Վարչապետը կոչ է արել չսրել իրավիճակը - Mediamax.am

4938 դիտում

Վարչապետը կոչ է արել չսրել իրավիճակը


ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը
ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը

Լուսանկարը` Photolure


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը կոչ է արել Բաղրամյան պողոտայում բողոքի ակցիան շարունակող քաղաքացիներին «զերծ մնալ հակասահմանադրական գործողություններից եւ չսրել իրավիճակը»:

«Բաղրամյան փողոցում հայտնվել են ուժեր, որոնց իրական նպատակը ոչ թե էլեկտրաէներգիայի սակագների բարձրացման հարցն է, այլ երկրում անկայունության ստեղծումն ու մեր քաղաքացիներին բախումների մղելը: Վերջիններս առաջին պլան են մղել ոչ թե հարցի սոցիալական կամ տնտեսական բաղադրիչը, այլ անհասկանալի ու անհեռատես քաղաքական նկրտումներ:

 

Մենք պատրաստակամություն ենք հայտնել այս ողջ գործընթացին ներգրավել փորձագիտական հանրության եւ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներին: Այս իրավիճակում անհասկանալի է դառնում ցուցարարների՝ Բաղրամյան պողոտան անօրինական ձեւով փակ պահելու որոշումը, մանավանդ, որ ակցիայի նախաձեռնող խումբը հայտարարեց, որ ակցիան շարունակելու են Ազատության հրապարակում»,- ասել է կառավարության ղեկավարը՝ հունիսի 28-ի երեկոյան տարածած հաղորդագրության մեջ:

 

Ըստ վարչապետի, «Ոչ թալանին» նախաձեռնության անդամները, ստանալով իրենց կողմից բարձրացված հարցի դրական լուծումը, իրավագիտակցության բարձր որակներ դրսեւորեցին, որը բխում է եւ հասարակության եւ պետության շահերից:

 

«Վերահաստատելով իշխանությունների պատրաստակամությունը՝ երկխոսության եւ համատեղ աշխատանքի միջոցով խնդիրների լուծմանը հասնելու հարցում, եւս մեկ անգամ կոչ եմ անում Բաղրամյան փողոցում բողոքի ակցիան շարունակող մեր համաքաղաքացիներին՝ զերծ մնալ հակասահմանադրական գործողություններից եւ չսրել իրավիճակը: Միաժամանակ անթույլատրելի եմ համարում ոստիկանության հանդեպ ցանկացած սադրանք. նրանք ծառայում են մեր երկրին ու ժողովրդին եւ արժանի են ամենամեծ հարգանքի»,- ասել է Հովիկ Աբրահամյանը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին