Նարինե Աբգարյան. «Մանյունյա»-ն հայերեն կարդալիս շատ եմ ծիծաղել - Mediamax.am

exclusive
9081 դիտում

Նարինե Աբգարյան. «Մանյունյա»-ն հայերեն կարդալիս շատ եմ ծիծաղել


Լուսանկարը` Լիլիթ Սոխակյան

Լուսանկարը` Լիլիթ Սոխակյան

Լուսանկարը` Լիլիթ Սոխակյան

Լուսանկարը` Լիլիթ Սոխակյան

Լուսանկարը` Լիլիթ Սոխակյան

Լուսանկարը` Լիլիթ Սոխակյան

Լուսանկարը` Լիլիթ Սոխակյան

Լուսանկարը` Լիլիթ Սոխակյան

Լուսանկարը` Լիլիթ Սոխակյան

Լուսանկարը` Լիլիթ Սոխակյան

Լուսանկարը` Լիլիթ Սոխակյան


Մարտի 17-20-ը Փարիզի «Porte de Versailles» ցուցահանդեսային կենտրոնը հյուրընկալել էր  «Livre Paris» գրքի 36-րդ միջազգային ցուցահանդես-տոնավաճառը: Ավելի քան 200 հազար այցելու, այդ թվում՝ 40 հազար երիտասարդներ, 1200 տպագրատուն եւ 40 մասնակից երկիր: Ամենամյա այս ցուցահանդես-տոնավաճառը հնարավորություն է տալիս ընթերցասեր հասարակությանը հանդիպել աշխարհի բոլոր կողմերից Փարիզ ժամանած գրողների:

 

Այս տարի նրանք 3 հազարն էին, իսկ նրանցից մեկը Նարինե Աբգարյանն էր: Մարտի 19-ին նա ներկայացրեց «Մարդիկ, որոնք միշտ ինձ հետ են» գրքի ֆրանսերեն թարգմանությունը («Dans mon cœur à jamais»): Մեդիամաքսի թղթակիցը հանդիպել է գրողին հենց տաղավարում եւ մի քանի հարց ուղղել նրան:

 

- Նարինե, առաջին անգա՞մ է, որ Ձեր գիրքը թարգմանվում է ֆրանսերեն:

 

- Այո, «Մարդիկ, որոնք միշտ ինձ հետ են» գիրքը առաջինն է: Ուրախ եմ ասել նաեւ, որ Նարինե Գիժլարյանի կողմից, որը նույնպես Բերդից է, հայերեն է թարգմանվել «Մանյունյա»-ն: Հիանալի թարգմանություն է, ես այդպես հայերեն չէի կարող գրել: Երբ կարդացի, ծիծաղում էի, պատկերացրեք` ինչպիսի հիմարություն, հեղինակն իր գիրքը կարդա եւ ծիծաղի: Բայց ես ծիծաղում էի, հատկապես, երբ գրքի երկրորդական հերոսները տեղ-տեղ բարբառով են խոսում: Ռուսերեն, ցավոք, ես դա չէի կարող փոխանցել: Հոգիս ուրախանում է, երբ կարդում եմ «Մանյունյա»-ն հայերեն: Ընթացքում է նաեւ գրքի ուկրաիներեն եւ լատիշերեն թարգմանությունները:

Լուսանկարը` Լիլիթ Սոխակյան

- «Մարդիկ, որոնք միշտ ինձ հետ են» գիրքն ունի յուրահատուկ երանգներ եւ նրբություններ: Մտավախություն կա՞ր, որ թարգմանիչը չի կարողանա դրանք ճիշտ փոխանցել ընթերցողին:

 

- Հասկանում եմ, ինչ մտավախության մասին է խոսքը: Օրինակ` հայերեն թարգմանությունն անձամբ կարդացել եմ եւ որոշ նրբություններ քննարկել Նարինեի հետ: Որովհետեւ թարգմանության ժամանակ հաճախ լինում են մտքեր, որոնք տարբեր կերպ է հնարավոր մեկնաբանել: Ինչ վերաբերում է ֆրանսերեն թարգմանությանը, ես այն չեմ կարողացել կարդալ, քանզի լեզվին չեմ տիրապետում: Բայց ասում են` բավականին լավ է ստացվել: Երկու մասնագետ է աշխատել այս գրքի թարգմանության վրա: Նախ՝ ռուսերենից թարգմանվել է ֆրանսերեն, ապա շտկվել ֆրանսիացի թարգմանչի կողմից:

Լուսանկարը` Լիլիթ Սոխակյան

- Դուք սկսել եք գրել վիրտուալ տարածքում, հետո նոր անցել թղթի: Տարբերությունը մե՞ծ է:

 

- Ընդհանուր առմամբ` ոչ: Պարզապես պետք է հասկանալ, որ վիրտուալ տարածքում ունեցած հաջողությունը դեռ գրավական չէ, որ տպագրված նյութը կընթերցվի եւ կսիրվի: Հետո նաեւ բնազդորեն պետք է տարբերակել այն, ինչ կարելի է տեղադրել համացանցում եւ ինչը տպագրել:

 

Օրինակ, ես իմ սխալն եմ համարում «Понаехавшая» գրքի տպագրությունը: Կարծում եմ, այն պետք է մնար վիրտուալ տարածքում: Այդ «սխալի» շնորհիվ ես հասկացա, որ որոշ նյութեր տպագրել պետք չէ:

 

- Իսկ ե՞րբ սպասենք նոր գրքերի:

 

- Մոտ երկու ամսից լույս կտեսնի պատմվածքների եւ վիպակների իմ նոր ժողովածուն: Մտադիր եմ նաեւ պատերազմի մասին պատմվածքների ժողովածու կազմել: Երբ այդ թեմայի շուրջ գրառումներ եմ տեղադրում համացանցում, տեսնում եմ ընթերցողներիս թեժ արձագանքները: Կարծում եմ, եթե քո կյանքում ինչ-որ փորձ ունես եւ գրելու կարողություն, իմաստ ունի պատերազմի մասին պատմել: Դա միջոց է հիշողության մեջ առհավետ պահել այն մարդկանց, ում հետ դու ապրել ես եւ ով տուժել է այդ չարիքից:

 

Նարինե Աբգարյանի հետ զրուցել է Լիլիթ Սոխակյանը

Լուսանկարները՝ հեղինակի

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին