Հնագույն Թուրքիա vs Ուրարտու - Mediamax.am

exclusive
2279 դիտում

Հնագույն Թուրքիա vs Ուրարտու


Լուսանկարը` wikimedia.org/

Զեփյուռ Բատիկյանը
Զեփյուռ Բատիկյանը

Լուսանկարը` անձնական արխիվից

Բրիտանական թանգարանում ներկայացված գտածոներից
Բրիտանական թանգարանում ներկայացված գտածոներից

Լուսանկարը` http://www.britishmuseum.org

Բրիտանական թանգարանում ներկայացված գտածոներից
Բրիտանական թանգարանում ներկայացված գտածոներից

Լուսանկարը` http://www.britishmuseum.org

Բրիտանական թանգարանում ներկայացված գտածոներից
Բրիտանական թանգարանում ներկայացված գտածոներից

Լուսանկարը` http://www.britishmuseum.org

Բրիտանական թանգարանում ներկայացված գտածոներից
Բրիտանական թանգարանում ներկայացված գտածոներից

Լուսանկարը` http://www.britishmuseum.org


Համաշխարհային արվեստի եւ պատմության ամենանշանակալի թանգարաններից մեկում՝ Բրիտանական թանգարանում, հին հայկական գտածոներ պարունակող սրահը մինչ վերջերս կրում էր «Հնագույն Թուրքիա» անվանումը: Սակայն հետագայում այդ սրահը վերանվանվել է «Անատոլիա եւ Ուրարտու»՝ Մեծ Բրիտանիայում բնակվող Զեփյուռ Բատիկյանի եւ ընկերների ջանքերի շնորհիվ:

 

Զեփյուռ Բատիկյանն այժմ Միացյալ Թագավորության արտաքին գործերի նախարարության աշխատակցուհի է, սակայն մի քանի տարի առաջ Մեծ Բրիտանիա էր մեկնել՝ կրթությունը շարունակելու նպատակով:

Զեփյուռ Բատիկյանը Զեփյուռ Բատիկյանը

Լուսանկարը` անձնական արխիվից

«Երբ մայրս գալիս էր Լոնդոն՝ ինձ այցելության, գնում էինք Բրիտանական թանգարան եւ մեծ ցավ էինք ապրում, երբ տեսնում էինք, թե ինչպես է հայկական մշակույթը ներկայացված «Հնագույն Թուրքիա» անվան տակ։ Կարծում եմ, որ շատերն են ցասում ապրել 54 համարի սրահն այցելելով։ Սրահում ցուցադրված էին մի շարք հայկական գտածոներ, որոնք ներկայացնում են մ.թ.ա. 8-6-րդ դարերը։ Հավաքածուի մեջ մտնում են սեպագրեր, որոնցում հիշատակվում է Իշպուինի թագավորը, ինչպես նաեւ նրա որդի Մենուան։ Այստեղ են գտնվում նաեւ Կարմիր բլուրից պեղված հնագույն սափորները։

 

Մայրս փորձում էր այցելուներին բացատրել, որ դրանք հայկական մշակույթին պատկանող նմուշներ են, սակայն հասկանում էինք, որ դրանով ոչինչ չենք փոխի։ Տեղյակ էինք նաեւ, որ անհատական բողոքներ են ուղղված եղել թանգարանին, բայց դրանց չէին արձագանքել: Մենք, ի վերջո, եկանք այն եզրակացության, որ այս հարցը կարելի է լուծել միայն պետական մակարդակով»,-Մեդիամաքսի հետ զրույցում պատմում է Զեփյուռ Բատիկյանը։

 

2012թ. Զեփյուռ Բատիկյանն աշխատում էր Մեծ Բրիտանիայում ՀՀ դեսպանատանը: Նա խնդիրը ներկայացնում է Մեծ Բրիտանիայում ՀՀ դեսպան լուսահոգի Կարինե Ղազինյանին, որը խոստանում է աջակցել այս հարցում: Երբ 2012թ. նոյեմբերին ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանն այցելում է Լոնդոն՝ մասնակցելու Հայ գրատպության 500-ամյակին, Զեփյուռը նրան հանգամանորեն ներկայացնում է խնդիրը:

 

«Բրիտանական թանգարանի հետ համագործակցություն հաստատելու եւ խնդրին լուծում տալու նպատակով հանդիպեցինք Բրիտանական թանգարանի տնօրինությանը։ Հանդիպման ընթացքում քննարկվեց սրահի անվանման եւ դրանում ներկայացված հայկական նմուշների հարցը։ Նախարարը հրավիրեց թանգարանի տնօրինությանը այցելել Հայաստան եւ ավելի մոտիկից ծանոթանալ հայկական մշակութային ժառանգությանը։ Բանակցությունների արդյունքում Բրիտանական թանգարանի տնօրինությունը ընդունեց հրավերը եւ այցելեց Հայաստան»,- հիշում է Զեփյուռ Բատիկյանը:

Բրիտանական թանգարանում ներկայացված գտածոներից Բրիտանական թանգարանում ներկայացված գտածոներից

Լուսանկարը` http://www.britishmuseum.org

Այդ ընթացքում նա կապ է հաստատում նաեւ հայ եւ բրիտանացի պատմաբանների հետ՝ պարզելու համար, թե ինչպես է պետք մոտենալ խնդրին եւ ինչ լուծումներ փնտրել:

 

«Բրիտանացի պատմաբաններից դիմել էի նաեւ Քրիստոֆեր Ուոքերին, որը բողոք-նամակ հղեց թանգարանին՝ գրելով, որ հարգանք վայելող որեւէ պատմաբան կամ ազգագրագետ, ուսումնասիրելով թուրք կամ ոչ թուրք ժողովուրդներին, գտածոներն ու լեզուները, երբեւիցե չի օգտագործի «Հնագույն Թուրքիա» եզրույթը։ Նույնիսկ Աթաթուրքի կենսագրության հեղինակ Լորդ Քինրոսը իր 1954թ. «Inside Taurus» գրքի մի ամբողջ գլուխ անվանել է «Հայաստան»,- նշում է  նա:

 

Պատմական ճշմարտության վերականգնման գործում Զեփյուռին միացել են բազմաթիվ մարդիկ: Սկզբում բացվել է ֆեյսբուքյան էջ՝ «Վերականգնենք պատմական ճշմարտությունը Լոնդոնի Բրիտանական թանգարանում» անվամբ: Հետո Զեփյուռի եւ Կանադայում բնակվող նրա ընկերների ջանքերով կազմակերպվել է առցանց ստորագրահավաք, որին միացել է մոտ 12 000 մարդ՝ ոչ միայն հայ, այլ նաեւ օտարերկրացի:

 

Զեփյուռ Բատիկյանը կարծում է, որ կատարյալ տարբերակում սրահը պետք է կոչվեր «Հայաստան» կամ «Հայկական լեռնաշխարհ», սակայն սրահի անվանափոխումը «արդարության վերականգնմանն ուղղված առաջին քայլն է»:

 

Մարիամ Մանոյան

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին