ԱՄՆ-ը կոչ է արել հարգել ՀՀ-ում հավաքների ազատությունը - Mediamax.am

5751 դիտում

ԱՄՆ-ը կոչ է արել հարգել ՀՀ-ում հավաքների ազատությունը


Լուսանկարը` Photolure


Երեւան: Մեդիամաքս: Հայաստանում ԱՄՆ դեսպանությունն այսօր կոչ է արել հարգել հավաքների եւ խոսքի ազատությունը:

Դեսպանության տարածած հայտարարության համաձայն՝ հունիսի 22-ի երեկոյան հոսանքի գների պլանավորած թանկացման դեմ բողոքի դուրս եկած ցուցարարների եւ ոստիկանների վերաբերմունքը եղել է «քաջալերող»: Դեսպանության դիտարկմամբ՝ երկու կողմերն էլ գործել են՝ հարգելով խոսքի ու հանրահավաքների ազատությունը ու զերծ մնալով լարվածության սրումից:

 

«Սակայն մենք մտահոգված ենք հունիսի 23-ի առավոտյան ցուցարարներին ցրելու ընթացքում ոստիկանության կողմից անհամաչափ ուժի կիրառման, ինչպես նաեւ ոստիկանության բաժանմունքներում տեղ գտած բռնությունների մասին հաղորդումներով: Բացի այդ, մեզ անհանգստացնում են հաղորդումներն այն մասին, որ գործողության իրականացման ընթացքում հատուկ թիրախ են հանդիսացել լրագրողներն ու նրանց սարքավորումները: Հրամայական է, որ կառավարությունը ՀՀ օրենսդրության շրջանակում ոստիկանության կողմից անհամաչափ ուժի կիրառման մասին հաղորդումների ամբողջական ու թափանցիկ քննություն անցկացնի»,- նշել են դեսպանությունում:

 

ԱՄՆ դեսպանությունը Թվիթերի իր պաշտոնական էջում կոչ է արել պահպանել հասարակական կարգը նաեւ այս երեկո՝ հարգելով հավաքների եւ խոսքի ազատությունները:

 

Իր գրառումներում դեսպանությունը կիրառել է էլեկտրաէներգիայի թանկացման դեմ պայքարողների կողմից օգտագործվող հիմնական հեշթեգը՝ #ElectricYerevan:

 

Այսօր՝ ժամը 18:00-ին, Ազատության հրապարակում նախատեսված է բողոք-հանրահավաք՝ էլեկտրաէներգիայի թանկացման դեմ: 

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին