Երեւան: Մեդիամաքս: «100 կյանք» նախագիծը հիմնադրել է Ամալ Քլունիի անվան ամենամյա կրթաթոշակ, որի շնորհիվ երիտասարդ լիբանանցի աղջիկները կկարողանան սովորել UWC Դիլիջան քոլեջում:
«Որպես մարդու իրավունքների առաջատար պաշտպան՝ Ամալ Քլունին իր օրինակով ներշնչում է երիտասարդ կանանց ամբողջ աշխարհում: Նա մարմնավորում է ազնվությունը, դիմացինին կարեկցելու եւ նվիրվելու կարողությունը՝ խորհրդանշելով աշխարհի քաղաքացու կերպարը»,- ասել է «100 կյանք» նախագծի եւ UWC Դիլիջան քոլեջի համահիմնադիր Ռուբեն Վարդանյանը:
Նրա խոսքերով, «100 կյանք» նախագիծը գիտակցում է ավելի մեծ միջմշակութային ընկալման կարեւորությունն ապագա սերունդների համար:
«Քոլեջը, միավորելով պայծառ երիտասարդ առաջնորդների աշխարհի տարբեր երկրներից, ձգտում է կրթությունը դարձնել խաղաղության շարժիչ ուժ»,- ասել է Ռուբեն Վարդանյանը:
Այս կրթաթոշակի միջոցով յուրաքանչյուր տարի Լիբանանից մեկ աշակերտուհի կսովորի Դիլիջանի դպրոցում երկու տարի տեւողությամբ Միջազգային Բակալավրիատ ծրագրով: Կրթաթոշակը կշնորհվի օրինակելի ակադեմիական ունակություններ եւ մարդու իրավունքների ու միջազգային հարցերի շուրջ հետաքրքրություն դրսեւորած մասնակցին:
Ամալ Քլունիի անվան առաջին կրթաթոշակը կշնորհվի լիբանանցի ուսանողուհի Պամելա Թեբչրանիին, ով ազատ տիրապետում է արաբերենին, ֆրանսերենին եւ անգլերենին: Կրթաթոշակի օգնությամբ նա կմասնագիտանա մարդու իրավունքների եւ կանանց հավասար իրավունքների ապահովման ոլորտում:
«Այս կրթաթոշակը երիտասարդ լիբանանցի աղջիկներին կտա կյանքի ամենամեծ հնարավորություններից մեկը: Միջմշակութային կրթությունը եւ արտասահմանում սովորելը կարող է բեկումնային փոփոխություն ունենալ նրանց կյանքում: Ես շնորհակալ եմ «100 կյանք» նախագծին՝ երիտասարդ եւ պայծառ երիտասարդների առջեւ նոր դռներ բացելու համար»,- ասել է Ամալ Քլունին:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: