անսպասելի, երբեմն նաեւ մոռացված պահերը:
Պողոս Պողոսյանի աշխատանքներն իսկապես արվեստի գործ են: Պարզապես ցնցող են նկարիչ Բաժբեուկ-Մելիքյանի ալբոմի համար արված լուսանկարները: Իսկ ի՜նչ հոգի էր նա ներդնում աստվածաշնչյան Արարատին նվիրված կադրերում, չէ՞ որ այդ լեռը նրա հպարտության եւ ցավի առարկան էր:
Նա մի հուզիչ կոմպոզիցիա էր ստեղծել՝ 1915թ. Հայոց ցեղասպանության զոհերին նվիրված հուշարձան՝ արյունոտ Արարատի ֆոնին: Նա հավատում էր՝ կգա «արդարության ժամը», եւ այդ արյունը կմաքրվի:
![Վիլյամ Սարոյանը եւ Վազգեն Ա Վեհափառը Վիլյամ Սարոյանը եւ Վազգեն Ա Վեհափառը](https://c1.mediamax.am/datas/znews/big_1468042910_7505772.jpg)
Լուսանկարը` Պողոս Պողոսյանի, Լ. Դոլուխանյանի արխիվից
Նրա արվեստում առանձնահատուկ տեղ են զբաղեցնում ինչպես հայտնի, այնպես էլ հասարակ մարդկանց դիմանկարները: Երբ Վիլյամ Սարոյանը եկել էր հարազատ հողը տեսնելու, Պողոսյանը մշտապես ուղեկցում էր իր սիրելի գրողին՝ հավերժացնելով նրա ճանապարհորդության ամեն մի րոպեն:
Նրանք ընկերացել էին: Սարոյանը հիանում էր նրա արվեստով՝ նրան անվանելով «տեսախցիկի մեծ պոետ»: Ցավոք, գրողին նվիրված ալբոմում հնարավոր չէր ներառել լուսանկարչի ունեցած ամբողջ հսկայական նյութը: Սարոյանի դիմանկարների ցուցահանդեսը կազմակերպվել էր Աբովյան փողոցի վրա գտնվող «Փարիզյան սուրճ» սրճարանում:
![Վիլյամ Սարոյանի եւ Պողոս Պողոսյանը լուսանկարը՝ գրողի մակագրությամբ Վիլյամ Սարոյանի եւ Պողոս Պողոսյանը լուսանկարը՝ գրողի մակագրությամբ](https://c0.mediamax.am/datas/znews/big_1468042910_8561651.jpg)
Լուսանկարը` из архива Л. Долуханян
Ինձ բախտ է վիճակվել աշխատել Պողոս Պողոսյանի հետ երեք գրքի ստեղծման համար. «Ռաֆայել Իսրայելյան», «Նիկողայոս Բունիաթյան» եւ «Պլաստիկան ժամանակակից հայկական ճարտարապետության մեջ»:
Ճարտարապետություն լուսանկարելն այդքան էլ հեշտ չէ: Այստեղ վարպետությունը բավարար չէ: Պետք է ներթափանցել կոթողի բնույթի եւ ճարտարապետների ներդրած գաղափարի մեջ: Պողոսը տիրապետում էր այդ արվեստին:
Որքա՜ն հույզեր էին կապված առաջին գրքի շուրջ աշխատանքների հետ: Պողոսը խոնարհվում էր Ռաֆայել Իսրայելյանի տաղանդի առջեւ եւ ջանում էր ստեղծել մեծ ճարտարապետին արժանի աշխատանքներ: Մենագրության ամեն մի էջ հիացմունք է առաջացնում թե՛ ճարտարապետի տաղանդի, թե՛ լուսանկարչի վարպետության առումով:
«Լուսանկարել նշանակում է ճիշտ լույս գտնել»,- կրկնում էր Պողոսը: Նա օրերով շրջում էր Սարդարապատի հուշահամալիրի ամեն մի արձանի շուրջ՝ ճիշտ ռակուրսն ու լուսավորությունը գտնելու համար:
![](https://c0.mediamax.am/datas/znews/big_1468042910_2193240.jpg)
Լուսանկարը` Պողոս Պողոսյանի, Լ. Դոլուխանյանի արխիվից
Նա չէր խնայում ոչ ուժ, ոչ էլ ժամանակ, առանձին լուսանկարում էր Հաղթանակի արձանի ամեն մի վարդանախշը, խաղողի վազը, նուռը:
![](https://c1.mediamax.am/datas/znews/big_1468042910_6592637.jpg)
Լուսանկարը` Պողոս Պողոսյանի, Լ. Դոլուխանյանի արխիվից
Իսկ քանի՜ անքուն գիշեր է նա անցկացրել Ապարանի հուշարձանի մոտ` փորձելով որսալ եւ հավերժացնել լուսնի ցանկալի դիրքը: Այդ յուրահատուկ լուսանկարը զարդարում է Ռաֆայել Իսրայելյանի մասին գրքի կազմը:
![](https://c1.mediamax.am/datas/znews/big_1468042910_6074991.jpg)
Լուսանկարը` Պողոս Պողոսյանի, Լ. Դոլուխանյանի արխիվից
Պողոսյանի լուսանկարները հարստացրել են իմ եւս մեկ մենագրություն՝ Երեւանի առաջին գլխավոր ճարտարապետ Նիկողայոս Բունիաթյանի մասին: Եվ կրկին նա երկար ժամեր էր անցկացնում յուրաքանչյուր շենքի մոտ` իր ուզած արդյունքը ստանալու համար: Սեւ-սպիտակ լուսանկարներում նա կարողացել էր պահպանել 30-ականների ճարտարապետության բնույթը եւ Բունիաթյանի յուրահատուկ ձեռագիրը:
Իր մահվանից մեկ ամիս առաջ նա ինձ փոխանցեց ժամանակակից հայկական ճարտարապետության պլաստիկայի մասին գրքի ամբողջ նյութը, որի վրա աշխատել էր երկար տարիներ: Ընթերցողին սպասում է Պողոսի հիանալի ու անկրկնելի աշխատանքների հետ եւս մեկ հանդիպում: Բայց նա, ցավոք, դա չի տեսնի:
Լոլա Դոլուխանյան, ճարտարապետության դոկտոր
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: