Երիտասարդները ցանկանում են «վերբեռնել» վերլուծական միտքը - Mediamax.am

exclusive
4539 դիտում

Երիտասարդները ցանկանում են «վերբեռնել» վերլուծական միտքը


Արեգ Քոչինյանը
Արեգ Քոչինյանը

Լուսանկարը` ԵՎՀԿ

Վիկտորյա Այդինյանը
Վիկտորյա Այդինյանը

Լուսանկարը` ԵՎՀԿ

Երիտասարդ վերլուծաբանների հայաստանյան կենտրոնի անդամները
Երիտասարդ վերլուծաբանների հայաստանյան կենտրոնի անդամները

Լուսանկարը` ԵՎՀԿ


Թուրքագետ, քաղաքագետ, արաբագետ, վերլուծաբան եւ նման այլ բառեր ամեն օր կարելի է տեսնել հեռուստատեսային լուսագրերում, լսել ռադիոեթերից ու կարդալ մամուլի հրապարակումներում: Տարբեր թեմաների, քաղաքական ու տնտեսական զարգացումների շուրջ վերլուծություններ տվող մարդկանց ցանկը հաճախ սահմանափակվում է մի քանի տասնյակ անուններով: Երիտասարդների այդ ցանկում հաճախ չես հանդիպի: Եթե լինում էլ են, ապա դժվարությամբ են շահում մարդկանց վստահությունը:

 

2011-ին տարբեր բուհերի մի քանի ուսանողներ հիմնեցին Երիտասարդ վերլուծաբանների հայաստանյան կենտրոնը (ԵՎՀԿ)՝ նպատակ ունենալով վերբեռնել հայկական վերլուծական դաշտը: Մեդիամաքսը զրուցել է կենտրոնի նախագահ Արեգ Քոչինյանի ու փոխնախագահ Վիկտորյա Այդինյանի հետ: Նրանք ԵՊՀ Միջազգային հարաբերությունների  ֆակուլտետի չորրորդ  կուրսի ուսանողներ են: Արեգը համատեղության կարգով ուսանում է նաեւ նույն բուհի Պատմության ֆակուլտետում:

 

Ամեն ինչ սկսվեց դպրոցական տարիներից

 

Արեգ Քոչինյան

 

Հայաստանի տարբեր դպրոցների աշակերտների մասնակցությամբ գործում էր Պատանի քաղաքագետների ակումբը: Անդամների միջին տարիքը 15 էր: Դասերից ազատ ժամանակ հավաքվում էինք ու մի սեղանի շուրջ քննարկում տվյալ ժամանակահատվածի արդիական թեմաները՝ քաղաքականություն, տնտեսություն, մշակույթ ու հասարակություն:

 

Վիկտորյա Այդինյան

 

Այդպես շարունակվեց մինչեւ 2011 թվականը: Բոլորս արդեն ուսանողներ էինք ու գաղափարը հասունացնելու կարիք զգացինք: Որոշեցինք հիմնել Երիտասարդ վերլուծաբանների հայաստանյան կենտրոնը: Չնայած զբաղվածությանը՝ ժամանակ էինք գտնում արդեն գիտական մակարդակով ու ավելի լուրջ վերլուծություններ պատրաստել:

 

Ժամանակ հասունացման համար

 

Արեգ Քոչինյան

 

Մեր թիմի չորս տարվա աշխատանքը գրեթե գաղտնի մնաց, անփորձ ուսանողներ էինք ու ժամանակ էր պետք կայանալու ու փորձառու թիմ կազմելու համար: 2015-ին արդեն ունեինք 12 հոգանոց վերլուծաբանների թիմ, նույնքան անգլերենի եւ ռուսերենի թարգմանիչներ, ՏՏ թիմ, որը զբաղվում է կայքի առաջխաղացման հարցերով, կամավորներ ու հասարակայնության հետ կապերի մասնագետներ:

 

Վիկտորյա Այդինյան

 

Կայքը բացվեց 2015-ի աշնանը, ֆեյսբուքյան էջը՝ դեկտեմբերին: Հրապարակում ենք ինչպես նախկինում գրված, այնպես էլ նոր վերլուծություններ: Դրանք վերաբերում են Արցախյան հակամարտությանը, թուրք-քրդական խնդրին, տարածաշրջանային կոնֆլիկտներին, Հայաստանի` ԵՏՄ անդամակցությանը, տնտեսական հեռանկարներին ու տասնյակ այլ հարցերի:

 

Երիտասարդ դեմքերն «ընդդեմ» հին սերնդի

 

Արեգ Քոչինյան

 

Ավագ սերունդը «քաղաքագետ» կամ «վերլուծաբան» մասնագիտությունների հետեւում սովորել է տեսնել նույն դեմքերին: Նրանցից շատերը, թեեւ հմտություններ ու գիտելիքներ ունեն, մասնագիտական կրթություն չեն ստացել: Նպատակ ենք դրել կոտրել այդ կարծրատիպն ու երիտասարդ դեմքերին բերել վերլուծական դաշտ:

 

Վիկտորյա Այդինյան

Վիկտորյա Այդինյանը Վիկտորյա Այդինյանը

Լուսանկարը` ԵՎՀԿ

Վերջին տարիներին ավագ սերնդի մեր գործընկերներից բազմաթիվ կարծիքներ ենք լսել Երիտասարդ վերլուծաբանների հայաստանյան կենտրոնի գործունեության մասին: Շատերը թերահավատորեն են մոտենում, քչերը՝ հավատում մեր սկսած գործին: Գիտակցում ենք, որ հանրության վստահությունը շահելու համար երկարատեւ աշխատանք է սպասվում: Հայրեր-որդիներ պայքարն այս պարագայում թեժ է լինելու:

 

Վերլուծական դաշտի որակական փոփոխություն

 

Արեգ Քոչինյան

 

Մամուլի ասուլիսների ժամանակ քաղաքագետները խոսում են տնտեսությունից, տնտեսագետները՝ հասարակական թեմաներից, աստղագուշակները՝ աստղագիտությունից եւ այլն: Այս խնդիրը եւս մեր առաջնահերթությունների շարքում է: Թիմի յուրաքանչյուր անդամ վերլուծություններ է տալու միայն իր նեղ մասնագիտական թեմաների շուրջ: Մասնակցելու ենք մամուլի ասուլիսների, հեռուստատեսային քննարկումների, կազմակերպելու ենք սեմինարներ ու դասընթացներ:

 

Վիկտորյա Այդինյան

 

Բացի քաղաքական ու տնտեսական թեմաներից, տասնյակ այլ ոլորտներ ենք վերլուծում: Գրում ենք, օրինակ, սելեկտիվ աբորտների մեծացող տեմպերի, կրոնական փոքրամասնություններ, մշակույթի ու անգամ սպորտի մասին: Կենտրոնը բաց է ասելիք ու հստակ մասնագիտական կրթություն ունեցող յուրաքանչյուր երիտասարդի առաջ: Խմբագրական աշխատանքից հետո նրանց վերլուծությունները հրապարակվելու են կայքում:

 

Անկախ՝ բոլոր քաղաքական ուժերից եւ ուժային կենտրոններից

 

Արեգ Քոչինյան

 

Կենտրոնը չի հետապնդում որեւէ քաղաքական կամ տնտեսական շահ, չենք հարում որեւէ քաղաքական ուժի: Այս տեսանկյունից նույնպես ապահովում ենք վերլուծական աշխատանքի անաչառությունը:

Երիտասարդ վերլուծաբանների հայաստանյան կենտրոնի անդամները Երիտասարդ վերլուծաբանների հայաստանյան կենտրոնի անդամները

Լուսանկարը` ԵՎՀԿ

Վիկտորյա Այդինյան

 

Թիմի բոլոր անդամները աշխատում են կամավորության սկզբունքով՝ առանց վարձատրության: Հետագայում կենտրոնի աշխատանքը եկամտաբեր դարձնելու համար պատրաստվում ենք համագործակցել միջազգային կազմակերպությունների ու ընկերությունների հետ՝ տրամադրելով վերլուծություններ Հայաստանում ընթացող քաղաքական զարգացումների ու տնտեսական վիճակի մասին, նաեւ մատուցելով խորհրդատվական ծառայություններ:

 

Սուրեն Ստեփանյան

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին