2015 թվական՝ կյանք, մարդիկ, փաստեր - Mediamax.am

exclusive
16935 դիտում

2015 թվական՝ կյանք, մարդիկ, փաստեր


Լուսանկարը` 100 LIVES

Լուսանկարը` Photolure

Լուսանկարը` PAN Photo

Լուսանկարը` PAN Photo

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Photolure

Լուսանկարը` Photolure

Լուսանկարը` Photolure

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Photolure

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Shadowmatic

Լուսանկարը` PAN Photo

Լուսանկարը` Photolure

Լուսանկարը` PAN Photo

Լուսանկարը` PAN Photo


Մեդիամաքս-ը ամփոփում է 2015 թվականը` առանձնացնելով այն իրադարձությունները, որոնք առավել գրավեցին հասարակության ուշադրությունը:

 

Տարվա մարդը՝ հայ զինվորը

 

Ինչպես եւ 2014-ին, տարվա մարդը հայ զինվորն է, որը մարտական դիրքում կանգնելով՝ թույլ է տալիս մեզ գրել այս տողերը, իսկ ձեզ՝ ընթերցել դրանք:

Լուսանկարը` PAN Photo

Ցավոք, այս տարի եւս տասնյակ զոհեր ունեցանք եւ, ըստ ամենայնի, իրավիճակը լարված կմնա նաեւ 2016-ին:

 

Տարվա ցավը՝ Ավետիսյանների ընտանիքի սպանդը եւ իշխանության արձագանքը

 

Տարին սկսվեց ողբերգությամբ՝ հունվարի 12-ի վաղ առավոտյան Գյումրիի ռուսական ռազմակայանի զինծառայող Վալերի Պերմյակովը սպանեց Ավետիսյանների ընտանիքի վեց անդամներին:

 

Ընտանիքի ամենակրտսեր անդամը՝ 6-ամսական Սերյոժա Ավետիսյանը, տեղափոխվեց հիվանդանոց, սակայն մի քանի օր տեւած պայքարից հետո բժիշկներին չհաջողվեց փրկել փոքրիկի կյանքը:

Լուսանկարը` PAN Photo

Պերմյակովը ձերբակալությունն ուղեկցվեց Գյումրիում զանգվածային բողոքի ցույցերով, որոնց մասնակիցները պահանջում էին ռուս զինծառայողին հանձնել հայաստանյան արդարադատությանը:

 

Երկրում պաշտոնապես սուգ չհայտարարվեց, սակայն մարդիկ Երեւանում եւ այլ քաղաքներում մոմավառություններ կազմակերպեցին՝ հարգանքի տուրք մատուցելու Ավետիսյանների ընտանիքին:

 

Մարդկանց հունից հանել էր ոչ միայն սահմռկեցուցիչ հանցագործությունը, այլեւ իշխանությունների անկարողությունը ընկալել կատարվածի ծանրությունը եւ համարժեք արձագանք դրսեւորել:

 

Դեկտեմբերի 18-ին մեկնարկած եւ նույն օրը մեկ ամսով հետաձգված Պերմյակովի դատավարությունը վկայեց, որ իշխանություններն այդպես էլ չհասկացան, թե ինչ է պետք անել մարդկանց ցասումն ու հիասթափությունը փոքր-ինչ մեղմելու համար:

 

Տարվա խորհուրդը՝ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը

Լուսանկարը` Photolure

2015-ը հայության հավաքական հիշատակի եւ միասնականության տարի էր: Աշխարհի տարբեր երկրներում անցկացվեցին Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ոգեկոչման միջոցառումներ: Մի շարք երկրներ եւ միջազգային կազմակերպություններ ճանաչեցին եւ դատապարտեցին Հայոց ցեղասպանությունը:

Լուսանկարը` PAN Photo

Հայ առաքելական եկեղեցին սրբադասեց ցեղասպանության զոհերին: Ապրիլի 24-ին Երեւան ժամանեցին Ռուսաստանի, Ֆրանսիայի, Սերբիայի եւ Կիպրոսի նախագահները, ինչպես նաեւ մի քանի տասնյակ երկրների պատվիրակություններ:

 

Տարվա իրադարձությունը ՝ System օf a Down-ի համերգը Երեւանում

Լուսանկարը` Photolure

Հայոց Ցեղասպանության հարյուրամյա տարելիցին նվիրված System օf a Down

ռոք-խմբի «Արթնացրեք ոգիները» խորագրով համաշխարհային համերգաշարի վերջին կանգառը ապրիլի 23-ին Երեւանում էր: Հանրապետության հրապարակը դեռեւս կեսօրից բազմամարդ էր: Այդ երեկո երիտասարդ տղաներով ու աղջիկներով ողողված հրապարակը հորդ անձրեւի տակ մի քանի ժամ շարունակ ռոքի միջոցով համայն աշխարհին ուղարկեց ցեղասպանություն վերապրած հայ ժողովրդի ուղերձը՝ մենք կանք ու կլինենք: Ինչպես բեմից գոռաց Տարոն Մալաքյանը՝ «սա ոչ թե սովորական ռոք-համերգ էր, այլ վրեժ նրանցից, ովքեր սպանում էին մեզ»:

 

Տարվա հանգուցալուծումը`Սարգսյան-Ծառուկյան հակամարտությունը

 

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը փետրվարին 12-ին ՀՀԿ խորհրդի նիստում հանդես եկավ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի աննախադեպ կոշտ քննադատությամբ: Նա, մասնավորապես, ասաց, թե «Գագիկ Ծառուկյան քաղաքական դերակատարը մեր երկրի համար դարձել է չարիք»:

Լուսանկարը` PAN Photo

Գագիկ Ծառուկյանն ի պատասխան հայտարարեց, որ ծանոթացել է «այդ մարդու» ելույթին եւ մի շարք մեղադրանքներ հնչեցրեց, օրինակ, «բիզնեսը տեռորի ենթարկելու» մասին: ԲՀԿ առաջնորդը նկատեց նաեւ, որ «այդ մարդը չխոսեց անգամ այն ժամանակ, երբ Նազարբաեւը նվաստացնում եւ ստորացնում էր իրեն»։

 

Մի քանի օր անց, սակայն, ՀՀԿ ներկայացուցիչների կողմից բազմաթիվ հրապարակային նվաստացումների եւ ստորացումների արժանացած Ծառուկյանը հայտարարեց, որ հեռանում է քաղաքականությունից, իսկ ԲՀԿ-ն փաստացի հրաժարվեց իր ընդդիմադիր կեցվածքից:

 

Տարվա նախաձեռնությունը՝ «100 կյանք» նախագիծը

Լուսանկարը` 100 LIVES

Մարտի 10-ին Նյու Յորքում գործարկվեց «100 կյանք» նախաձեռնությունը եւ հայտարարվեց «Ավրորա» միջազգային մարդասիրական մրցանակի հիմնադրման մասին: Նախաձեռնությունը կոչված է երախտիքի տուրք մատուցելու այն անհատներին ու կազմակերպություններին, որոնք 100 տարի առաջ հերոսական ջանքերի գնով փրկում էին հայերին։ «100 Կյանք»-ի  համահիմնադիրներն են հայտնի գործարարներ եւ բարերարներ Ռուբեն Վարդանյանն ու Նուբար Աֆեյանը եւ Նյու Յորքի Քարնեգի հիմնադրամի նախագահ Վարդան Գրեգորյանը:

 

2016 թվականի ապրիլի 24-ին Երեւանում կկայանա «Ավրորա» մրցանակի շնորհման առաջին արարողությունը՝ Ջորջ Քլունիի մասնակցությամբ:

 

Տարվա հյուրերը՝ Քարդաշյան քույրերն ու Քանյե Ուէսթը

Լուսանկարը` Photolure

Ապրիլին ռեալիթի-շոուների հայազգի աստղ Քիմ Քարդաշյանն ամուսնու` ռեփեր Քանյե Ուեսթի, դստեր` Նորթի, եւ քրոջ` Քլոե Քարդաշյանի հետ առաջին անգամ ժամանեց նախնիների հայրենիք: Հանրահայտ ընտանիքին Հայաստանում դիմավորեցին ավելի ջերմ, քան սպասում էին Քարդաշյանները: Այցի ընթացքում Քարդաշյան քույրերը եղան Հայաստանի տեսարժան վայրերում, հանդիպեցին վարչապետի հետ, այցելեցին Ծիծեռնակաբերդ: Քույրերը Հայաստանում հայտարարեցին, որ շարունակելու է ակտիվորեն պայքարել Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման ու դատապարտման համար եւ խոստացան հայերեն սովորել:

Լուսանկարը` Photolure

Այցի վերջին օրը Քանյե Ուեսթը անակնկալ չնախատեսված համերգ կազմակերպեց Կարապի լճում, որի ընթացքում ցատկեց լիճը՝ գրկախառնվելով իր հայաստանցի երկրպագուների հետ: Քարդաշյանների այցը հսկայական ուշադրության արժանացավ միջազգային մամուլում: 

 

Տարվա բացահայտումը՝  Պատչ Ադամսը

 

Մայիսին IDeA հիմնադրամի հրավերով Երեւան ժամանեց Հանթեր Դոէրթի Ադամսը, նույն ինքը` Պատչ Ադամսը, որը լինելով բժշկական գիտությունների թեկնածու, մարդկանց դեղերով չի բուժում: Տարիներ առաջ բժշկական խալաթի փոխարեն նա հագավ ծաղրածուի հագուստն ու, ծիծաղով զինված, մտավ աշխարհի տարբեր հիվանդանոցներ:

Լուսանկարը` Մեդիամաքս

Պատչ Ադամսը եւ նրա թիմն այցելեց Երեւանի, Գյումրիի, Վանաձորի եւ Դիլիջանի մանկատներում ու մանկական հիվանդանոցներ, որտեղ «Դոկտոր Ծիծաղի» մասին դեռ երկար կհիշեն:

 

Տարվա կորուստը՝ Քըրք Քրքորյանի մահը

Լուսանկարը` Photolure

Հունիսի 16-ին Լոս-Անջելեսում 98 տարեկան հասակում մահացավ ամերիկահայ հայտնի գործարար, բարերար Քըրք Քըրքորյանը: Քըրքորյանը սերում էր Խարբերդից Ֆրեզնո գաղթած Ահարոն Գրիգորյանի ընտանիքից։ Նա բազմաթիվ բարեգործական ծրագրեր է իրականացրել Հայաստանի եւ հայության համար: 2004 թվականին, հայրենիքին մատուցած բացառիկ ծառայությունների համար, Քըրք Քըրքորյանն արժանացավ Հայաստանի Ազգային հերոս կոչումը:

 

Տարվա ոգեւորությունն ու հիասթափությունը՝ #ElectricYerevan շարժումը

 

Հունիսին Երեւանի կենտրոնը վերածվեց էլեկտրական մեծ լարում ունեցող հարթակի: Հունիսի 19-ից «Ոչ թալանին» նախաձեռնությունը նստացույց էր սկսել Ազատության հրապարակում՝ իշխանություններից պահանջելով չեղյալ հայտարարել էլեկտրաէներգիայի թանկացման որոշումը: Հունիսի 22-ի երեկոյան նստացույցը տեղափոխվեց Բաղրամյան պողոտա: Հաջորդ օրը վաղ առավոտյան ոստիկանությունը, գործի դնելով ջրցան մեքենան, ցուցարարներից «մաքրեց» Բաղրամյան պողոտան եւ Ազատության հրապարակը: Ոստիկանության ուժի կիրառումից հետո հաջորդ օրը փողոց դուրս եկած քաղաքացիների թիվը բազմապատկվեց: Ակցիայի մասնակիցները մի քանի օր շարունակ նստացույց արեցին Բաղրամյան պողոտայում:

Լուսանկարը` Մեդիամաքս

Չունենալով գործողությունների հստակ ծրագիր՝ Electric Yerevan անվանումը ստացած շարժման շարքերում պառակտում սկսվեց: Ցուցարարների մի մասը մնաց Բաղրամյան պողոտայում, մի մասն էլ նախընտրեց պայքարը շարունակել Ազատության հրապարակում: Մեծ ոգեւորությամբ սկսված պայքարի լարումը մարեց եւ ոստիկանությունը առանց մեծ ջանքերի ազատեց Բաղրամյան պողոտան:

 

Էլեկտրաէներգիան ի վերջո թանկացավ, բայց #ElectricYerevan-ը Հայաստանի նորագույն պատմության մեջ մտավ որպես ամենաբարի եւ ամենաերիտասարդական շարժումներից մեկը:  

 

Տարվա արտահայտությունը՝ «Բիբինս ուտեք»

Լուսանկարը` PAN Photo

#ElectricYerevan շարժումն աչքի ընկավ նաեւ հետաքրքիր պաստառներով եւ արտահայտություններով: Դրանցից ամենայուրահատուկը «Բիբինս ուտեք» կոչն էր:

 

Տարվա մեմը՝ «Ես Վովան եմ»

Լուսանկարը` Photolure

#ElectricYerevan-ի ժամանակ ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը պարբերաբար այցելում էր Բաղրամյան պողոտա եւ շփվում էր ցուցարարների հետ: Մի օր նրա նյարդերը տեղի տվեցին ու նա սկսեց բղավել. «Սթափվեք: Ես Վովան եմ, ես Գասպարյան Վովան եմ»:

 

Այդ արտահայտությունները միանգամից մեմ դարձան եւ ի հայտ եկան բազմաթիվ զվարճալի տարբերակներ.

 

 

Այս նյութը պատրաստելիս, սակայն, հայտնաբերեցինք, որ ամենահաջողված հումորային տարբերակները YouTube-ից հեռացված են: Մնում է միայն կռահել՝ դա հեղինակների, թե՞ մեմի հերոսի նախաձեռնությունն էր:

 

Տարվա նվաճումը՝ Shadowmatic խաղը

 

Տարեսկզբին հայկական Triada Studio-ն թողարկեց Shadowmatic խաղը՝ iPhone-ի եւ iPad-ի համար: Թողարկման պահին այն հայտնվել էր գրեթե բոլոր երկրների Apple Store-ի Editor’s Choice հատվածում, ինչն առաջացրեց ոչ միայն օգտատերերի, այլեւ աշխարհի առաջատար լրատվամիջոցների հետաքրքրությունը:

Լուսանկարը` Shadowmatic

Ամռանը Triada Studio-ն արժանացավ Apple ընկերության ամենամյա Apple Design Awards մրցանակին, իսկ տարեվերջին «տարվա խաղ» ճանաչվեց մի շարք երկրներում, ներառյալ Ռուսաստանը, Ճապոնիան, Չինաստանը, Հնդկաստանը:

 

Shadowmatic-ի շռնդալից մեկնարկը դարձավ անկախ Հայաստանի «հաջողության պատմություններից» մեկը եւ անշուշտ խթանի դեր կունենա շատ երիտասարդ IT-մասնագետների համար:

 

Արա Թադեւոսյան, Եկատերինա Պողոսյան

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին