Դեկտեմբերի 9-ին «Միրզոյան» գրադարանում IDeA հիմնադրամը ներկայացրեց Թբիլիսիի Սուրբ Գեւորգ առաջնորդանիստ տաճարի վերակառուցման ծրագրի շրջանակներում հրատարակված «Սուրբ Գեւորգ. որմնանկարներ», «Սայաթ Նովա. քնարերգություն» եւ «Քարթլիի թագուհի Շուշանիկը» գիրք-ալբոմների շնորհանդեսը:
Գրքերը հրատարակվել են հայ, վրացի, ռուս եւ անգլիացի խմբագրերի եւ դիզայներների համատեղ աշխատանքի արդյունքում:
Լուսանկարը` Մեդիամաքս
«Քարթլիի թագուհի Շուշանիկը» ալբոմը Վարդան Մամիկոնյանի դստեր` Շուշանիկի վկայագրությունն է: Ալբոմի հեղինակների առաջարկով Շուշանիկի պատմությունն իրենց մեկնաբանությամբ նկարազարդումների միջոցով ներկայացրել են Հայաստանի գեղագիտության ազգային կենտրոնի, Վրաստանի Է. Գորգաձեի անվան մանկական պատկերասրահի սաները եւ Արցախի պատանի նկարիչները:
Լուսանկարը` Մեդիամաքս
«Թբիլիսին բազմազգ, բազմալեզու քաղաք է, գրքերն էլ այդպիսին ստացվեցին: Կարծում եմ, արդյունքում իսկական դարերի երկխոսություն ունեցանք` անցյալն ու ներկան հանդիպեցին», - ասել է IDeA հիմնադրամի մշակութային ծրագրերի պատասխանատու, գրքերի հրատարակության ծրագրի ղեկավար Էլեոնորա Մալխասյանը:
Լուսանկարը` Մեդիամաքս
«Սայաթ Նովա. քնարերգություն» ալբոմում նկարազարդումների միջոցով փորձ է արվել ներկայացնել այն թբիլիսյան մթնոլորտը, որտեղ ապրել է աշուղը:
Սուրբ Գեւորգ եկեղեցու վերականգնման արդյունքում դարեր շարունակ սվաղի ու գաջի շերտերի տակ մնացած Հովնաթանյանների, Գեւորգ Բաշինջաղյանի եւ անհայտ վարպետների հեղինակած որմնանկարների ներկայացված են «Սուրբ Գեւորգ. որմնանկարներ» ալբոմում:
Լուսանկարը` Մեդիամաքս
Նախապես ծրագրվել էր, որ գիրք-ալբոմները կտպագրվեն եկեղեցու վերակառուցման ծրագրի բարերարներին նվիրելու համար, սակայն հետո որոշվեց, որ դրանք տեղ կգտնեն Երեւանի եւ մարզային գրադարաններում, նաեւ հասանելի կլինեն քաղաքի գրախանութներում:
Գիրք-ալբոմները հրատարակվել են «Նուշիկյան Պրինտ» տպագրատանը:
Լենա Գեւորգյան
Լուսանկարները` Մարիամ Լորեցյանի
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: