6000 ժպիտ՝ սահմանապահ գյուղերում - Mediamax.am

exclusive
3298 դիտում

6000 ժպիտ՝ սահմանապահ գյուղերում


Լուսանկարը` Տավուշի թեմի

Լուսանկարը` Տավուշի թեմի

Լուսանկարը` Տավուշի թեմի

Լուսանկարը` Տավուշի թեմի

Լուսանկարը` Տավուշի թեմի

Լուսանկարը` Տավուշի թեմի

Լուսանկարը` Տավուշի թեմի

Լուսանկարը` Տավուշի թեմի


Դեկտեմբերի 22-ից սկսած՝ Հայ առաքելական եկեղեցու Տավուշի թեմը՝ առաջնորդ Գերաշնորհ Տեր Բագրատ եպիսկոպոս Գալստանյանի գլխավորությամբ, թեմի հոգեւոր հայրերի, կամավորների եւ բարերարների աջակցությամբ այցելել են Իջեւանի, Նոյեմբերյանի եւ Բերդի տարածքաշրջանների 19 գյուղերի շուրջ 3000 աշակերտի եւ ուսուցչի՝ Ամանորի շնորհավորանք հղելու եւ գնահատանքի խոսք հայտնելու: Առաջիկա օրերին՝ մինչ Նոր տարի, կայցելեն եւս 15 համայնքների շուրջ 3000 աշակերտների եւ ուսուցիչների, որոշ համայնքներում նաեւ՝ մանկապարտեզների սաների:

 

Մեդիամաքսը նախաձեռնության մասին զրուցել է Բագրատ եպիսկոպոս Գալստանյանի եւ դրան միացած երգահան Դավիթ Ամալյանի հետ:

 

Բագրատ Սրբազան. Դա պարզապես օգնություն կամ օժանդակություն չէ

 

Վեհափառ Հայրապետի կողմից նշանակումից ի վեր որպես Տավուշի թեմի առաջնորդ՝ առաջնային նպատակ ենք սահմանել մշտապես ներկա գտնվել հատկապես սահմանապահ ժողովրդի կյանքում:

 

Այս ծրագրի շրջանակում կայցելենք մոտ 6 հազար ուսուցիչների եւ աշակերտների: Սա նշանակում է՝ 6 հազար ժպիտ, 6 հազար լուսավոր եւ հուսառատ դեմքեր, 6 հազար կյանքով լեցուն մարդիկ, հայրենիքի եւ իր հավատքի համար բաբախող 6 հազար սիրտ, 12 հազար վառվռուն աչքեր եւ անսպառ, անսահման ուրախություն, որը տարածվում է բոլորիս կյանքում:

Լուսանկարը` Տավուշի թեմի

Այցելությունները դատարկաձեռն չեն, սակայն դրանք երբեք չենք որակում որպես օգնություն: Դա պարզապես օգնություն կամ օժանդակություն չէ, որեւէ մեկին էլ թույլ չենք տա նման տրամադրությամբ մոտենալ մեր ժողովրդին: Մենք պարզապես գնում ենք մեր հոգեւոր խնամքը տածելու, շնորհավորելու եւ շնորհակալություն հայտնելու, ներշնչելու եւ ներշնչվելու: Բնականաբար, չենք կարող առանց նվերների գնալ: Առնչվում ենք արժանապատիվ ժողովրդի հետ, ովքեր ամենօրյա կյանքի եւ մահվան սպառնալիքի ներքո, մեր զինվորների հետ միասին ամուր են պահում հայրենիքի դարպասները:

 

Առիթն օգտագործելով՝ ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Մայր Աթոռի սոցիալական գրասենյակին, Կլոր սեղանին, «Փյունիկ» բարեգործական հիմնադրամին, բարերար Րաֆֆի Քյոհնելյանին, երգիչ-երգահան Դավիթ Ամալյանին, ով ակցիայի շրջանակներում համերգային ծրագրով հանդես եկավ,

«Կարաս» ազգային սննդի ցանցին, որը «Սահմանն իմ հոգուն» ակցիայով այցելելեց 1300 աշակերտի եւ ուսուցչի:

 

Նախատոնական այս օրերին ցանկանում եմ իմ սիրելի տավուշցիներին շնորհավորել Ամանորը եւ մեր Տիրոջ Սուրբ Ծնունդը՝ մաղթելով, որ 2016-ը տեւական խաղաղության, ստեղծագործ աշխատանքի եւ բարիքի արարման ժամանակաշրջան լինի: Մեր դիրքապահ եւ սահմանապահ քաջարի զինվորներին՝ անփորձանք ծառայություն եւ երջանիկ վերադարձ ընտանիք: Մենք ուխտել ենք մշտապես դրականը տեսնել, բարիք գործել մեր Տավուշ աշխարհում, իսկ խնդիրներն ու մարտահրավերները սիրով լուծել: Հիշենք մշտապես, որ Հայաստանը հրաշալի է, Տավուշը՝ բացառիկ:

 

Դավիթ Ամալյան. Շնորհակալություն եւ ներողություն

 

Երգիչ-երգահան Դավիթ Ամալյանի մտահղացմամբ եւ նախաձեռնությամբ դեկտեմբեր 26-ի երեկոյան Իջեւանի կենտրոնական հրապարակում տեղի է ունեցել տոնական համերգ, որին մասնակցել են շուրջ 60 երգիչներ, պարային խմբեր եւ արվեստագետներ:

Լուսանկարը` Տավուշի թեմի

“Համերգը շնորհակալություն եւ ներողություն էր մեր սահմանապահ ժողովրդին ու զինվորներին. ներողություն, որ նրանց կողքին չենք, եւ շնորհակալություն, որ մեր փոխարեն պահում են մեր սահմանը: Սահմանամերձ գյուղերում բնակիչների ներկայությունն ավելի է զորացնում բանակը: Այս շնորհակալությունը մենք՝ ես եւ համերգի մասնակից ողջ կազմը, հայտնել ենք բոլոր այն մարդկանց կողմից, ովքեր գիշերը գլուխները բարձին դնելուց հակառակորդի կրակոցի ձայն չեն լսում”:

 

Սիրանուշ Եղիազարյան, Մարի Թարյան

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին