Արհեստական բանականությունն արդեն հայերեն է խոսում - Mediamax.am

exclusive
8605 դիտում

Արհեստական բանականությունն արդեն հայերեն է խոսում


Լուսանկարը` Beth Rosengard

Լուսանկարը` Beth Rosengard

Լուսանկարը` Beth Rosengard


Արհեստական բանականությանը հայերեն «սովորեցնելու» գործում մեծ առաջընթաց է գրանցվել. առաջին անգամ ռոբոտը հայերեն տեքստը կարդացել է հնարավորինս ճշգրիտ արտասանությամբ։ 

 

Մարդու ձայնին մոտ առաջին հայերեն Text to Speech-ի նախատիպը MaryTTS (Modular Architecture for Research in sYynthesis) պլատֆորմի վրա է ստեղծվել, որը տրամադրվում է ծրագրային բաց կոդերով (Open Source), ինչը թույլ է տալիս ինքնուրույն իրականացնել լեզվի թվային ադապտացիան եւ կատարելագործումը: 

 

 

ICAN Development Company-ի գլխավոր գործադիր տնօրեն Արտակ Հովսեփյանը, ով կրթությամբ նաեւ արեւելագետ եւ հայ բանասեր է, Մեդիամաքսին ասել է, որ «Հայկական նեյրոնային ցանցեր» նախագծի հիմնական աշխատանքները մեկնարկել են 2019թ. հունիսին, դրանով զբաղվում են երեք մասնագետով։ 

 

«Խնդիրը ոչ այնքան տեխնիկական էր, որքան նեղ մասնագիտական եւ պահանջվում էր լեզվաբանների, հնչյունաբանների, ձայնագրողների, կարդացողների ներգրավում։ Դա բարդություններ առաջացրեց, ճիշտ մարդիկ չգտնվեցին, որոշեցի ինքնուրույն սկսել։ Երկու փուլով եմ արել. առաջինը՝ դասական ձեւերով, երկրորդը՝ նեյրոնային ցանցերի (deep learning) միջոցով։ Պարադոքսն այն է, որ նման բարդության խնդիրը լուծվում է առանց ոլորտային մասնագետների ներգրավման»,- Մեդիամաքսին պատմել է Արտակ Հովսեփյանը։     

Լուսանկարը` Beth Rosengard

Նա ասել է, որ ծրագրի վրա աշխատելիս պահպանել եւ հետագայում էլ պահպանելու են բոլոր իրավական նորմերը։ Այս փուլում որպես հիմք օգտագործել են «Գրքասեր» կայքում տեղադրված «Կարամազով եղբայներ» վեպի աուդիոգիրքը, որը կարդում է Կարինե Ավագյանը։ Առաջին տեքստն էլ ռոբոտը հենց նրա ձայնով է կարդում։ 

 

«Սա մինիմալ «դատասեթով» արված աշխատանքն է։ Գործընթացը երկար է, մեր հնարավորությունները պետք է դեռ ընդլայնվեն։ Սկզբում աուդիոգրքերի միջոցով կստանանք ձայները։ Նպատակ ունենք ամենատարբեր ձայներով ձայնադարան ստեղծել։ Պետք է նաեւ մշակել դրանք, հուզական էֆեկտներ տալ, որպեսզի ռոբոտը կարողանա մեր տված ցանկացած տեքստը կարդալ։ Համակարգիչը պետք է կարողանա լսել, հասկանալ եւ վերարտադրել։ Վերջնանպատակը բնական ձայներ ստանալն է»,- ասել է Արտակ Հովսեփյանը։ 

 

Նախատեսում են մեկ-երկու ամսում մինչեւ 15 ձայն ստանալ, իսկ կես տարվա ընթացքում ստեղծել ձայնադարանը։ 

 

Ծրագիրը շատ լայն կիրառություն կարող է ունենալ եւ օգտագործվել տարբեր նպատակներով՝ կրթական, անվտանգային, բիզնես եւ այլն։ Արտակ Հովսեփյանի խոսքով՝ մինչ օրս ՏՏ ոլորտը Հայաստանում զարգացել է՝ սպասարկելով այլ երկրների կարիքները, եւ հայկական տեխնոլոգիաներ չեն ստեղծվել։ 

«Ցավոք, պետությունը չի մասնակցում մեր նախաձեռնությանը, խոշոր բիզնեսը, նույնպես, դեռ ակտիվ չէ։ Հույսներս մեզ վրա ենք դնում, հնարավորությունների ստեղծման ուղղությամբ աշխատում ենք եւ փորձում ներգրավել տարբեր կողմերի»,- ասել է Արտակ Հովսեփյանը։

Լուսանկարը` Beth Rosengard

Նա նաեւ ասել է, որ այս տեխնոլոգիաները սուր դանակի նման են՝ կարող են ե՛ւ օգնել, ե՛ւ վնասել.

 

«Եթե ինձ նման մեկը կարողանում է դա անել, բնականաբար կգտնվեն շատերը, որոնք նույն կերպ կարող են անել եւ օգտագործել տարբեր նպատակներով։ Շատ լուրջ խնդիրներ են հանդես գալիս, այս տեխնոլոգիաները մենք չենք բացելու եւ նեղ շրջանակներում է մնալու, մինչեւ պետությունը չներգրավվի կամ հասարակական կառույցներ ստեղծվեն, որոնք կկարողանան ղեկավարել դա։ Վստահելի անձանցից բաղկացած շատ կարեւոր մարմնի ստեղծման խնդիր ունենք, որը կկարգավորի դաշտը բոլոր կողմերից»։

 

Մարի Թարյան

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին