Հայ գիտնականն արժանացել է Կանարյան կղզիների բարձրագույն պարգեւին - Mediamax.am

exclusive
5002 դիտում

Հայ գիտնականն արժանացել է Կանարյան կղզիների բարձրագույն պարգեւին


Լուսանկարը` Գ.Իսրայելյանի արխիվից


Երեւան: Մեդիամաքս: Հայ աստղաֆիզիկոս Գարիկ Իսրայելյանն արժանացել է Կանարյան կղզիների բարձրագույն պարգեւին՝ Ոսկե մեդալին:

Այդ պարգեւը ամեն տարի շնորհվում է այն անձանց կամ կազմակերպություններին, որոնք նշանակալի ավանդ են ունեցել Կանարյան կղզիների կյանքում:

 

Պարգեւը Գարիկ Իսրայելյանին հանձնել է Կանարյան կղզիների նախագահ Պաուլինո Ռիվերոն:

 

Գարիկ Իսրայելանն աշխատում է Կանարյան կղզիների Աստղաֆիզիկայի ինստիտուտում:

 

2010-ին շվեյցարացի աստղաֆիզիկոս, Ժնեւի համալսարանի աստղագիտության բաժնի պրոֆեսոր Միշել Մայորը եւ իր գիտական խումբը, որի կազմում էին Գարիկ Իսրայելյանը եւ Նունու Սանտոշը, դարձան Հայաստանում սահմանված Վիկտոր Համբարձումյանի անվան միջազգային մրցանակի առաջին դափնեկիրները:

 

Գարիկ Իսրայելանը նաեւ STARMUS գիտական փառատոնի նախաձեռնողն է:

 

Այս տարվա սեպտեմբերի 22-27-ին Կանարյան կղզիներում կայանալիք STARMUS երկրորդ փառատոնին կմասնակցի հանրահայտ բրիտանացի ֆիզիկոս-տեսաբան, տիեզերագետ Սթիվեն Հոքինգը: Նախատեսվում է, որ հենց նա կբացի «Սկիզբը. Ժամանակակից տիեզերքի ձեւավորումը» (Beginnings: The Making of the Modern Cosmos) խորագրի ներքո կայանալիք փառատոնը:

 

STARMUS գիտական երկրորդ փառատոնին կմասնակցեն նաեւ միջազգային ճանաչում ունեցող աստղագետներ, ֆիզիկոսները, Նոբելյան մրցանակի դափնեկիրներ:

 

Առաջին անգամ STARMUS միջազգային փառատոնն անցկացվել էր 2011թ. Տեներիֆեում: Այն նվիրված էր Յուրի Գագարինի` տիեզերք կատարած առաջին թռիչքի 50-ամյակին եւ դարձել էր գիտական ու երաժշտական վառ իրադարձություն:

 

Փառատոնի մասին մանրամասն տեղեկատվությունը հասանելի է http://www.starmus.com  կայքում:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին