Երեւան: Մեդիամաքս: Ֆրանսիական Grand Orient De France մասոնական օթյակի Մեծ Վարպետ Գի Արսիզեն Երեւան է ժամանել` աջակցելու հայկական ֆրանկմասոնների օթյակի հիմնադրմանը:
Ինչպես հաղորդում է Մեդիամաքսը, Գի Արսիզեն ասել է, որ Հայաստանում կան շուրջ 15-20 ֆրանկմասոններ:
Նա նշել է, որ օթյակի հիմնադրումը երկարատեւ գործընթաց է, որը կարող է թեւել 10-ից մինչեւ 15 տարի: Միաժամանակ, Գի Արսիզեն ասել է, որ հայաստանցի ֆրանկմասոնները ստիպված են թաքցնել իրենց ով լինելը, քանի որ Հայաստանում «ֆրանկմասոնությունը դիտարկվում է որպես վտանգավոր աղանդ, թեեւ իրականում դա այդպես չէ»:
«Ես Հայաստանում եմ սեփական նախաձեռնությամբ` ֆրանկմասոնության փիլիսոփայությունը մատչելի եւ հասկանալի դարձնելու համար, ինչպես նաեւ իմ հայ եղբայրներին ուժ տալու եւ աջակցություն ցուցաբերելու նպատակով», - ասել է Գի Արսիզեն:
Նա նշել է, որ կան մասոնության 2 ճյուղեր` ֆրանկմասոնությունը եւ անգլո-սաքսոնական մասոնությունը, որոնք տարանջատվել են XIX դ.-ի վերջին: Գի Արսիզեն պարզաբանել է, որ ֆրանկմասոնները ավելի շատ զբաղված են քաղաքացիական եւ սոցիալական խնդիրներով, մասնավորապես, հանդես են գալիս տարբեր իրավունքների եւ ազատությունների պաշտպանության օգտին, իսկ անգլո-սաքսոնական մասոնները ավելի շատ կենտրոնացած են միստիցիզմի վրա: