Ապրիլի սկզբին UWC Դիլիջան քոլեջում բացվեց ցուցահանդես, որտեղ առաջին անգամ ներկայացվեցին քոլեջի 13 ուսանողների անհատական աշխատանքները:
Ուսանողները նման յուրօրինակ կերպով հանձնում էին IB Visual Arts (տարածական արվեստներ) դասընթացի ավարտական քննությունը, որը Միջազգային Բակալավրիատ ծրագրի գնահատման ընդունված ձեւերից է:
Ուսանողների աշխատանքները ստեղծվել էին UWC Դիլիջան քոլեջում ուսանելու 2 տարիների ընթացքում եւ առաջին անգամ էին ներկայացվում հանրությանը:
Յուրաքանչյուր ուսանող ինքն էր որոշել, թե գեղարվեստական արտահայտչաձեւերից որն է իրենց ավելի հոգեհարազատ՝ լուսանկարներ, տեսանյութեր, յուղանկարներ եւ գրաֆիկական աշխատանքներ:

Լուսանկարը` IDeA/Edgar Barseghyan
«Մենք հավատացած ենք, որ երեւակայությունն ու ստեղծագործական մոտեցումը կրթական գործընթացը ուղեկցող կարեւոր տարրեր են: Հպարտ ենք ներկայացված աշխատանքներով, որոնք վկայում են, որ մեր ուսանողները հսկայական զարգացում են ապրել UWC Դիլիջան քոլեջում սովորելու ընթացքում», - ասել է քոլեջի փոխտնօրեն Սալի Նորիսը:
«Դիլիջանը, նրա բնությունը ներշնչում են ինձ, մարդիկ էլ շատ լավն են: Գուցե տարիներ անց, երբ կայացած մասնագետ դառնամ՝ վերադառնամ ու Դիլիջանում որեւէ նախագիծ իրականացնեմ», - ասել է ցուցահանդեսի մասնակիցներից մեկը՝ Թուրքիայից եկած Սեմիհ Բոյաջին:
Լիբանանցի ուսանողուհի Յոհաննայի համար էլ UWC Դիլիջան քոլեջում կրթությունը սեփական կարծրատիպերը կոտրելու հնարավորություն է տվել.
«UWC քոլեջների շրջանավարտները հաճախ ասում են, որ քոլեջը փոխել է իրենց կյանքը. հիմա ես հասկանում եմ նրանց: Այս փոքրիկ վայրում ներկայացված է ամբողջ աշխարհը», - նշում է Յոհաննան:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: