Երեւանում այսօր ամփոփվել են գենոմիկայի եւ կենսաինֆորմատիկայի ամառային դպրոցի աշխատանքները, որին մասնակցել են կենսաբանության եւ (կամ) տվյալագիտության ոլորտներին առնչվող 19 ուսանող ու գիտաշխատող՝ Հայաստանի եւ արտերկրյա տարբեր բուհերից ու գիտահետազոտական ինստիտուտներից։
Ամառային դպրոցը կազմակերպել է Հայաստանի կենսաինֆորմատիկայի ինստիտուտը (ՀԿԻ)` ՀՀ ԳԱԱ Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի հետ համատեղ։
11 շաբաթ, օրական 7 ժամ տեւողությամբ դասերին ուսանողները ձեռք են բերել գիտելիքներ կենսաբանության, ծրագրավորման, վիճակագրության, փորձարարական կենսաբանության եւ ԴՆԹ հաջորդականությունների ընթերցման ու վերլուծության ոլորտներում, ինչպես նաեւ իրականացրել են կորոնավիրուսի գենետիկական հաջորդականության վերլուծության հետազոտական նախագիծ։
Լուսանկարը` Հայաստանի կենսաինֆորմատիկայի ինստիտուտ
«Ժամանակակից բժշկության, կենսատեխնոլոգիաների եւ դեղագործության մեջ «մեծ տվյալների» (big data) համակարգչային վերլուծությունը դարձել է հաջողության եւ առաջընթացի գրավական։ Կենսաբանական հետազոտություններում եւ կենսաբժշկական ինդուստրիայում գենոմային տեխնոլոգիաների լայն կիրառումը առաջ է բերել տվյալները գիտելիքի փոխակերպող՝ կենսաինֆորմատիկայի ոլորտի մասնագետների մեծ պահանջարկ։ Դպրոցն իր ձեւաչափով աննախադեպ է թե՛ Հայաստանի, թե՛ համաշխարհային մակարդակով»,- նշվում է դպրոցի կազմակերպիչների հաղորդագրության մեջ։
Լուսանկարը` Հայաստանի կենսաինֆորմատիկայի ինստիտուտ
Դպրոցում զեկույցներ են ներկայացրել մոտ 40 հրավիրյալ դասախոս՝ 11 երկրներից։ Դպրոցը հաջողությամբ ավարտած ուսանողները հնարավորություն կունենան մասնակցել հրավիրյալ դասախոսների հետազոտական նախագծերին։
















