Հայտնի է Սրբադասման արարողությանը ներկա գտնվելու կարգը - Mediamax.am

Փետրվար 25, 2026
6867 դիտում

Հայտնի է Սրբադասման արարողությանը ներկա գտնվելու կարգը


Լուսանկարը` Մայր Աթոռի տեղեկատվական համակարգ


Երեւան: Մեդիամաքս: Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների տնօրինությունը հրապարակել է ապրիլի 23-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ցեղասպանության նահատակների սրբադասման արարողությանը մասնակցել ցանկացողների համար հատուկ երթուղին:

Ապրիլի 23-ին՝ ժամը 17:00-ից, Երեւանի Բրազիլիայի հրապարակից Էջմիածին կմեկնեն անվճար ավտոբուսներ, որոնք ուղեւորներին կհասցնեն մինչեւ Մայր Աթոռի տարածք, իսկ միջոցառման ավարտին կվերադարձնեն Երեւան:

 

«Խորհուրդ է տրվում խուսափել սեփական փոխադրամիջոցների օգտագործումից. սեփական ավտոմեքենաներով Էջմիածին մեկնողների տրանսպորտային միջոցները պետք է կայանել Էջմիածնից դեպի Արմավիր տանող ճանապարհահատվածում, որտեղից էլ ցանկացողներին ավտոբուսներով կտեղափոխեն Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին:

 

Անվտանգության նկատառումներից ելնելով` Մայր Աթոռի տարածք մուտք գործող անձանց արգելվում է` կրել կամ ունենալ քիմիական, պայթուցիկ, հրավառ եւ դյուրավառ նյութեր, զենքի ցանկացած տեսակ եւ դրանց փամփուշտներ, մեծածավալ առարկաներ, այդ թվում՝ մեծ պայուսակներ, տոպրակներ, պարկեր, ճամպրուկներ, ուսապարկեր եւ այլն», - ասված է հաղորդագրության մեջ:

 

Միջոցառման անցկացման ժամանակ  Մայր Աթոռի տարածք բերվող անձնական իրերը ենթարկվելու են զննման:




Մեր ընտրանին