Երեւանում անցկացվել է «Ռոսատոմ»-ի օլիմպիադայի նախընտրական փուլը - Mediamax.am

Փետրվար 16, 2026
3188 դիտում

Երեւանում անցկացվել է «Ռոսատոմ»-ի օլիմպիադայի նախընտրական փուլը


Լուսանկարը` PAN Photo


Երեւան: Մեդիամաքս: Դեկտեմբերի 1-ին եւ 2-ին Երեւանում ավագ դպրոցականների համար անցկացվել է «Ռոսատոմ»-ի՝ ֆիզիկայի, մաթեմատիկայի եւ ճարտարագիտության Օլիմպիադայի նախընտրական փուլը, որին մասնակցել է ավելի քան 200 դպրոցական։

Միջոցառումն անցկացրել են ՄԻՖԻ Ազգային հետազոտական միջուկային համալսարանը եւ «Ռոսատոմ» պետկորպորացիան՝ Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի համագործակցությամբ: 

 

Օլիմպիադայի եզրափակիչ փուլը տեղի կունենա 2019թ. գարնանը։ 

 

 

«Այսօր ժամանակակից տնտեսության համար անհրաժեշտ է որակավորված ինժեներների առկայությունը: Բացառություն չէ ատոմային էներգետիկան: Ներկա պահին Հայկական ԱԷԿ-ում իրականացվում են արդիականացման եւ մինչեւ 2026թ. կայանի շահագործման ժամկետի երկարաձգման աշխատանքներ: Ուսումնասիրվում են նոր կայանի կառուցման հնարավորությունները, քանի որ ատոմային գեներացիան Հայաստանի համար հիմնականներից է եւ այդ պատճառով երկրին հատուկ անհրաժեշտ են ատոմային բնագավառի համար որակավորված կադրեր»,- ասել է էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշառների նախարարության ատոմային էներգետիկայի բաժնի պետ Արտեմ Պետրոսյանը։ 

 

Երեւանում գիտության եւ մշակույթի ռուսական կենտրոնի տնօրենի Սերգեյ Ռիբինսկիի խոսքով՝ օլիմպիադայում մասնակցությունը տաղանդավոր երիտասարդների համար փայլուն հնարավորություն է իրենց ներկայացնելու և ռուսաստանյան առաջատար բուհերի ուսանողների շարքերը համալրելու համար։

 

Այս պահին մեկնարկել է բակալավրիատի, մագիստրատուրայի եւ ասպիրանտուրայի ծրագրերով Ռուսաստանում սովորելու համար հայ ուսանողների ընտրությունը: Այն կտեւի մինչեւ փետրվարի 15-ը: 

 

Ցանկացողները պետք է գրանցվեն Russia.study կայքում, լրացնեն ձեւանմուշը եւ Երեւանում գիտության եւ մշակույթի կենտրոնում հարցազրույց անցնեն: 




Մեր ընտրանին