Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը 4 նոր գիրք է հրատարակել - Mediamax.am

6358 դիտում

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը 4 նոր գիրք է հրատարակել


Լուսանկարը` Photolure

Լուսանկարը` Photolure


Երեւան: Մեդիամաքս: Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում այսօր կայացել է 4 նոր լույս ընծայված գրքի շնորհանդես:

Մասնավորապես, ներկայացվել են «Հայոց ցեղասպանությունը ժամանակակից ամերիկյան հանրագիտարաններում», «Հայոց ցեղասպանությունը գրականության մեջ. երկրորդ սերնդի արձագանքները», «Արեւմտահայության թվաքանակի հարցը 1878-1914 թվականներին» մենագրությունները ու «Հայոց ցեղասպանության սկանդինավյան արձագանքը» ժամանակավոր ցուցադրության կատալոգը:

 

Ավստրիայում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան, պատմական գիտությունների դոկտոր Արման Կիրակոսյանը հեղինակել է «Հայոց ցեղասպանությունը ժամանակակից ամերիկյան հանրագիտարաններում» 16 գլխից բաղկացած աշխատությունը, որը տպագրվել է անգլերեն:

 

Հեղինակն ուսումնասիրել եւ վերլուծել է ԱՄՆ-ում վերջին 15 տարիներին տպագրված շուրջ 40 մասնագիտացված եւ թեմատիկ հանրագիտարաններ, բառարաններ, ձեռնարկներ:

 

«Ես սա գիտական աշխատանք չեմ համարում, բայց շատ կարեւոր աշխատություն է գիտնականների համար: Այն մեծ նշանակություն ունի նաեւ քարոզչական տեսանկյունից: Պետք է փորձենք տարածել այս գիրքը աշխարհի բոլոր գրադարաններում»,- ասել է Արման Կիրակոսյանը:

 

ՀՑԹԻ գիտաշխատող, պատմական գիտությունների թեկնածու Ռոբերտ Թաթոյանի հեղինակած «Արեւմտահայության թվաքանակի հարցը 1878-1914 թվականներին» մենագրությունը, ինչպես հեղինակն է ասում, «շատ կնճռոտ հարցի է անդրադառնում»:

 

«Ուսումնասիրվել են արեւմտահայության թվաքանակի վերաբերյալ 1878-1914 թթ. օսմանյան կառավարության եւ Կ. Պոլսի Հայոց պատրիարքարանի վիճակագրական տվյալները: Թուրքական կառավարությունը երկու անգամ նվազեցրել է հայերի՝ ժամանակի վիճակագրական աղբյուրներում արձանագրված թվականակը»,- մանրամասնել է Ռոբերտ Թաթոյանը:

 

ՀՑԹԻ տնօրեն Հայկ Դեմոյանը հայտնել է, որ լույս տեսած մյուս մենագրության հեղինակը բանասիրական գիտությունների դոկտոր Ռուբինա Փիրումյանն է: «Հայոց ցեղասպանությունը գրականության մեջ. երկրորդ սերնդի արձագանքներ» գրքում հեղինակը վերլուծել Ցեղասպանությունը վերապրածների երկրորդ սերնդին հիշողության փոխանցման գործընթացը, տեղեկությունների միջոցով փոխանցած ցավի ազդեցությունը եւ դրա արտացոլումը նրանց թողած գրական ստեղծագործությունների մեջ։

 

«Հայոց ցեղասպանության սկանդինավյան արձագանքը» ժամանակավոր ցուցադրության կատալոգը 22 խորագրերից է բաղկացած: Նրանում հայերեն եւ անգլերեն ներկայացվել են սկանդինավյան միսիոներական ու հումանիտար կազմակերպությունների, անձանց գործունեությունը 1894-1896 թթ. համիդյան կոտորածների, 1909թ. Կիլիկյան ջարդերի, Հայոց ցեղասպանության ժամանակ եւ դրանից հետո:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին