Երեւան: Մեդիամաքս: ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ներկա է գտնվել Կոմիտասի թանգարան-ինստիտուտի բացմանը:
«Կոմիտասի թանգարան-ինստիտուտը հայ ժողովրդի միասնության եւ վերածննդի խորհրդանիշն է: Կոմիտաս վարդապետը միավորեց հոգեւորը եւ աշխարհիկը, ազնվականը եւ գեղջկականը, արեւմտահայկականը եւ արեւելահայկականը՝ ապացուցելով, թե որքան արհեստական են եղել այդ եւ բազում այլ բաժանարար գծերը: Դրանով իսկ նա դարձավ ցեղասպանությունը վերապրած հայ ժողովրդի նոր ընթացքի ռահվիրան ու երաշխավորը՝ վեր հանելով եւ մեզ հասցնելով մի ահռելի քաղաքակրթական շերտ:
Ուրախ եմ, որ այս թանգարանի շնորհիվ Կոմիտասի անօրինակ ժառանգությունն այժմ կարող է համակարգված ուսումնասիրության եւ լայն տարածման առարկա դառնալ ինչպես Հայաստանում, այդպես էլ աշխարհով մեկ: Կոմիտասը մեր մշակութային կյանքի մասնակիցն է, ով շարունակում է մեզ ուղղորդել արդեն երրորդ հազարամյակի բարդ քառուղիներում:
Կոմիտասի անվան թանգարան-ինստիտուտի բացումը կարեւոր իրադարձություն է մեր երկրի ու մեր ժողովրդի համար», - թանգարան-ինստիտուտի պատվավոր հյուրերի գրքում գրել է Սերժ Սարգսյանը:

Լուսանկարը` ՀՀ Նախագահի մամլո գրասենյակ
2013թ. մայիսի 30-ին, ՀՀ նախագահի առաջարկի հիման վրա «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդն իր նիստում որոշում ընդունեց Կոմիտասի թանգարան-ինստիտուտ ստեղծելու մասին: Ֆինանսական ծախսերը հոգացին «Փյունիկ» եւ «Լույս» հիմնադրամները: Թանգարանի նախագծի հեղինակը ու ճարտարապետը Արթուր Մեսչյանն է: 2014 թ. հուլիսի 24-ին ՀՀ կառավարությունն ընդունեց «Կոմիտասի թանգարան-ինստիտուտ» պետական ոչ առեւտրային կազմակերպություն ստեղծելու մասին որոշումը:
Կոմիտասի թանգարան-ինստիտուտը անկախ Հայաստանի առաջին նորաստեղծ թանգարանն է: Այն հագեցած է ժամանակակից տեխնոլոգիաներով. ունի համերգասրահ, մշտական ցուցադրություն եւ ժամանակավոր ցուցահանդեսների հնարավորություն: Կառույցի շրջանակում կգործեն գիտահետազոտական կենտրոնը, երաժշտական ստուդիան, գրադարանը, հրատարակչությունը: Թանգարան-ինստիտուտը կնպաստի կոմիտասագիտության զարգացմանը, մեծ երաժշտի ստեղծագործական ժառանգության հետազոտմանը եւ հանրահռչակմանը:
Կոմիտասի թանգարան-ինստիտուտի ցուցադրության կազմակերպման համար թանգարանային առարկաներ են հանձնվել Ե. Չարենցի անվան գրականության եւ արվեստի թանգարանի, Հայաստանի ազգային պատկերասրահի եւ Հայաստանի ազգային գրադարանի հավաքածուներից:
Կոմիտասի ողջ կյանքն ու գործունեությունը, ապրումներն ու մտորումները, երաժշտական-տեսական եւ հոգեւոր գործունեությունը, ինչպես նաեւ բանահավաքչական հարուստ ժառանգությունն ամփոփված են թանգարանի 8 սրահների մշտական ցուցադրության մեջ, որի հեղինակ եւ համադրողը Վարդան Կարապետյանն է, ձեւավորող–նկարիչը՝ Ալբերտո Տորսելլոն:

Լուսանկարը` ՀՀ Նախագահի մամլո գրասենյակ
Առաջին՝ «Ժամանակագրություն» սրահում ներկայացված է Կոմիտասի կենսագրությունը, երկրորդ՝ «Կոմիտասը եւ իր ժամանակակիցները» սրահում՝ բոլոր այն ճանապարհները, որոնցով անցել է Վարդապետը՝ ժամանակի գիտական միտքն ու հոգեւոր արժեքները կրող անհատականությունների հետ:
Երրորդ՝ «Կոմիտասի միտքը» սրահում ներկայացված են Կոմիտասի աշխատությունները, անձնական օգտագործման իրերը, վկայականները:
Չորրորդ՝ «Կոմիտասի բանահավաքչական գործունեությունը» սրահում ներկայացված են Գեւորգյան ճեմարանում ուսանելու տարիների նրա նոտագրության դրվագները:
Հինգերորդ՝ «Կոմպոզիտոր Կոմիտասը» սրահում՝ նրա ստեղծագործությունները՝ հեղինակային մեղեդիները:
Վեցերորդ՝ «Կոմիտասը եւ հոգեւոր երաժշտությունը» սրահում ներկայացված է հայ եկեղեցական երաժշտությունը, որը Վարդապետի ողջ գործունեության էական մասն է կազմում:
Յոթերորդ՝ «Կոմիտասի ելույթները» սրահում ներկայացված է մեծ երգահանի, որպես հայ երգի քարոզչի գործունեությունը՝ համերգներն ու դասախոսությունները, որոնցով հանդես է եկել Փարիզում, Լոզանում, Ալեքսանդրիայում, Թիֆլիսում, Կ. Պոլսում եւ այլուր։
Ութերորդ սրահ՝ «Կոմիտասից հետո». այստեղ շարժանկարի ժապավենի նման անցնում է Կոմիտասի կյանքը։
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: