ՀԲԸՄ-ն աջակցում է UWC Դիլիջան քոլեջին - Mediamax.am

7255 դիտում

ՀԲԸՄ-ն աջակցում է UWC Դիլիջան քոլեջին


Լուսանկարը` IDeA

Լուսանկարը` IDeA

Լուսանկարը` IDeA

Լուսանկարը` IDeA

Լուսանկարը` IDeA

Լուսանկարը` IDeA

Լուսանկարը` IDeA

Լուսանկարը` IDeA


Երեւան: Մեդիամաքս: UWC Dilijan քոլեջում կայացել է համերգ` նվիրված Հայկական բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) եւ «Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» (IDeA) հիմնադրամի համագործակցությանը:

ՀԲԸՄ-ի՝ քոլեջին կատարված նվիրատվությամբ ձեռք  է բերվել «Yamaha C7» ռոյալ, որը համարվում է  լավագույն երաժշտական գործիքներից մեկը:

 

Համերգն ունկնդրելու էին եկել ՀԲԸՄ-ի նախագահ Պերճ Սեդրակյանը եւ կենտրոնական վարչության անդամ Վազգեն Յակուբյանը, UWC Dilijan-ի համահիմնադիրներ Ռուբեն Վարդանյանն ու Վերոնիկա Զոնաբենդը, ՀԲԸՄ-ի, UWC Dilijan քոլեջի եւ IDeA հիմնադրամի ղեկավար մարմինների անդամ Նուբար Աֆեյանը, IDeA հիմնադրամի ղեկավար Էդգար Մանուկյանը՝ դպրոցի սաների եւ ուսուցիչների, բազմաթիվ այլ հյուրերի հետ միասին:

 

«Այս երեկո մենք նշում ենք նոր ռոյալի ձեռքբերումը, որը գնվել է ՀԲԸՄ-ի նվիրաբերած միջոցներով: ՀԲԸՄ-ն նվիրաբերություն էր կատարել՝  աջակցելու համար մշակութային, երաժշտական  կյանքի  զարգացմանը ոչ միայն քոլեջում, այլեւ Դիլիջանում եւ ռեգիոնում»,- նշեց UWC Dilijan դպրոցի տնօրեն Ջոն Փադըֆութը:

 

ՀԲԸՄ-ի նախագահ Պերճ Սեդրակյանը, անդրադառնալով ձեւավորված գործակցությանը, նշեց.

 

«Մեր հաստատությունների նկարագիրը նման է: Երբ մեկնարկում էր UWC Դիլիջանի քոլեջի ծրագիրը,  շատերը չէին հավատում, որ այն կիրականանա, անկեղծ ասած՝ ես նույնպես վերապահում ունեի: Եվ երբ այսպիսի հաջողություն եղավ, անշուշտ, մենք էլ մեր փոքր մասնակցությունն ենք բերում: Մեր փոխհարաբերությունները թե IDeA հիմնադրամի, թե քոլեջի հետ շատ սերտ են, եւ բոլորս էլ, վերջին հաշվով, փորձում ենք մեր լավագույնն անել հայրենիքի զորացման համար»:

 

Նուբար Աֆեյանը, ով ՀԲԸՄ-ի, UWC Dilijan քոլեջի եւ IDeA-ի ղեկավար մարմինների անդամ է, նույնպես գոհունակություն հայտնեց կրթական ոլորտում ստեղծված գործակցության առնչությամբ:

 

«Ինձ համար  ուրախալի է, որ սփյուռքի խոշոր կազմակերպությունն ու  երիտասարդ UWC Դիլիջանի  քոլեջը գործակցում են այսպիսի ծրագրերի շուրջ: Կրթությունը մեր երկրի, ազգի համար ամենակարեւոր ոլորտն է, այն միշտ կարեւոր ուղղություն է եղել նաեւ ՀԲԸՄ-ի համար, եւ  հիմա ՀԲԸՄ-ն աջակցում է Դիլիջանի քոլեջին, որտեղ աշխարհի տարբեր երկրներից ուսանողներ են սովորում: Կրթություն է,  որ միավորում է մեզ, եւ այն առաջընթաց ապահովող ամենաուժեղ գործիքն է»,-նշեց նա:

 

Քոլեջի հիմնադիրների խորհրդի նախագահ Վերոնիկա Զոնաբենդը շնորհակալություն հայտնեց նվիրատուներին աջակցության համար:

 

«Այս երեկոյի գաղափարը եւ այս հրաշալի երաժիշտների համերգը մեզ համար խորհրդանշական են: Սա խորհրդանշում է մշակութային կյանքի վերածնունդը Դիլիջանում, որն անցյալում շատ հարուստ է եղել: Դիլիջանի հետ են կապվում աշխարհահռչակ այնպիսի երաժիշտների անուններ, ինչպիսիք են Արամ Խաչատրյանն ու Բենջամին Բրիտենը, ուրիշ այլ հայտնի երաժիշտներ ու արվեստագետներ: Մենք հուսով ենք,  որ  այս համերգն այդ կյանքի մեկնարկն է, եւ ակնկալում ենք, որ  Դիլիջանը կասոցացվի ոչ միայն անցյալի հայտնի անձանց,  այլ  նաեւ ժամանակակից հանրահայտ անունների հետ», - ասել է նա:

 

Համերգի ընթացքում հնչեցին Ռոբերտ Շումանի, Ֆելիքս Մենդելսոնի եւ Կլոդ Դեբյուսիի երեք ստեղծագործություններ` Մարինե Կարոյանի (դաշնամուր, UWC Dilijan-ի երաժշտական գծով տնօրեն), Աստղիկ Վարդանյանի (ջութակ, Հայաստանի պետական կամերային նվագախմբի կոնցերտմեյստեր) եւ Գառնիկ Ենգիբարյանի (Պետական օպերայի սիմֆոնիկ նվագախմբի առաջին թավջութակ) կատարմամբ:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին