«Տաթեւեր» ճոպանուղին հինգ տարեկան է - Mediamax.am

11077 դիտում

«Տաթեւեր» ճոպանուղին հինգ տարեկան է


Լուսանկարը` IDeA


Երեւան: Մեդիամաքս: Հինգ տարի առաջ, 2010 թվականի հոկտեմբերի 16-ին, գործարկվեց աշխարհի ամենաերկար հետադարձելի «Տաթեւեր» ճոպանուղին:

Գործարկումից ի վեր ճոպանուղուց օգտվել է շուրջ 430 000 ուղեւոր, միայն այս տարվա ինն ամիսների ընթացքում՝ շուրջ 90 հազար այցելու: Մինչեւ ճոպանուղու կառուցումը տարեկան Տաթեւ այցելողների թիվը չէր գերազանցում 7 հազարը:

 

Հինգ տարիների ընթացքում ճոպանուղին յուրօրինակ խթան է դարձել տարածաշրջանի զարգացման համար: Զբոսաշրջային հոսքերի աճը նաեւ նպաստել է համապատասխան ենթակառուցվածքների զարգացմանը. վերջին հինգ տարվա ընթացքում Գորիսում բացվել է 10 նոր հյուրանոց, վանական համալիրի հարակից համայնքներում գործում են շուրջ երկու տասնյակ հյուրատներ, սպասարկման այլ օբյեկտենր:

 

«Տաթեւեր» ճոպանուղին նաեւ տեղի բնակիչների համար աշխատատեղերի, գյուղմթերքի իրացման, զբոսաշրջային առաջարկների մշակման նոր հնարավորություններ է ստեղծել: Ճոպանուղու շուրջ 60 աշխատակիցների մեծ մասը տեղացիներ են:

 

«Ճոպանուղու շնորհիվ Տաթեւը դարձել է Հայաստանի ամենահետաքրքիր զբոսաշրջային ուղղություններից մեկը եւ իր առանձնահատուկ տեղն ունի զբոսաշրջային գործակալությունների փաթեթներում: Այն նաեւ նպաստում է հանրապետության «Հարավային միջանցք» ուղղության զարգացմանը, քանի որ դեպի Տաթեւ ուղեւորվող զբոսաշրջիկները ճանապարհին կանգ են առնում Խոր Վիրապում, Նորավանքում, Արենիում եւ Զորաց քարերում, օգտվում են մատուցվող տարբեր ծառայություններից», - նշում է «Տաթեւի վերածնունդ» ծրագրի ղեկավար Հայկ Թութունջյանը:

 

«Տաթեւեր»-ի առաջին հոբելյանի կապակցությամբ կազմակերպված միջոցառման ընթացքում «Տաթեւի վերածնունդ» ծրագրի ղեկավար Հայկ Թութունջյանը շնորհակալագրեր հանձնեց զբոսաշրջային ընկերությունների ներկայացուցիչներին՝ համագործակցության եւ Տաթեւը՝ որպես զբոսաշրջային ուղղություն զարգացնելու գործում ունեցած ներդրման համար:

 

«Մենք նաեւ մեծ ուշադրություն ենք դարձնում ճոպանուղու սպասարկմանն ու միջազգային չափանիշներին համապատասխան ծառայությունների ներդրմանը: Գարնանը ներդրվել էր աշխարհում լավագույններից մեկը համարվող՝ SKIDATA ընկերության տոմսերի վաճառքի միջազգային համակարգը, իսկ ամռանը, զբոսաշրջային ամենաակտիվ շրջանում, գործարկվեց տոմսերի վաճառքի օնլայն համակարգը՝ էապես հեշտացնելով տոմսերի ձեռք բերման գործընթացը»,- նշում է «Տաթեւերի» տնօրեն Վահե Բաղդասարյանը՝ ընդգծելով, որ ճոպանուղու աշխատակիցների համար մշտապես վերապատրաստման դասընթացներ են կազմակերպվում՝ մասնագիտական հմտությունների բարձրացման նպատակով:

 

«Տաթեւեր»-ի հնգամյակի կապակցությամբ «Տաթեւի վերածնունդ» ծրագրի եւ ճոպանուղու ղեկավարության կողմից խրախուսվեցին նաեւ ճոպանուղու լավագույն աշխատակիցները:

 

«Տաթեւեր» ճոպանուղին կառուցվել է «Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» (IDeA) հիմնադրամի «Տաթեւի վերածնունդ» ծրագրի շրջանակում: Այն գրանցված է Գինեսի ռեկորդների գրքում՝ ոչ միայն որպես աշխարհի ամենաերկար հետադարձելի, այլեւ որպես ամենակարճ ժամանակահատվածում (10 ամիս) կառուցված ճոպանուղի:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին