«Օրենքով գող» Արմեն Ղազարյանն իրեն մեղավոր է ճանաչել ԱՄՆ-ում - Mediamax.am

26759 դիտում

«Օրենքով գող» Արմեն Ղազարյանն իրեն մեղավոր է ճանաչել ԱՄՆ-ում


Լուսանկարը`


Երեւան: Մեդիամաքս: «Օրենքով գող» Արմեն Ղազարյանը, որը հայտնի է «Պզո» մականունով, հուլիսի 8-ին Մանհեթենի դաշնային դատարանում իրեն մեղավոր Է ճանաչել ռեկետի համար, հաղորդում է Մեդիամաքսը` վկայակոչելով "Ամերիկայի Ձայնի” ռուսական ծառայությունը:

Ինչպես հայտնել է Նյու Յորքի Հարավային շրջանի դաշնային դատախազ Փրիթ Բհարարան, 47-ամյա Ղազարյանը հանդիսանում էր Լոս Անջելեսում եւ Նյու Յորքում գործող հանցավոր խմբավորման ղեկավարը:

“Ամերիկայի Ձայնը” հիշեցնում է, որ խմբավորումը վնասազերծվել էր նախորդ տարվա հոկտեմբերին, երբ ձերբակալվել էին հանցավոր սինդիկատի ավելի քան 50 անդամներ` գերազանցապես Հայաստանից եկած կամ Հայաստանի քաղաքացիներ հանդիսացող անձիք: Նրանց մեղադրանք է ներկայացվել հազարավոր բժիշկների եւ հիվանդների անձնական տվյալների գողության համար, որոնք հանցագործները օգտագործել են Medicare համակարգից միլիոնավոր դոլարներ գողանալու նպատակով:

“Միրզոյան-Թերջանյան կազմակերպությունը”, ինչպես այն կոչվում է մեղադրական եզրակացության մեջ, զբաղվում էր խարդախություններով, ավազակությամբ, անձնական տվյալների գողությամբ, կրեդիտային քարտերի կեղծարարությամբ, փողերի լվացումով, թմրանյութերի վաճառքով, շորթումներով, ծխախոտի անօրինական տարածմամբ, ինչպես նաեւ կեղծ “վիագրայի” վաճառքով”:

Մեղադրող կողմի տվյալներով, “Միրզոյան-Թերջանյան կազմակերպությունը» ԱՄՆ-ի 25 նահանգերում ստեղծել էր 118 շինծու կլինիկաներ եւ այդ ճանապարհով ստացել ավելի քան $‌ 35 մլն:

“Այսօր Արմեն Ղազարյանը, ճանաչելով իր մեղքը, դարձավ ԱՄՆ-ում ռեկետի համար դատապարտված առաջին “օրենքով գողը”, - նշել է դատախազը, -Բայց նա վերջինը չի լինի: Նրա մեղքի ճանաչումը պետք է ազդանշան լինի միջազգային գանգստերների համար. եթե դուք հանցագործություն գործեք այս երկրում, ապա մենք կգտնենք ձեզ եւ օրենքի ամենայն խստությամբ պատասխանատվության կենթարկենք”:

Սակայն, նշում է “Ամերիկայի Ձայնը”, ըստ ամենայնի, Արմեն Ղազարյանին կհաջողվի խուսափել խիստ պատժից: Դատախազության եւ Ղազարյանի միջեւ ձեռք բերված համաձայնագրի պայմանների համաձայն, նրա դեմ հարուցված բոլոր այլ մեղադրանքները չեղյալ կճանաչվեն: Ղազարյանին սպառնում էր 20 տարվա ազատազրկում, սակայն, ըստ համաձայնագրի, որի պատճեն “Ամերիկայի Ձայնի” ռուսական ծառայության տրամադրության տակ է, այժմ Ղազարյանի սպառնում է միայն 30-ին մինչեւ 37 ամիս ազատազրկում եւ $‌ 6.000-ից մինչեւ $‌60. 000-ի տուգանք:  «Օրենքով գողը» համաձայնվել է նաեւ հանցավոր ճանապարհով ձեռք բերված իր ունեցվածքի բռնագրավմանը, ներառյալ` իր տունը Գլենդելում, որի արժեքը գնահատվում է $‌ 600 հազար:

Ղազարյանի ստորագրած համաձայնության մեջ ասվում է նաեւ, որ չհանդիսանալով ԱՄՆ-ի քաղաքացի, նա ընդունում է “իրեն երկրից վտարելու մեծ հավանականությունը”:

Վճիռը կկայացվի հոկտեմբների 6-ին դատավոր Փոլ Գարդեֆի կողմից:

Արմեն Ղազարյանի շահերը ներկայացնում է կալիֆորնիացի հայտնի փաստաբան Մարկ Գերագոսը, որը անցյալում մասնակցել է մի շարք աղմկահարույց դատավարությունների: Նրա հաճախորդների ցանկում էին բազմաթիվ  հոլիվուդյան հայտնի դեմքեր, այդ թվում` Մայքլ Ջեքսոնը:

 

Մեր ընտրանին