COBRAIN-ը՝ Հայաստանի գիտական այցեքարտ - Mediamax.am

exclusive
3853 դիտում

COBRAIN-ը՝ Հայաստանի գիտական այցեքարտ


Հոա Հու Նգույենը, Կոնստանտին Ենկոյանը, Լուսինե Դանիելյանը եւ Դենիզ Կիրիկը
Հոա Հու Նգույենը, Կոնստանտին Ենկոյանը, Լուսինե Դանիելյանը եւ Դենիզ Կիրիկը

Լուսանկարը` Մեդիամաքս

Դենիզ Կիրիկը
Դենիզ Կիրիկը

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսինե Դանիելյանը
Լուսինե Դանիելյանը
Կոնստանտին Ենկոյանը
Կոնստանտին Ենկոյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Հոա Հու Նգույենը
Հոա Հու Նգույենը

Լուսանկարը` Մեդիամաքս


Երեւանում հունվարի 24-25-ը կայացել է «Քրոնիկ նեյրոդեգեներատիվ հիվանդությունների տրանսլյացիոն հետազոտությունների կենտրոն Հայաստանում. Նեյրոգիտություն՝ հանուն ուղեղի առողջ ծերացման - COBRAIN» ծրագրի մեկնարկային գիտաժողովը։ 

 

COBRAIN ծրագրով Երեւանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանը դարձել է «Հորիզոն 2020 Twinning» ծրագրի հաղթող։ Նախագիծը հիմք կհանդիսանա Հայաստանում Ուղեղի նախաձեռնության թողարկման եւ Ուղեղի հետազոտության գերազանցության կենտրոնի աշխատակազմի ու ենթակառուցվածքի ձեւավորման համար:

 

Ծրագրի հիմնական խնդիրն է ուղեղի հետազոտությունների խթանման միջոցով զարգացնել համալսարանի հետազոտական եւ նորարարական կարողությունները՝ շեշտը դնելով ուղեղի հիվանդությունների բուժման բջջային եւ դեղորայքային նյարդապաշտան մեխանիզմների վրա: Թյուբինգենի (EKUT, Գերմանիա), Բոխումի (RUB, Գերմանիա) եւ Լունդի (ULUND, Շվեդիա) համալսարանների հետ համագործակցությամբ՝ նախատեսվում է հաստատել նեյրոգիտության հետազոտությունների կառուցվածքը, կատարելագործել երիտասարդ հետազոտողների հմտությունները, ընդլայնել հետազոտական կարիերայի հնարավորությունները, զարգացնել համալսարանի նորարարական կարողությունները, ինչի արդյունքում համալսարանն ավելի ներկայանալի կլինի գիտական հանրության առջև:

 

Մեդիամաքսը զրուցել է ծրագրում ներառված հայ եւ արտասահմանցի գիտնականների հետ։

 

Կոնստանտին Ենկոյան, COBRAIN ծրագրի համակարգող, ԵՊԲՀ

 

Հիմնական փիլիսոփայությունն է՝ այնպես անել, որ այս նախագծի օգնությամբ ուղեղի ուսումնասիրության մեր հետազոտությունները կարողանան որոշել Հայաստանի տեղը միջազգային գիտական քարտեզի վրա։ Այս նախագիծը ցույց տվեց, որ մենք ունենք մրցունակ լինելու ներուժն ու հավակնոտ գաղափարները։ Սա այն հիմնաքարն է լինելու, որը թույլ գտա գնալ դեպի գերազանցության կենտրոնի հիմնում։ 

Կոնստանտին Ենկոյանը Կոնստանտին Ենկոյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Մենք չենք կարող ամեն ինչով զբաղվել, պիտի մի ուղղություն ընտրել, որը կկարողանանք առաջ տանել։ Նպատակը, որ դնում ենք, շատ հավակնոտ է, սա համալիր հիմնարար նախագիծ է։ Մենք հիմա գերազանցիկների շարքում ենք, եւ մեզ գիտական լավ ապագա կերտելու շանս է տրվել։ Սա մեր այցեթուղթն է լինելու, որով պիտի ճանապարհ հարթենք։

 

Լուսինե Դանիելյան, Թյուբինգենի Էբերհարդ Կառլ համալսարան, Գերմանիա

 

COBRAIN-ի նպատակն է պատրաստել երիտասարդ հետազոտողներին, բարելավել եւ կատարելագործել նրանց հմտությունները գիտության, տեխնոլոգիաների եւ նորարարությունների ոլորտներում։ Թյուբինգենի համալսարանը ներգրավված է լինելու հետազոտողներին վերապատրաստելու գործում։ Նրանք նաեւ հնարավորություն կստանան այցելել մեզ եւ ուսումնասիրել հիմնական մեթոդներն ու տեխնոլոգիաները, որ մշակվել են իմ ղեկավարած լաբորատորիայում։ 

 

Սա առաջին քայլն է գերազանցության կենտրոն ստեղծելու եւ նեյրոգիտության զարգացման համար ենթակառուցվածքներ ապահովելու ճանապարհին։ 

Լուսինե Դանիելյանը Լուսինե Դանիելյանը

 

Բնականաբար, այդքանով չպետք է սահմանափակվենք ու պետք է ԵՊԲՀ-ի եւ մյուս համալսարանների հետ ցանց ստեղծենք, համագործակցենք ու նախագծեր իրականացնենք ապագայում։ «Հորիզոն 2020»-ի եւ այլ երկրների դրամաշնորհները նշանակալի են, եւ ես հույս ունեմ, որ Հայաստանը՝ որպես «Հորիզոն 2020»-ի գործընկեր, հետագայում կկարողանա այլ նախագծերի համար եւս դրամաշնորհներ ստանալ։  

 

Հույս ունեմ, որ ԵՊԲՀ մեր գործընկերները կկիսեն հետազոտության շուրջ մեր ոգեւորությունը։ Ռեգենարատիվ բժշկության եւ նեյրոգիտության ոլորտներում կբարձրանա նրանց հեղինակությունն ու ազդեցությունը ինչպես Եվրոպայում, այնպես էլ ամբողջ աշխարհում։ 

 

Կարծում եմ, որ այս ուղղությունը մեծ ապագա ունի։ Գիտնականներն այժմ կենտրոնացած են մի քանի խնդիրների վրա, ինչպիսիք են՝ գենային, բջջային թերապիաներ, եւ մեծ հույսեր կան, որ այդ տեխնոլոգիաները կարող են հաստատվել կլինիկական փորձերի արդյունքում։ ԵՊԲՀ-ն՝ COBRAIN ծրագրով, ներառված է լինելու այդ մեթոդների ուսումնասիրման եւ ռազմավարությունների մշակման աշխատանքներում։

 

Դենիզ Կիրիկ, Լունդի համալսարան, Շվեդիա

 

Մենք հետաքրքրված ենք հնարավորությունների ստեղծմամբ, որոնք ավելի երկար կապրեն, քան նախագիծը, եւ հետազոտողները կարող են երկրին յուրահատուկ կոմպետենտություն բերել ու բարձրացնել միջազգային ճանաչումը։ Ինչ-որ առումով, մենք ցանկանում ենք հետազոտողների նոր սերունդ աճեցնել նրանց հետ, ովքեր հետագայում պատասխանատվություն կստանձնեն ոլորտում Երեւանի պետական բժշկական համալսարանի հետագա զարգացումը եւ մասնագիտացումը։ 

Դենիզ Կիրիկը Դենիզ Կիրիկը

Լուսանկարը` Մեդիամաքս

Աշխարհում առաջին խնդիրն այն է, որ մենք չունենք խանգարումները բուժելու մեթոդներ։ Եթե մարդուն ախտորոշվել է խրոնիկ նեյրոգեներատիվ խանգարում, որոշ դեպքերում, շատ հազվադեպ, կարող ենք դանդաղեցնել հիվանդությունը, բայց ոչ երբեք կանգնեցնել։ Սա մեծ բեռ է ոչ միայն հիվանդների, այլեւ ողջ հասարակության համար, քանի որ այդ հիվանդություններն ավելի տարածված են դառնում։ Այսպիսով՝ սա հսկայական մարտահրավեր է, որը մենք՝ գիտնականներս, ընդունել ենք։ 

Հոա Հու Նգույեն, Բոխումի Ռուր համալսարան, Գերմանիա

 

Գլխավոր նպատակը ԵՊԲՀ-ի համար ենթակառուցվածքներ ստեղծելն է՝ ուղեղի հետազոտության գերազանց կենտրոն հիմնելու համար։ Որպես աջակցություն՝ կիսվելու ենք մեր փորձով, որ ձեռք ենք բերել մեր ինստիտուտների հետ միասին։ Երիտասարդ հետազոտողները մեր լաբորատորիաներում յուրացնելու են այն հմտությունները, որոնց մենք տիրապետում ենք։ Ժամանակ առ ժամանակ մենք կայցելենք Հայաստան եւ վերապատրաստված մարդկանց կօգնենք կիրառել իրենց սովորած հմտությունները։ 

Հոա Հու Նգույենը Հոա Հու Նգույենը

Լուսանկարը` Մեդիամաքս

Հայաստանում այս ոլորտում աշխատող շատ գիտնականներ չկան, հիմնականում մի քանի հոգի, որ լրիվ բեռնվածությամբ հետազոտություն են անում, մի մասն էլ դեռ սովորում է, որոշներն էլ արտասահմանում են շարունակում հետազոտությունները։ Դուք պետք է ենթակառուցվածքներ ունենաք, որպեսզի մարդիկ կարողանան կենտրոնանալ իրենց հետազոտությունների վրա։

 

Ուղեղի հետազոտությունը ոչ միայն մեծ մարտահրավեր է, այլեւ հետաքրքիր եւ մոտիվացնող գործընթաց։ Շատ բան ունենք սովորելու, անգամ եթե ուսումնասիրությունները չեն հաջողվում, դրանք անելիս մենք շատ բան ենք սովորում։ Ամենակարեւոր հարցերը, ըստ էության, նոր հարցերն ենք, որոնք առաջանում են այդ՝ պատասխան չունեցող հարցերից։ 

 

Մարի Թարյան

Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին