Գարեթ Ռեյսմանը տիեզերական քայլի, ձախողման դերի ու Իլոն Մասկի մասին - Mediamax.am

exclusive
2024 դիտում

Գարեթ Ռեյսմանը տիեզերական քայլի, ձախողման դերի ու Իլոն Մասկի մասին


Գարեթ Ռեյսմանը
Գարեթ Ռեյսմանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Գարեթ Ռեյսմանը
Գարեթ Ռեյսմանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Վիլիամ Անդերսի «Earthrise» լուսանկարը
Վիլիամ Անդերսի «Earthrise» լուսանկարը

Լուսանկարը` William Anders/ NASA

Գարեթի սելֆին տիեզերքից
Գարեթի սելֆին տիեզերքից

Լուսանկարը` Garrett Reisman/NASA

Գարեթ Ռեյսմանը
Գարեթ Ռեյսմանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` NASA

Լուսանկարը` NASA

Գարեթ Ռեյսմանը
Գարեթ Ռեյսմանը

Լուսանկարը` Մեդիամաքս


STARMUS VI փառատոնի շրջանակում NASA-ի նախկին տիեզերագնաց, SpaceX-ի ավագ խորհրդական Գարեթ Ռեյսմանը եւ հայազգի առաջին տիեզերագնաց Ջեյմս Բաղյանը «Թումո» կենտրոնում հանդիպեցին երիտասարդներին ու պատմեցին իրենց տիեզերական արկածների մասին:

 

Ներկաները հնարավորություն ստացան դիտելու տիեզերքում կյանքն արտացոլող տեսանյութեր եւ նրանցից լսելու դեպի տիեզերք ճանապարհի ու արտասովոր զգացողությունների մասին:

 

Մեդիամաքսն առանձնացրել է Գարեթ Ռեյսմանի դասախոսության հետաքրքրական հատվածները:

 

Այդքան բաղձալի կրծքանշանը

 

Պատմեմ 2008 թվականի իմ առաջին առաքելության՝ Միջազգային տիեզերական կայան գնալու մասին: Ես այնտեղ 95 օր անցկացրի: Քանի որ մենք մերոնցով ենք, անկեղծ կլինեմ. 95 օր մնալն իրականում շատ հիասթափեցնող էր, որովհետեւ եթե մնաս 100 օր, կրծքանշան կստանաս: Ինձ տուն բերող տիեզերանավի ղեկավարման համակարգին ասացի, որ միայն 5 օր է պակասում կրծքանշանի համար, կարո՞ղ ենք մի քանի պտույտ անել, ոչ ոք չի նկատի: Համակարգը պատասխանեց, որ ո´չ, պետք է տուն գնամ, առաքելության վերահսկողությունն ասում է, որ ժամանակն է:

Լուսանկարը` Մեդիամաքս

Ես եկա տուն ու կրծքանշան չստացա: Հետո NASA-ից ինձ ասացին՝ ինձ համար այլ առաքելություն ունեն, որը երկու շաբաթ է տեւելու: Ես շատ լավ եմ մաթեմատիկայից, 95+ 14 ստացվում է 100-ից ավելի, ուրեմն՝ գնում եմ: Այդ առաքելությունից վերադարձա՝ ձեռքս առաջ մեկնած պատրաստ ստանալու կրծքանշանը, բայց «Բարի վերադարձ տուն» արարողության ժամանակ ինձ ասացին. «Ո´չ, կրծքանշան ստանալու համար 100 օր անընդմեջ է պետք լինել տիեզերքում»: Շնորհակալություն (ծափեր են հնչում, Գարեթն էլ ծիծաղում է` հեղ.): Իրականում, 3 ամիս տիեզերքում գտնվելը հրաշալի էր:

 

(Հեղ.՝ Հետագայում Գարեթին նվիրում են «Գրեթե 100 օր» մակագրությամբ կրծքանշան)

 

Միայն ոգեշնչանքը բավարար չէ

 

Ինձ շատ են հարցնում՝ ցանկացե՞լ եմ դառնալ տիեզերագնաց: Պատասխանն է՝ այո´: Ես նայում էի «Ապոլոն»-ի թռիչքների մասին ֆիլմեր, զիլ էր, բայց երբեք չէի մտածում, որ դա կարող է ինձ հետ էլ պատահել: Մայրիկս վախենում էր ինքնաթիռով թռիչքներից, իսկ իմ իմացած բոլոր տիեզերագնացները թեստավորող օդաչուներ էին. մայրս ինձ երբեք չէր թողնի, որ օդաչու դառնամ:

Գարեթ Ռեյսմանը Գարեթ Ռեյսմանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Արդեն համալսարանում էի սովորում, NASA-ի կողմից ընտրված նոր տիեզերագնացների մասին նյութ կարդացի, որոնց թվում գիտնականներ, ինժեներներ, բժիշկներ կային, ու մտածեցի, որ իմ դեպքում դա եւս հնարավոր է: Այդ պահին որոշեցի, որ ես էլ պետք է դիմում լրացնեմ:

Վիլիամ Անդերսի «Earthrise» լուսանկարը Վիլիամ Անդերսի «Earthrise» լուսանկարը

Լուսանկարը` William Anders/ NASA

1968 թվականի «Ապոլոն 8» առաքելության ժամանակ Վիլիամ Անդերսի կողմից արված «Երկրի ծագումը» լուսանկարը շատերին է հայտնի: Ես դրա մեծ պաստառն ունեի: Երբ դժվար ժամանակներ էին լինում, միշտ այդ նկարին էի նայում ու նորից հիշում՝ ինչի համար է այդ ամբողջ: Ոգեշնչանքն իսկապես շատ կարեւոր է, բայց միայն դա բավարար չէ, դու պետք է նվիրում ունենաս անելու դժվար աշխատանք՝ ձգտումդ իրական դարձնելու համար: Այդ պաստառը հիմա Space X-ի իմ գրասենյակում է, այն մինչեւ այժմ էլ ինձ ոգեշնչում է:

 

Սկսնակի թռիչքը տիեզերք

 

Թռիչքի օրվա առավոտը հրաշալի է: Դու գնում ես քո անձնակազմի մյուս անդամների հետ, բարձրանում ու տեսնում այդ ահռելի մեքենան: Հսկայական տիեզերանավին նայելը, որը քեզ պոկելու է երկրից, եւ այդ աղմուկը իսկապես վախեցնող է: Դու բարձանում ես վերելակով դեպի տիեզերանավը, բայց մինչեւ մտնելը մի շատ կարեւոր բան կա. անկյունում երկրի վրա վերջին զուգարանն է (դահլիճը ծիծաղում է՝ հեղ.): Դու չես ցանկանում այն բաց թողնել:

Գարեթ Ռեյսմանը Գարեթ Ռեյսմանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Հետո տիեզերանավը պոկվում է երկրից: Առաջին պահը, երբ կտրուկ հայտնվում ես անկշռության պայմաններում, թվում է, թե կատապուլտի նման դուրս ես հրվել քո նստած տեղից: Այդ պահին ձեռքերդ բարձրացնում ես, որովհետեւ թվում է, թե հիմա կհրվես դիմացիդ պատին: Հետո իջեցնում ես ձեռքերդ ու քեզ հիմարի պես զգում, որովհետեւ հասկանում ես, որ ոչ թե դուրս ես հրվել նստածդ տեղից, այլ այն պարզապես քեզ էլ չի պահում: Այդ ժամանակ հին աստղագնացները նայում են քեզ ու ծիծաղում:

 

Ճշմարտությունը հասկանալու համար տիեզերք թռչելու կարիք չկա

 

Մարդիկ հարցնում են, թե ինչպիսին է Երկիրը տիեզերքից: Այն իսկապես շատ գեղեցիկ է: Շատ տիեզերագնացներ են խոսում այն մասին, թե տիեզերքից Երկրին նայելով հանկարծ ընկալում ես, որ բոլոր մարդիկ ապրում են մի մոլորակի վրա եւ քեզ պատում է համընդհանուր մարդկության զգացողությունը: Անկեղծ ասած, ես չեմ ունեցել այդ զգացողությունը: Կարծում եմ՝ պատճառն այն էր, որ մինչեւ տիեզերքում լինելն էլ ես գիտեի, որ մենք բոլորս նույն մոլորակից ենք: Չեմ կարծում, որ պետք է հրթիռ արձակել ու տիեզերք գնալ՝ հասկանալու համար մի հիմնական ճշմարտություն, այն է՝ մենք բոլորս մարդ ենք՝ անկախ մեր ազգությունից, կրոնից, քաղաքականությունից, սեռից, ռասայից, մենք բոլորս նույնն ենք, բոլորս նույն մոլորակում ենք ապրում ու նույն օդն ենք շնչում: Այն ամենը, որ միավորում է մեզ,  շատ ավելի կարեւոր է մեզ բաժանող հանգամանքներից: Սա ակնհայտ է (դահլիճը ծափահարում է՝ հեղ.): ... Բայց եթե չեք հավատում ինձ, նստեք տիեզերանավ, թռեք տիեզերք ու կհավատաք (ծիծաղում է՝ հեղ.):

Գարեթի սելֆին տիեզերքից Գարեթի սելֆին տիեզերքից

Լուսանկարը` Garrett Reisman/NASA

Հիմա մտածեք մեր մոլորակի մասին: Երբ փակում եք աչքերն ու լսում եք՝ Երկիր, ի՞նչ պատկեր եք առաջինը տեսնում: Գուցե լեռներ, օվկիանոսներ, ծիածան կամ ծաղիկներ հավաքող երեխաների: Էական չէ՝ թե ինչ, բայց այս ամենն է, որ այս վայրը դարձնում է մեր տունը: Մտածեք բոլորի մասին ում սիրում եք՝ մարդիկ, կենդանիներ, բույսեր: Այս բոլորը գտնվում են օվկիանոսի հատակից մինչեւ մթնոլորտային շերտը: Երկիր մոլորակը մեծ է, սակայն մեզ համար կարեւոր հատվածը շատ փոքր է: Եթե այս կերպ մտածենք Երկրի մասին, կհասկանանք, որ այն լայնածավալ ու անսպառ չէ, եւ մեր ուժերի սահմաններում է ամեն ինչ փչացնելը: Փաստացի, 100-ավոր տարիներ մենք փչացնում ենք Երկիրը: Սա մեր կյանքը սնուցող համակարգն է, մեր տիեզերանավն է եւ մենք փչացնում ենք մեզ սնուցող համակարգը, ինչը հեչ լավ չէ: Մենք պետք է ավելի շատ մտածենք այս մասին եւ վերագնահատենք մեր մոլորակն ու տունը:  

 

Դեմքիդ ծիծաղում են, իսկ դու առաջ ես գնում

 

Ինձ հարցնում են, ինչն է ամենազիլ բանը, որ տիեզերագնացը կարող է անել: Ինձ համար դա բաց տիեզերքում քայլելն է, սակայն ոչ բոլոր տիեզերագնացներն են ստանում նման հնարավորություն, միայն նրանք, որ ամենաբարձր միավորներն են ստանում պարապմունքների ժամանակ:

Գարեթ Ռեյսմանը Գարեթ Ռեյսմանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Երբ արդեն տիեզերագնաց էի, մի ներկայացում տեսա բաց տիեզերքում քայլի մասին, ու մտածեցի՝ ինչ զիլ է, ես էլ եմ ուզում: Շատ ոգեշնչված էի: Հետո խոսեցի մի շատ բարձրահասակ տիեզերագնացի հետ՝ մոտ 2 մետր էր հասակը: Նա նայեց ներքեւ, ես նայեցի վերեւ դեպի նա ու ասացի. «Տիեզերքում քայլելն այնքան հրաշալի է, ես սկուբա դայվինգով ու ժայռամագլցմամբ եմ զբաղվել, գուցե այդ հմտությունները կարողանան փոխակերպվել ու օգնեն ինձ դառնալ բաց տիեզերքում քայլի համար համապատասխան թեկնածու»: Նա վերեւից նայեց ինձ, ու գիտե՞ք ինչ արեց. ծիծաղեց դեմքիս ու ասաց. «Ի՞նչ ես դու (Գարեթի հասակը 160 սմ է՝ հեղ.), դու երբեք բաց տիեզերքում չես քայլի: Ապա այդ կոստյումին նայիր, այն քեզ վրա մեծ է, երբ այն հագնես, ոչինչ անել չես կարողանա ու անպետք կլինես»:

 

Այդ պահին ես երկու միտք ունեի: Առաջինը՝ կարծում էի, տիեզերագնացները պետք է քաղաքավարի լինեն: Երկրորդը՝ չեմ թողնելու նրան, որ ասի ինձ, թե ես ինչ կարող եմ եւ ինչ չեմ կարող անել: Ես ոգեշնչված էի ու նաեւ վճռական:

 

Գնացի առաջին վարժանքներին: Պարապմունքի առաջին իսկ 5 րոպեից ես կարող էի ասել, որ այդ բարձրահասակ տիեզերագնացը, որ դեմքիս ծիծաղեց, ճիշտ էր (դահլիճը ծիծաղում է՝ հեղ.): Ինձ մոտ շատ վատ էր ստացվում, ես մաքառում էի:

 

Պարապմունքից հետո ինձ ասացին՝ մի փոքր բարելավման կարիք կա, ինչը NASA-ում քաղաքավարի ձեւ է ասելու, որ տապալվել ես:

Լուսանկարը` NASA

Ես դեռ պատրաստ չէի հանձնվելու, բայց հասկացա, որ օգնության կարիք ունեմ: Գնացի կոստյումը կարողների մոտ ու խնդրեցի, որ այն համապատասխանեցնեն իմ չափերին: Նրանք շատ աշխատեցին, որ կոստյումը հնարավորինս իմ հագով դառնար: Վարժանքների թիմն էլ ինձ հետ շատ աշխատեց, որոշ վարժությունների ձեւեր փոխեցին: Ժամանակի հետ ինձ մոտ սկսեց ավելի լավ ստացվել, ու ի վերջո, ես որակավորում ստացա տիեզերքում քայլելու համար: Իմ տիեզերագնացի կարիերայի ընթացքում երեք անգամ բաց տիեզերքում քայլել եմ, իսկ գիտե՞ք՝ քանի անգամ է դա արել այն բարձրահասակ տիեզերագնացը, որ ծիծաղում էր ինձ վրա՝ զրո: Ես գիտեմ, որ նրա բախտը չբերեց, դա լավ չէ, բայց նա իրոք շատ անբարյացկամ էր իմ նկատմամբ:

 

Գգմփ. ձախողումն անհրաժեշտ է

 

Արդեն խոսեցի ոգեւորության ու վճռականության կարեւորության մասին: Իլոն Մասկն իմ իմացած ամենավճռական մարդկանցից մեկն է: Նրան ինչ-որ բան անել դրդելու համար բավական է ասել, որ դա անհնար է: Մի բան կար, որ նա իսկապես շատ էր ուզում անել՝ հրթիռները Երկիր վերադարձնելն էր:

 

Երբ հռթիռը թռչում է, միայն մի փոքր մասն է տիեզերք հասնում, մնացած մասը դեն է նետվում: Մասկի կարծիքով՝ դա շատ անարդյունավետ է: Պատկերացրեք՝ պետք է Երեւանից Ֆրանկֆուրտ թռչեք օդանավով, ու թռիչքից հետո ինքնաթիռը դեն եք նետում, հետո միանգամայն նորը կառուցում, որպեսզի վերադառնաք: Ինչքան թանկ կլիներ ինքնաթիռով թռչելը, այնպես չէ՞: Սա այն է, ինչ մենք անում ենք մեր հրթիռների հետ:

Լուսանկարը` NASA

Իլոն Մասկը մտածում էր հրթիռները վերադարձնել այնպես, որ հետո դրանք հնարավոր լինի նորից օգտագործել: Շատերը պնդում էին, որ դա անհնար է, սակայն Մասկն ասաց՝ մենք կանենք դա:

 

Բանն այն է, որ մենք այսպես թե այնպես այդ հրթիռները դեն էինք նետում, ի՞նչ ունեինք կորցնելու: Մեր ձախողման հետեւանքը շատ փոքր էր լինելու: Այդպես, մենք փորձեցինք եւ գիտե՞ք ինչ եղավ. գգմբփ: Ինչու՞ պայթեց հռթիռը, մենք գտանք խնդիրն ու ուղղեցինք: Հետո նորից փորձեցինք, ի՞նչ եք կարծում, ստացվե՞ց: Ո´չ, նորից՝ գգմփ: Երրորդը՝ գգմփ: Բայց ամեն անգամ մենք հասկանում էինք պատճառն ու հերթով ուղղում թույլ կողմերը: Մենք կորցնելու ոչինչ չունեինք:

 

Միտքս այն է, որ դու պետք է հանդուրժող լինես ձախողման հանդեպ, երբ դրա հետեւանքները չնչին են: Պետք է հնարավորություններին նայես ու հասկանաս, թե որ դեպքում ձախողումը մեծ խնդիր չէ, այդուհետ մեծ ռիսկերի գնաս, որովհետեւ դա սովորելու ամենաարագ եղանակն է: Մենք սովորեցինք եւ, ի վերջո, կարողացանք հրթիռը վերադարձնել Երկիր:

Գարեթ Ռեյսմանը Գարեթ Ռեյսմանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Եվս մեկ պատճառ կար, որ մարդիկ Իլոնին ասում էին՝ դա վատ գաղափար է: Ասում էին՝ կողքից վատ է նայվում, քո մրցակիցները կվերցնեն պայթող հրթիռների տեսանյութերը, ցույց կտան կառավարությանն ու կասեն. «Դուք իսկապե՞ս ուզում եք ներդրում անել այս հռիթռներում, դուք թու՞յլ եք տալու, որ ձեր տիեզերագնացները նստեն այն տիեզերանավեր, որոնք անդադար պայթում են»: Իլոնն ասաց, որ մարդիկ պետք է հասկանան ձախողման կարեւորությունը եւ ինքը չի անհանգստանում, որ մրցակիցները կօգտագործեն տեսանյութերը, քանի որ հենց ինքը դա ցույց կտա: Այդպես էլ արեց.

 

 

Հատկապես երիտասարդները հաճախ մտածում են, որ ձախողումից հետո կարող ես այլեւս չվերականգնվել: Դա այդպես չէ եւ ես կարող եմ բազմաթիվ օրինակներ բերել իմ ձախողումներից, որոնցից ոչ մեկն իմ կարիերայի վերջը չէր: Պետք է սովորենք նորմալ վերաբերվել ձախողումներին, որովհետեւ եթե չես ձախողում, ուրեմն որեւէ ուղղությամբ չես ջանում ու ոչ մի արտասովոր, մեծ բանի չես կարող հասնել:

 

Տեքստը եւ լուսանկարները՝ Գայանե Ենոքյան

 

 

 

 

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին