Հայաստանը Վենետիկի բիենալեում կներկայանա «Անկախ Կենսապատկեր»-ով - Mediamax.am

8905 դիտում

Հայաստանը Վենետիկի բիենալեում կներկայանա «Անկախ Կենսապատկեր»-ով


Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս


Մայիսի 26-ին Վենետիկի Մխիթարյան Միաբանության Սուրբ Խաչ հայկական եկեղեցու գավթի տարածքում տեղի կունենա Վենետիկի 15-րդ միջազգային ճարտարապետական բիենալեի Հայաստանի տաղավարի պաշտոնական բացումը: 

 

Մայիսի 18-ին Երվանդ Քոչարի թանգարանում համադրող Սարհատ Պետրոսյանը ներկայացրել է տաղավարի գաղափարն ու մանրամասները:

 

«Անկախ Կենսապատկեր» խորագիրը կրող հայկական տաղավարը Հայաստանի հետանկախության շրջանի լանդշաֆտային քարտեզագրման ինքնատիպ օրինակ է հանդիսանում: Կցուցադրվեն 1991 թվականից մինչ մեր օրերն ընկած ժամանակահատվածի տարածական փոխակերպումներն ու դրսեւորումների ուսումնասիրությունները: Բիենալեի ընթացքում թվով հինգ հետազոտող խմբեր Հայաստանից տեքստերի, լուսանկարների, այլ վիզուալ արտահայտչամիջոցների տեսքով կմեկնաբանեն հայկական կենսապատկերի տարբեր շերտերը», - ասել է նա:

Լուսանկարը` Մեդիամաքս

«Հայաստանի մասնակցությունը Վենետիկի 15-րդ բիենալեին համընկնում է մեր երկրի 25-ամյակի հետ: Փորձել ենք ամփոփել հետանկախության շրջանի անցած ճանապարհը` չկենտրոնանալով միայն ճարտարապետության վրա: Փորձ է արվում վերաարժեւորել մեր անցած ճանապարհն ու ինչու՞ ոչ, խորհել ապագայի մասին: Տաղավարի բացումով սկսվում են հիմնական աշխատանքները՝ բացման հաջորդող օրերին ու ամիսներին տաղավարն այցելող մարդիկ բոլորովին տարբեր պատկերներ կտեսնեն», - նշել է տաղավարի համադրողը:

 

Հետազոտող խմբերից մեկի մասնակիցներից են «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի Գյումրիի մասնաճյուղի սաները: Նրանք կքարտեզագրեն ու կներկայացնեն հետերկրաշարժյան ժամանակահատվածում կառուցված  Գյումրին:

 

«Սա նախագիծ է, որն իրականացվում է ուսումնական գործընթացին զուգահեռ: Մասնակիցները հենց քաղաքի բնակիչներն են, որոնք ձեւավորված վերաբերմունք ունեն միջավայրի նկատմամբ: Սա փորձ է ազատվել ստեղծված կարծրատիպերից, հասկանալ, թե ինչպիսի քաղաքում են ապրում: Երեխաներն արդեն սկսել են աշխատել», - մեզ հետ զրույցում նշեց «Թումո»-ի փոխտնօրեն Արամ Գյումիշյանը:

Լուսանկարը` Մեդիամաքս

Վենետիկի բիենալեի Հայաստանի տաղավարը ստեղծվել է ՀՀ մշակույթի նախարարության, «Պողոսյան» հիմնադրամի, «Ռենկո» ընկերության, Վահե Գաբրաշի աջակցության շնորհիվ՝ համագործակցելով «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի եւ «ուրբանլաբԵրեւանի» հետ։

 

Թեմատիկ ուսումնասիրությունների արդյունքները հասանելի կլինեն www.independentlandscape.am եւ www.venice2016.am կայքերում:

 

2014 թվականին Վենետիկի 14-րդ միջազգային ճարտարապետական բիենալեին Հայաստանը ներկայացել էր «Իղձերի մայրաքաղաք» խորագրի ներքո:

 

Վենետիկի 14-րդ բիենալեի շրջանակներում Հայաստանի ազգային տաղավարը բիենալեի գլխավոր ցուցահանդեսային տարածքում՝ Արսենալեյում, կազմակերպել էր նաեւ «Տեղային արդիություններ» (Local Modernities) խորագրով միջազգային գիտաժողով:

 

Լենա Գեւորգյան

Լուսանկարներ` Մարիամ Լորեցյանի

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին