#ElectricYerevan. Վաղինակն ու Մաքսիմը - Mediamax.am

exclusive
32575 դիտում

#ElectricYerevan. Վաղինակն ու Մաքսիմը


Լուսանկարը` Մեդիամաքս

Մաքսիմ Սարգսյանը
Մաքսիմ Սարգսյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Մաքսիմ Սարգսյանը բերման է ենթարկվում հունիսի 23-ի վաղ առավոտյան
Մաքսիմ Սարգսյանը բերման է ենթարկվում հունիսի 23-ի վաղ առավոտյան

Լուսանկարը` Ֆոտոլուր

Վաղինակ Շուշանյանը
Վաղինակ Շուշանյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Վաղինակ Շուշանյանը տոնում է իր ծննդյան տոնը Բաղրամյան պողոտայում
Վաղինակ Շուշանյանը տոնում է իր ծննդյան տոնը Բաղրամյան պողոտայում

Լուսանկարը` PAN Photo


Էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման դեմ պայքարը շարունակվում է:  Պայքարը չունի հստակ ընտրված առաջնորդ, սակայն կան մարդիկ, ովքեր կարողանում են համախմբել երիտասարդներին եւ դառնալ այն ձայնը, որը բողոքի հրապարակ է բերում հանրությանը:

 

Մեդիամաքսը զրուցել է «Ոչ թալանին» նախաձեռնության ակտիվ մասնակիցներից երկուսի՝ Վաղինակի եւ Մաքսիմի հետ՝ փորձելով ներկայացնել նրանց դիմանկարները:

 

Վաղինակ Շուշանյան 

 

24 տարեկան եմ, ծնվել եմ Սպիտակում: 9 տարեկանում, ծնողներիս որոշմամբ, ընտանիքով տեղափոխվեցինք Քաշաթաղի շրջան՝ Քաշունիկ գյուղ, որտեղ ապրել ենք 6 տարի: Բավական ծանր, բայց ինձ շատ բան սովորեցրած տարիների էին: Ջուրը բերում էինք ջրհորից, լույս չկար, փոխարենը շատ կենդանիներ կային: Այդ ամենի արդյունքում բոլոր վախերն իմ մեջից իսպառ վերացան: Օգնում էի ընտանիքս, այգի մշակում: Բավական հետաքրքիր էր:

 

Որոշ ժամանակ անց հայրիկիս մոտ առողջական խնդիրներ առաջացան, կրկին վերադարձանք Սպիտակ:

 

Դպրոցն ավարտել եմ գերազանց, հետո ընդունվել եմ Մեսրոպ Մաշտոցի անվան համալսարանի իրավաբանական ֆակուլտետի իրավագիտության բաժին, այն ավարտել գրեթե գերազանց: Սակայն իմ մասնագիտությամբ չեմ աշխատել, որովհետեւ չեմ սիրել այն:

Վաղինակ Շուշանյանը Վաղինակ Շուշանյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Շատ եմ սիրում երգ-երաժշտություն, թատերական արվեստ, գրականագիտություն,  հումանիտար առարկաներ: Երբ մասնագիտության ընտրության առջեւ էի կանգնած ու փորձում էի ինձ պատկերացնել երգի կամ պարի ոլորտում, հայրս դեմ եղավ, որոշեցի իր ճանապարհն ընտրեմ՝ մանկավարժ դառնամ, ասաց, որ դա էլ անշնորհակալ գործ է: Ի վերջո` ընտրեցի իրավաբանությունը, որպեսզի օրենք իմանամ ու ցանկացած քայլ անելուց առաջ իմանամ՝ արդյո՞ք դա խնդիր կառաջացնի թե ՝ ոչ: Ցանկացած քայլ անելուց առաջ ուսումնասիրում եմ դրա իրավական կողմը, եւ եթե անօրինական որեւէ բան արած լինեի, ազատության մեջ չէի լինի:

 

Այս պահին չեմ աշխատում, մի քանի օր առաջ, գիտակցելով, որ պետք է բացակայեմ աշխատանքից, իմ դիմումի համաձայն ազատվել եմ աշխատանքից:

 

Ցանկացած ժանրի երաժշտություն եմ լսում, շատ եմ սիրում Մայքլ Ջեքսոնին, Ադրիանո Չելենտանոյին:

 

Սիրում եմ ֆուտբոլ խաղալ, մոլի երկրպագու եմ: Մոտ 15 օր առաջ եմ վերջին անգամ խաղացել: «Ոչ թալանին»  թիմը խաղում էր «Ազատություն քաղբանտարկյալներին» թիմի հետ, ճիշտ է, մենք պարտվեցինք 22:11 հաշվով, բայց համարում եմ, որ այդ պարագայում պետք էր հաղթեր «Ազատություն քաղբանտարկյալներն» թիմը. Մեր երկրում քաղբանտարկյալներ չպետք է լինեն:

 

Մի հարց կա, որում բախտս չի բերում՝ սերը. Բնավորությամբ այնպիսին եմ, որ աղջկան հավանելու դեպքում ցանկանում եմ ամենայն անկեղծությամբ շփվել, բայց մարդիկ դա ճիշտ չեն հասկանում: Մարդիկ անկեղծությունը երբեմն ճիշտ չեն ընկալում:

Վաղինակ Շուշանյանը տոնում է իր ծննդյան տոնը Բաղրամյան պողոտայում Վաղինակ Շուշանյանը տոնում է իր ծննդյան տոնը Բաղրամյան պողոտայում

Լուսանկարը` PAN Photo

Այս պահին էլ սիրահարված եմ, բայց, անկեղծ լինեմ, չեմ կողմնորոշվում, թե երկու աղջիկներից որ մեկին եմ ընտրելու. երկուսին էլ հավասարաչափ սիրում եմ, իրենցից է կախված՝ ում կընտրեմ: Որ կողմն ավելի ուժեղ գտնվի իմ սիրտը նվաճելու հարցում, իրեն կընտրեմ: Ի դեպ, վերջին օրերին երկրպագուհիներս հաճախ են նվերներ բերում: Ես էլ աշխարհի ամենառոմատիկ մարդն եմ. ցանկացած քայլ կարող եմ անել հանուն սիրո:

 

Գիրք կարդալ շատ եմ սիրում: Հատկապես ֆանտաստիկ, արկածային եւ դետեկտիվ ժանրերն եմ սիրում: Ուսանող տարիներին մեկ օրում մեկից ավել գիրք էի կարդում:

 

Առաջին գիրքը, որ կարդացել եմ՝ Աստվածաշունչն էր, հետո կարդացի Ղուրան, որ կարողանամ համեմատել:

 

Ամենամեծ ցանկությունս այն է, որ մեր երկիրն օրինավոր լինի: Ցավոք, տեսողական խնդիրների պատճառով բանակում չեմ ծառայել, բայց երազել եմ այդ մասին: Բայց անհրաժեշտության դեպքում կարող եմ լինել սահմանին՝ առաջին գծում:

 

Ընկերությունը հրաշալի բան է: Իմ իրական ընկերներին գտել եմ պայքարի շրջանակներում, ունեմ մանկության շատ ընկերներ, բայց իրական ընկերներս իմ գաղափարական ընկերներն են, որոնք օրեցօր շատանում են:

 

Մաքսիմ Սարգսյան

 

28 տարեկան եմ: Ծնվել ու ապրում եմ Երեւանում: Մասնագիտությամբ պատմաիրավագետ եմ: Եթե մեկ բառով ինձ բնութագրեմ, նվիրված մարդ եմ:

 

Սիրում եմ լողով զբաղվել, երաժշտություն լսել: Բնության գրկում եմ շատ սիրում լինել: Կան նաեւ այլ նախասիրություններ, որոնք կախված են շրջապատից, տրամադրությունից: Սիրում եմ նարդի խաղալ լավ ընկերներիս հետ:

 

Նպատակներ շատ ունեմ, բայց երազանքներ փորձում եմ չունենալ: Իհարկե, ոչ միշտ է ստացվում: Նպատակներիս մասին չեմ բարձրաձայնի: Երազանքս է ապրել այնպիսի երկրում, որտեղ մարդիկ կժպտան: Ունենալ այնպիսի երկիր, որտեղ մարդիկ անհոգ կապրեն: Իմ երազանքները երկրիս հետ են կապված:

Մաքսիմ Սարգսյանը բերման է ենթարկվում հունիսի 23-ի վաղ առավոտյան Մաքսիմ Սարգսյանը բերման է ենթարկվում հունիսի 23-ի վաղ առավոտյան

Լուսանկարը` Ֆոտոլուր

Հայաստանն ինձ համար շատ թանկ է: Եթե զգայի, որ կարող եմ ապրել ուրիշ տեղ, վաղուց գնացած կլինեի: Շատ եմ տխրում օդանավակայան գնալիս: Երբ ընկերներիս ու մտերիմներիս եմ տանում ճանապարհելու, մի պահ մտածում եմ, որ հնարավոր է՝ ես լինեմ նրանց փոխարեն: Երբ մտածում եմ, որ չեմ վերադառնալու քաղաք, չեմ տեսնելու ծնողներիս ու ընկերներիս, օդանավակայանը միանգամից սկսում է ճնշել ինձ, խեղդվում եմ: Եթե դուրս չգամ, երեւի կխեղդվեմ այնտեղ:

 

Հայրս կռվել է այս հողի համար, եթե հարկ լինի, ես էլ կկռվեմ:

 

Սիրում եմ, միշտ եմ սիրում: Աղջիկների հարցում բախտս բերում է, բայց հիմա ընկերուհի չունեմ: Իմ սիրած աղջիկը պետք է խենթ լինի: Մարդ, որը կսիրի ինձ իմ բոլոր թերություններով եւ առավելություններով: Չի նեղվի որոշակի դրսեւորումներից ու չի ունենա քառակուսի մտածելակերպ:

 

Կարծում եմ, որ ավելի լավ է սիրել, քան սիրահարված լինել: Սիրահարվածությունը շատ կարճ ժամանակում կարող է անցնել, իսկ սերը երկար ու հաճելի պրոցես է: Դժվարանում եմ սիրո բացատրությունը տալ, ոչ մեկի մոտ մինչ օրս այդպես էլ չի ստացվել: Սերը, նախ եւ առաջ, հարգանք է: Ինձ համար անընդունելի է, երբ տեսնում եմ, որ ամուսինը կարող է կնոջը ծեծել ու միեւնույն ժամանակ ասել, որ սիրում է: 

 

Ընկերությունն այս կյանքի ամենակարեւոր բանն է: Ընկերներ շատ ունեմ: Առանց ընկեր մարդը կորած է: Արժեք չունի: Կյանքում միայնակ որեւէ բանի հասնել չես կարող: Չես կարող դիմացդ առաջացող պատնեշները հաղթահարել:

 

Ինձ համար կարեւոր արժեք է անկեղծությունը: Կեղծն, ի վերջո, բացահայտվում է: Այդ դեպքում էլ մարդը մենակ է մնում: Չես կարող անընդհատ կեղծել:

Մաքսիմ Սարգսյանը Մաքսիմ Սարգսյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Հիասթափություններ ունեցել եմ: Հիասթափությունը վերլուծելու հնարավորություն է տալիս ինձ, որպեսզի հաջորդ անգամ չկրկնեմ սխալներս: Բայց նաեւ անիմաստ ժամանակի կորուստ ես ունենում, արդյունքում մնում ես ձեռնունայն:

 

Բարձրությունից եմ վախենում: Անվախ մարդը, երեւի թե, հիմար է: Չկա նման մարդ, ով որեւէ բանից վախ չունենա:

 

Հավատում եմ ուժերիս: Փորձում եմ այնպես ապրել, որ իմ կյանքը միայն անձնական կարիքներս ու հոգսերս հոգալով չանցնի: Այնպես ապրել, որ հետո մենակ չմնամ:

 

Հավասարակշռված մարդ եմ, ագրեսիվ չեմ ու կարողանում եմ զսպել էմոցիաներս: Ինձ կարող է հունից հանել սուտը: Երբ բացահայտվում է սուտը, ու դա լինում է ինձ համար թանկ մարդու կողմից, ափերից դուրս եմ գալիս: 

 

Իմ ապագան կապում եմ Հայաստանի հետ, լուսավոր Հայաստանի: Եթե հնարավորություններս ներեն, չորս կամ հինգ երեխա եմ ունենալու: Եթե դժվար լինի ապրելը, մինիմում երեք երեխա կունենամ:

 

Մարի Թարյան, Սիրանուշ Եղիազարյան

Լուսանկարները՝ Մարիամ Լորեցյանի

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին