Երեւան: Մեդիամաքս: ՀՀ Կառավարությանն առընթեր միգրացիոն պետական ծառայության ղեկավար Գագիկ Եգանյանն անհիմն է անվանել որոշ լրատվամիջոցների տեղեկատվությունն այն մասին, թե տարեկան Հայաստանը 70 հազար քաղաքացի է լքում:
Ինչպես հաղորդում է Մեդիամաքսը, Գագիկ Եգանյանն ասել է, որ 2008 թվականին արտագաղթի բացասական սալդոն կազմել է 23 059 քաղաքացի, 2009-ին` 24 978, 2010-ին` 29 860:
«Այդ պայմաններում խոսք չի կարող գնալ զանգվածային արտագաղթի մասին», - ասել է ՄՊԾ ղեկավարը:
Գագիկ Եգանյանը նաեւ ասել է, որ ԶԼՄ-ները բացասական դեր են խաղում Ռուսաստանի կառավարության կողմից իրականացվող «Քաղաքացիների արտագաղթ» ծրագիրը «գովազդելու» տեսանկյունից: Նրա խոսքով, իրավական տեսանկյունից ՀՀ իշխանությունները չեն կարող կանխել այս ծրագրի իրականացումը:
«Այդ ծրագրի շրջանակներում 4 տարիների ընթացքում Հայաստանում Ռուսաստանի դեսպանատուն են դիմել ՀՀ 26 հազար քաղաքացի, որոնցից միայն 2.919 ցանկություն են հայտնել մասնակցել նախագծին եւ լրացրել են փաստաթղթերը, իսկ վերաբնակի կարգավիճակ է տրվել 822 քաղաքացու: Վերջնական հաշվով, Ռուսաստան է տեղափոխվել 622 ընտանիք, կամ 1508 մարդ», - ասել է Գագիկ Եգանյանը:.
Նա կոչ է արել ԶԼՄ-ներին ծանոթանալ ծրագրին www.fmsArmenia.ru կայքի միջոցով եւ հասարակությանը հավասարակշռված եւ հավաստի տեղեկատվություն տրամադրել` «ծրագրին քաղաքացիների հետաքրքրությունը չգրավելու եւ դեսպանատանը հերթերի գոյացումից խուսափելու նպատակով»: