Երեւան: Մեդիամաքս: Հայտնի պատմաբան Կլոդ Արմեն Մութաֆյանը (Ֆրանսիա) Մոսկվա է այցելել Հայագիտական հետազոտությունների զարգացման ու աջակցման «Անիվ» հիմնադրամի հրավերով:
Ինչպես Մեդիամաքսին հայտնել են «Անիվ»-ից, պրոֆեսորը հանդես է եկել հայոց պատմության հետ կապված մի շարք դասախոսություններով Մոսկվայի մտավորականների եւ գործարարների, ինչպես նաեւ հայկական երիտասարդական կազմակերպությունների առջեւ:
Մասնավորապես, Կլոդ Մութաֆյանը երկու դասախոսություն է կարդացել Մոսկվայի պետական համալսարանում (ՄՊՀ): Առաջին դասախոսության ընթացքում, որը նվիրված է եղել Հայաստանի պատմությանը Խաչակրաց արշավանքների եւ մոնղոլների զավթումների շրջանում (XI–XIV դդ.), պատմաբանը ուշադրությունը կենտրոնացրել էր Կիլիկյան Հայաստանի կայացման, զարգացման ու անկման վրա:
Երկրորդ դասախոսությունը նվիրված է եղել պատմական հայկական սփյուռքին ՝ միջնադարյան խոշոր հայկական համայնքներին Իտալիայում, Ղրիմում, Լեհաստանում, Ուկրաինայում եւ Ռումինիայում:
ՄՊՀ-ի միջոցառումը կազմակերպվել էր Պատմության ֆակուլտետի Սփյուռքերի պատմության լաբորատորիայի աջակցությամբ:
Կլոդ Մութաֆյանի մոսկովյան այցը տեղի է ունեցել «Անիվ» հիմնադրամի նախագծի շրջանակում՝ նվիրված «L’Arménie du Levant (XIe-XIVe siècle)», 2 vols. Paris: Les Belles Lettres, 2012 գրքի թարգմանությանը:
Գրքի ռուսալեզու տարբերակը կոչվելու է «Армения в эпоху крестовых походов и монгольских завоеваний»: Այս աշխատությունում Կլոդ Մութաֆյանն ապացուցում է, որ անկախ Մեծ Հայքից հեռու գտնվելու եւ ընդհանուր սահմաններ չունենալու հանգամանքից՝ Կիլիկիան հայկական աշխարհի բնական մի մասն էր եւ հայկական պետականության կրող:
«Անիվ» հիմնադրամի ղեկավարության կարծիքով՝ այդ մենագրության ռուսալեզու տարբերակի տպագրումը կօժանդակի Կիլիկյան Հայաստանի թագավորության պատմության տարածմանը եւ հայագիտության զարգացմանը:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: