Հայաստանի կենսաինֆորմատիկայի ինստիտուտ. ապագայի կորիզը - Mediamax.am

exclusive
2852 դիտում

Հայաստանի կենսաինֆորմատիկայի ինստիտուտ. ապագայի կորիզը


Լիլիթ Ներսիսյանը
Լիլիթ Ներսիսյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Լիլիթ Ներսիսյանը
Լիլիթ Ներսիսյանը

Լուսանկարը` Մեդիամաքս


Հայաստանը կենսատեխնոլոգիաների եւ կենսաբժշկության առաջատար երկիր դարձնելու եւ հայ գիտական միտքն այս ուղղությունը զարգացնելու գործին ծառայեցնելու տեսլականով՝ երիտասարդ գիտնական Լիլիթ Ներսիսյանը հիմնադրել է «Հայաստանի կենսաինֆորմատիկայի ինստիտուտ» (ՀԿԻ) գիտակրթական հիմնադրամը։

 

Կենսաբանական գիտությունների թեկնածու Լիլիթը կարծում է, որ Կենսաինֆորմատիկայի զարգացումն այս պահին արժեքավոր հնարավորություն է Հայաստանում կենսաբանության եւ հարակից ոլորտների վերակենդանացման, ժամանակակից հետազոտություններ իրականացնելու, գիտաարդյունաբերական ընկերություններ գրավելու համար։ Այդ ամենը, իհարկե, հնարավոր չէ առանց կենսաինֆորմատիկայի ոլորտում մարդկային ներուժ ունենալու։

 

Մեդիամաքսի հետ զրույցում Կարոլինսկա ինստիտուտի գիտաշխատող Լիլիթ Ներսիսյանը պատմել է, թե ինչու են որոշել հիմնել Հայաստանի կենսաինֆորմատիկայի ինստիտուտը, ինչ սկզբունքով է այն գործելու եւ ինչպես է խթանելու Հայաստանում գիտության այս ճյուղի զարգացմանը։

 

Առաջնահերթությունները

 

Ինստիտուտի ռազմավարական առաջնահերթությունն է ստեղծել այն միջավայրն ու գիտական կորիզը, որը մի կողմից դեպի կենսաբանության ոլորտ կգրավի Հայաստանում սովորող ուսանողներին, իսկ մյուս կողմից Հայաստանը հետաքրքիր կդարձնի արտասահմանում գտնվող առաջատար մասնագետների համար։

 

ՀԿԻ աշխատանքներում կարող են ներգրավվել տեղեկատվական գիտությունների, տվյալագիտության ու կենսաբանության ոլորտում կրթություն ստացած ուսանողներ, որոնց ինստիտուտը կաջակցի գիտելիքների բացը լրացնելու հարցում։ Զուգահեռ, ՀԿԻ-ն կապ կհաստատի աշխարհում կենսաբանության ոլորտի առաջատար մասնագետների հետ՝ համագործակցային նախագծեր սկսելու եւ երիտասարդ հետազոտողներին այս նախագծերում ներգրավելու համար։

 

Սա փոխշահավետ ձեւաչափ է. կենսաբանը դնում է խնդիր, իսկ ՀԿԻ-ն տրամադրում այդ խնդրի լուծման համար անհրաժեշտ կենսաինֆորմատիկայի մասնագետներ եւ լրացուցիչ աջակցություն՝ նախագիծը հաջողությամբ ավարտելու համար։ Նման համագործակցությունների շնորհիվ Հայաստանում կկուտակվի գիտելիք եւ փորձ գերժամանակակից հետազոտությունների ոլորտում, եւ կպատրաստվեն մասնագետներ, որոնք մի կողմից ունակ կլինեն ինքնուրույն իրականացնել արդիական հետազոտություններ, իսկ մյուս կողմից հող կնախապատրաստեն թե՛ նոր գիտական խմբերի ու լաբորատորիաների ստեղծման, թե՛ Հայաստանում կենսատեխնոլոգիական, դեղագործական ընկերությունների ներդրումների համար։

Լիլիթ Ներսիսյանը Լիլիթ Ներսիսյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Հիմնադրամի հիմնական մասնագիտական թիրախը գենոմիկան ու կենսաինֆորմատիկայի այլ ճյուղերն են (այդ թվում՝ կառուցվածքային մոդելավորումը), որոնք կիրառություն ունեն կենսաբանության, բժշկության, դեղագիտության, կենսատեխնոլոգիաների եւ էկոլոգիայի ու կենսաբազմազանության բնագավառներում։

 

Նախապատմությունը

 

2003թ․-ին մատնանշվեց «մարդու գենոմ» նախագծի ավարտը։ 13 տարի տեւած եւ մի քանի միլիարդ դոլար արժողությամբ այս նախագծի արդյունքում գրեթե ամբողջությամբ վերծանվել էր մարդու ընդհանրական գենոմը։ 2007թ․-ին, տեխնոլոգիական զարգացման շնորհիվ, արդեն հնարավոր դարձավ հաշված օրերի ընթացքում վերծանել մեկ մարդու անհատական գենոմ։ Այսօր դա արդեն հնարավոր է անել 1000$‌-ով, իսկ 2023թ․-ի կանխատեսումներով՝ ընդամենը 100$‌-ով։ Որոշ երկրներում արդեն 2025թ․-ից պլանավորում են վերծանել ու պահպանել բոլոր նորածինների գենոմը։

 

Մենք այժմ մուտք ենք գործում անհատականացված բժշկության դարաշրջան։ Դարաշրջան, որում մարդու գենոմի հիման վրա կանխորոշվում են հիվանդությունների հնարավոր ռիսկերը, իսկ բուժման մեթոդները թիրախավորում են՝ ըստ ամեն մարդու գենետիկական առանձնահատկությունների։ Ուստի, ժամանակակից բժշկությանը համընթաց քայլելու համար գենոմիկայի զարգացումն այլընտրանք չունի։

 

Գենոմում առկա հսկայածավալ տեղեկատվությունը, սակայն, հիվանդությունների զարգացման հետ կապելը բարդ խնդիր է։ Այստեղ վիճակագրության ստանդարտ գործիքները բավարար չեն. կա ստեղծագործական մոտեցման կարիք՝ մաթեմատիկայի, տվյալագիտության, մեքենայական ուսուցման եւ համակարգչային գիտությունների արդիական մոտեցումների համադրմամբ։ Տվյալների վերլուծության այս փուլը, թերեւս, գենոմային բժշկության ամենամեծ մարտահրավերն է։  

 

Կենսաինֆորմատիկան զբաղվում է հենց այս խնդիրներով։ Այն ժամանակակից գիտության ամենաարագ զարգացող ճյուղերից մեկն է, որն անընդհատ դեպի իրեն է գրավում երիտասարդ հետազոտողների՝ փորձելով լուծում տալ կենսաբանության, բժշկության, դեղագիտության ու կենսատեխնոլոգիաների ամենատարբեր խնդիրներին։ Սակայն, այսօր գրեթե ամենուր կա կենսաինֆորմատիկայի մասնագետների պակաս։ Ըստ որոշ հաշվարկների՝ դեղագործական ընկերություններում նման մասնագետների պակասը կազմում է 45%, իսկ գիտական հաստատություններում՝ 60%:

 

Գիտական «աստղաբույլը»

 

ՀԿԻ-ի զարգացման համար իրենց ուժերն են միավորել Հայաստանի (Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտ), Շվեդիայի (Կարոլինսկա ինստիտուտ), Գերմանիայի (Լայպցիգի համալսարան), ԱՄՆ (10x genomics, Freenome, UCSF), Ավստրիայի (Max Perutz Labs), Բելգիայի, Դանիայի, Չինաստանի եւ այլ երկրների կենսաինֆորմատիկայի ու կենսաբանության մասնագետներ։

 

Նրանց ղեկավարությամբ իրականացվող աշխատանքներում արդեն իսկ ակտիվորեն ներգրավվում են երիտասարդ հետազոտողներ՝ իրենց առաջին քայլերն անելով կենսաինֆորմատիկայի ոլորտում։ Այս նախագծերի շարքում են մարդու բազմագործոն հիվանդությունների, քաղցկեղների զարգացման մեխանիզմների ուսումնասիրությունը, նյարդաբանությունը, կորոնավիրուսի մոլեկուլագենետիկական հետազոտությունները, խաղողի գենոմիկան, ինչպես նաեւ՝ մանրէաբանությունը։ Այս մասնագետները նշված ոլորտներում ունեն ավելի քան հարյուր գիտական աշխատանքներ, ու մշակել են ամբողջ աշխարհում լայնորեն կիրառվող կենսաինֆորմատիկական գործիքներ։

 

Թվարկված նախագծերից որոշներն ունեն կիրառական մշակումների փուլ մտնելու հնարավորություն։ Օրինակ՝ այս պահին ՀԿԻ-ում սկսվել է նոր հետազոտություն՝ ուղղված քաղցկեղի զարգացման վաղ փուլերում արյան միջոցով ախտորոշման նոր մեթոդի մշակմանը։ Մեկ այլ օրինակ է Հայաստանում խաղողի վայրի տեսակների գենոմի ուսումնասիրությունը, որը կնպաստի գինեգործության ոլորտում նորարարական մոտեցումների մշակմանը եւ հայկական վայրի խաղողի կիրառությանը՝ ստեղծելով գիտաարդյունաբերական լայն հնարավորություններ։

 

Հիմնադրամը նաեւ նպաստելու է Հայաստանում գենոմիկայի ոլորտի տվյալների ազգային շտեմարանի ստեղծմանը՝ ՀՀ ԳԱԱ Ինֆորմատիկայի եւ ավտոմատացման խնդիրների ինստիտուտի հետ համագործակցությամբ։ Շտեմարանում տեղ կգտնեն Հայաստանի կենսաբազմազանության քարտեզագրման, կենսաբանության ոլորտի այլ հետազոտությունների եւ մարդու հիվանդությունների ուսումնասիրության նպատակով հավաքագրված տվյալները։ Կներդրվեն միջազգային չափորոշիչներին համապատասխան ստանդարտներ՝ տվյալների անվտանգ պահպանության ու դրանց հետ արդյունավետ աշխատանքի համար։

 

Հայաստանի կենսաինֆորմատիկայի ինստիտուտը դեռեւս չունի ֆիքսված ֆինանսական աջակցություն։ Այն իր գործունեությունը ծավալելու է հիմնականում նվիրատվությունների եւ դրամաշնորհների հաշվին։ Հետագայում գիտաարդյունաբերական ոլորտի հետ համագործակցություններից ստացվող հնարավոր եկամուտն ուղղվելու է ինստիտուտի գործունեությանը։ Հիմնադրամին աջակցելու համար կարելի է կապ հաստատել info@abi.am հասցեով։

 

Մարի Թարյան

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին