Երեւան: Մեդիամաքս: «Ոչ թալանին» նախաձեռնության անդամ Վաղինակ Շուշանյանն այսօր հայտարարել է, որ Բաղրամյան պողոտայում իրենք այս պահի դրությամբ նախաձեռնող չեն:
Նա այս մասին հայտարարել է Ազատության հրապարակում:
«Բաղրամյանում մեր կողմից կառավարումը հնարավոր չէր լինի, քանի որ մի քանի կառույցներ ու անհատներ էին հայտնվել, որոնք հարցն այլ հարթակ էին տեղափոխում, եւ իրավիճակը դուրս էր գալիս մեր վերահսկողությունից: Վերջին չորս օրերի խմորումներով փորձում էին հարցը տեղափոխել քաղաքական հարթակ»,- ասել է Վաղինակ Շուշանյանը:
Նա նշել է, որ շարունակելու են լինել ժողովրդի մեջ, երեկ գիշերն էլ նախաձեռնության անդամները եղել են ե՛ւ Բաղրամյանում, ե՛ւ Ազատության հրապարակում:
Ինչ վերաբերում է Ազատության հրապարակ գնացած մարդկանց «դավաճան» անվանելուն, Վաղինակ Շուշանյանը նշել է. «Ամեն մեկը յուրովի է մտածում: Ես Բաղրամյանում այսօր եղել եմ, ամեն բան նորմալ է: Ազգի դավաճան չեմ, որ ինձ նորմալ չընդունեն: Երեկ բոլորս էլ էմոցիոնալ էինք, բայց ամեն ինչ պետք է հանգստության մեջ որոշել: Երեկ ես էլ էի էմոցիոնալ, մարդը կարող է սխալներ թույլ տալ, բայց դա չի նշանակում, որ դավաճան է»:
Նա հավելել է, որ Ազատության հրապարակ տեղափոխվելը պայմանավորված չէր ո՛չ ոստիկանության կողմից ուժի կիրառման հավանականությամբ, ո՛չ էլ ՀՀ նախագահի հայտարարությամբ:
«Ըստ էության, նախաձեռնությունը որոշում չի կայացրել, պարզապես մի մասը մնացին պողոտայում, մի մասն էլ եկավ Ազատության հրապարակ»,- ասել է Վաղինակ Շուշանյանը:
Անդրադառնալով ՀԷՑ-ում աուդիտ անցկացնելու վերաբերյալ ՀՀ նախագահի հայտարարությանը՝ նա ասել է, որ «դա ընդամենը հետքայլ էր իրենց համար, մեծ ճանապարհի մի մասն էր, որ իշխանությունները զիջեցին»:
«Մենք բոլորս լինելու ենք թե՛ Բաղրամյանում, թե ՛ Ազատության հրապարակում: Պետք է փողոցային ճնշումն ավելի ուժեղ պահել ու մեր պահանջի պատասխանին հասնել նաեւ իրավական հարթակում»,- ասել է նախաձեռնության անդամը:
Նա հավելել է, որ այս պահին քննարկումներ են ընթանում, հետագա գործողությունների մասին կհայտնեն ավելի ուշ:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: