Գործարկվել է Եղեռնի պատկերների թվանշային ցուցահանդեսը - Mediamax.am

3852 դիտում

Գործարկվել է Եղեռնի պատկերների թվանշային ցուցահանդեսը


Լուսանկարը` http://www.armenian-genocide.org


Երեւան: Մեդիամաքս: Հայկական ազգային ինստիտուտի (The Armenian National Institute, ANI), Վաշինգտոնում տեղակայված Հայոց ցեղասպանության թանգարանի (AGMA) եւ Ամերիկայի Հայկական համագումարի (AAA) նախաձեռնությամբ մեկնարկել է «Հայոց ցեղասպանության խորհրդանշական պատկերներ» (Iconic Images of the Armenian Genocide) խորագրով լուսանկարների թվանշային չորրորդ ցուցահանդեսը:  

 

Ցուցահանդեսում ներկայացված է Օսմանյան կայսրությունում հայ ժողովրդի նկատմամբ իրականացված վայրագությունները վկայող շուրջ 100 բացառիկ լուսանկար: Դրանք բացառիկ են, քանի որ արվել են մի շրջանում, երբ Օսմանյան կայսրությունում արգելված էր լուսանկարիչների աշխատանքը:

 

Ցեղասպանությունը պատկերող եւ փաստագրող բազմաթիվ լուսանկարներ ոչնչացվել են Առաջին աշխարհամարտի տարիներին, որոշ մասն էլ տարածվել է աշխարհի տարբեր մայրցամաքներում: Ցուցահանդեսի կազմակերպիչները կարողացել են գտնել եւ հավաքել այդ բացառիկ լուսանկարների որոշ մասը, որոնք վերստեղծում են երիտթուրքերի կողմից իրականացված հրեշավոր հանցագործության համայնապատկերը:

 

Լուսանկարները հավաքագրվել են տարբեր կառույցների եւ անհատների, այդ թվում՝ ԱՄՆ ազգային արխիվի, ԱՄՆ Կոնգրեսի գրադարանի նվիրատվությունների շնորհիվ: 

 

«Այս ցուցահանդեսը վերստեղծում է Հայոց ցեղասպանության ամբողջ ընթացքի համայնապատկերը: Ցեղասպանության գրեթե բոլոր դրվագները՝ տեղահանություն, հարձակումներ, սպանություն, սով, բնաջնջում, ներկայացված են լուսանկարների միջոցով: Ցուցահանդեսը փաստագրում է Օսմանյան կայսրությունում հայ ժողովրդի ապրած ողբերգությունն ու զրկանքները»,- ասել է Հայկական ազգային ինստիտուտի տնօրեն Ռուբեն Ադալյանը:

 

 

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին