Երեւան: Մեդիամաքս: Այսօր վաղ առավոտյան ոստիկանությունը ցրել է Բաղրամյան պողոտայի վրա նստացույց անող երիտասարդներին, որոնք պայքարում են էլեկտրաէներգիայի թանկացման դեմ:
Ցուցարարների դեմ օգտագործվել են ջրցան մեքենաներ, գործադրվել է ֆիզիկական ուժ: Տարբեր հաղորդումների համաձայն, մոտ 200 մարդ բերման է ենթարկվել ոստիկանության բաժիններ: Ոստիկանությունը գործողություններ է իրականացրել ոչ միայն Բաղրամյան պողոտայում, այլեւ Ազատության հրապարակում:
Առավոտյան Ազատության հրապարակը շրջափակված էր ոստիկանների կողմից եւ փակ էր քաղաքացիների համար:
«Ոչ թալանին» նախաձեռնությունը նստացույց էր սկսել Ազատության հրապարակում հունիսի 19-ին: Ակցիայի կազմակերպիչներն հայտնել էին, որ եթե էլեկտրաէներգիայի թանկացման որոշումը չեղյալ չհայտարարվի մինչեւ հունիսի 22-ը, երեկոյան նրան երթ կանեն ՀՀ նախագահի նստավայրի մոտ:
Հունիսի 22-ի երեկոյան ոստիկանության մեծաթիվ ուժերը փակել էին երթի մասնակիցների ճանապարհը եւ նստացույց սկսեցին Բաղրամյան պողոտայի վրա՝ ոչ հեռու Սահմանադրական դատարանի շենքից:
Երեւանի ոստիկանության պետի տեղակալ Վալերի Օսիպյանը կոչ էր անում ցուցարարներին դադարեցնել գործողությունը՝ այն անվանելով հակաօրինական: Ավելի ուշ ոստիկանությունը հանդես եկավ պաշտոնական հայտարարությամբ եւ զգուշացրեց, որ «իր լիազորությունների իրականացման ընթացքում իրավասու է իրավախախտների նկատմամբ կիրառել ֆիզիկական ուժ եւ հատուկ միջոցներ»:
Վալերի Օսիպյանը տեղեկացրեց, որ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը պատրաստ է հանդիպել ցուցարարների 3-4 հոգանոց խմբի հետ: Սակայն «Ոչ թալանին» նախաձեռնության անդամները մերժեցին առաջարկը՝ նշելով, որ «Սերժ Սարգսյանի հետ քննարկելու բան չունեն»:
«Մեր պահանջը հստակ է՝ էլեկտրաէներգիայի թանկացման մասին Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի որոշումը պետք է չեղյալ հայտարարվի նախագահի կողմից: Թող նախագահը ստորագրի այդ թուղթը եւ մենք կգնանք տուն», - նշում էին նրանք:
Հունիսի 22-ի երեկոյան Բաղրամյան պողոտա էին ժամանել Մայր Աթոռի եկեղեցական հայեցակարգային գրասենյակի ղեկավար Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը եւ Մայր աթոռի թանգարանների եւ արխիվների տնօրեն տեր Ասողիկ քահանա Կարապետյանը: Նրանք ասացին, որ եկել են ոստիկանության եւ ցուցարարների հնարավոր բախումը կանխելու նպատակով:
Ցուցարարները բազմիցս հայտարարում էին, որ իրենց ակցիան բացառապես խաղաղ բնույթ է կրում եւ իրենք նպատակ չունեն ոստիկանության հետ բախումներ հրահրել: «Ոստիկանները մեր եղբայրներն են», - նշում էին նրանք:
Առավոտյան 05:20 սահմաններում ոստիկանությունը գործի դրեց ջրցան մեքենաները եւ ցուցարարներից «մաքրեց» Բաղրամյան պողոտան եւ Ազատության հրապարակը:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: