Երեւան: Մեդիամաքս: Deep Purple-ի վոկալիստ Իէն Գիլանը եւ Black Sabbath-ի կիթառահար Թոնի Այոմին, որոնք Գյումրիի դպրոցի վերականգնման համար ստեղծել են WhoCares սուպերխումբը, մտադիր են համատեղ ալբոմ ձայնագրել եւ հանդես գալ համերգներով:
Ինչպես հաղորդում է Մեդիամաքսը, այս մասին Թոնի Այոմին հայտնել է իտալական Linearockit օն-լայն ռադիոկայանի հետ հարցազրույցում:
Երաժիշտը պատմել է, որ սուպերխմբի ստեղծման որոշումն կայացվել է 2009 թվականի հոկտեմբերին, երբ նա եւ Իէն Գիլանը այցելեցին Հայաստան` Rock Aid Armenia նախագծում ներդրում ունենալու համար «Պատվո շքանշան» ստանալու համար: Թոնի Այոմին ասել է, որ այդ ժամանակ նրանք այցելել էին տնակային պայմաններում գտնվող Գյումրիի թիվ 6 երաժշտական դպրոցը:
«Անշուշտ` մեր եւ Հայաստանի միջեւ կապ կա: Երբ մենք Հայաստանում էինք` մեզ մեծագույն հարգանքով ընդունեցին: Երբ Հայաստանում երկրաշարժ եղավ` բոլորը խոսում էին այդ մասին, սակայն հետո մոռացան: Իսկ նրանց մոտ` ի տարբերություն Ճապոնիայի, վերականգնման համար բավարար միջոցներ չկան: Բայց մենք չմոռացանք, եւ առաջինը, ինչ արեցին Հայաստանից վերադառնալուն պես` ամենաանհրաժեշտ երաժշտական գործիքները ուղարկեցինք այդ դպրոցի աշակերտներին: Իսկ ներկա պահին մենք գտնվում նոր դպրոցի կառուցման ճանապարհին», - ասել է Թոնի Այոմին:
Պատասխանելով Իէն Գիլանի հետ համագործակցության շարունակության հեռանկարների մասին հարցին` Թոնի Այոմին ասել է, որ «մենք շատ գաղափարներ ունենք, եւ երբ ժամանակ գտնենք` մտադիր ենք համատեղ ալբոմ ձայնագրել»: Նա նաեւ ասել է, որ «մենք նաեւ կցանկանայինք մի քանի համերգներով հանդես գալ»` նշելով, որ ամեն ինչ կախված կլինի երաժիշտների ժամանակացույցից:
1988թ. Սպիտակի երկրաշարժի հետեւանքով քանդված Գյումրիի թիվ 6 երաժշտական դպրոցի վերականգնման նախագիծը համակարգում են Մեդիամաքսը, ավստրալիական Do Something կազմակերպությունը եւ Հայ Օգնության Ֆոնդը: