Գարիկ Իսրայելյանը եւ Սթիվեն Հոքինգը ներկայացրել են «Մարդու 50 տարիները տիեզերքում» գիրքը - Mediamax.am

4835 դիտում

Գարիկ Իսրայելյանը եւ Սթիվեն Հոքինգը ներկայացրել են «Մարդու 50 տարիները տիեզերքում» գիրքը


Գարիկ Իսրայելյանը եւ Սթիվեն Հոքինգը
Գարիկ Իսրայելյանը եւ Սթիվեն Հոքինգը

Լուսանկարը` Starmus


Երեւան: Մեդիամաքս: Հայազգի աստղաֆիզիկոս Գարիկ Իսրայելյանը եւ հանրահայտ բրիտանացի ֆիզիկոս-տեսաբան, տիեզերագետ Սթիվեն Հոքինգը ներկայացրել են «Մարդու 50 տարիները տիեզերքում» գիրքը:

Գրքում ներկայացված են 2011 թվականին կայացած Starmus առաջին գիտական փառատոնի նյութերը: Սթիվեն Հոքինգը նշել է, որ գիրքը հիրավի պատմական փաստաթուղթ է, քանի որ պարունակում է լեգենդար ամերիկացի տիեզերագնաց Նիլ Արմսթրոնգի վերջին հանրային ելույթը, այլ արժեքավոր նյութեր:

 

Սթիվեն Հոքինգը գրքի առաջաբանի հեղինակն է: Գրքի խմբագիրներն են Starmus փառատոնի հիմնադիր եւ ղեկավար Գարիկ Իսրայելյանը եւ բրիտանացի ռոք-երաժիշտ, Queen խմբի կիթառահար Բրայան Մեյը:

 

Ս.թ. սեպտեմբերի 22-27-ին Կանարյան կղզիներում կկայանա Starmus գիտական երկրորդ փառատոնը: «Սկիզբը. Ժամանակակից տիեզերքի ձեւավորումը» (Beginnings: The Making of the Modern Cosmos) խորագրի ներքո կայանալիք փառատոնը կբացվի Սթիվեն Հոքինգի ելույթով:

 

Starmus-ին կմասնակցեն նաեւ միջազգային ճանաչում ունեցող աստղագետներ, ֆիզիկոսները, Նոբելյան մրցանակի դափնեկիրներ:

 

Առաջին անգամ Starmus միջազգային փառատոնն անցկացվել էր 2011թ. Տեներիֆեում: Այն նվիրված էր Յուրի Գագարինի` տիեզերք կատարած առաջին թռիչքի 50-ամյակին եւ դարձել էր գիտական ու երաժշտական վառ իրադարձություն:

 

Starmus-ի միջոցառումներին մասնակցել են առաջատար գիտնականներ, Նոբելյան մրցանակակիրներ, հայտնի տիեզերագնացներ, նրանց թվում` Նիլ Արմսթրոնգը, Ռիչարդ Դոքինզը, Ալեքսեյ Լեոնովը, Վլադիմիր Կրիկալեւը, Բազ Օլդրինը եւ այլոք:

 

Փառատոնի մասին մանրամասն տեղեկատվությունը հասանելի է http://www.starmus.com/ կայքում:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին