FAST-ի հյուրերը, Հայաստանը, ռոբոտների էթիկան եւ ալգորիթմի «միտքը» - Mediamax.am

exclusive
5038 դիտում

FAST-ի հյուրերը, Հայաստանը, ռոբոտների էթիկան եւ ալգորիթմի «միտքը»


Լուսանկարը` Վիկտոր Էսպինոզան ստեղծել է այս պատկերը խորը նեյրոնային ցանցի միջոցով

Եվանգելոս Թեոդորուն
Եվանգելոս Թեոդորուն

Լուսանկարը` FAST

Եվանգելոս Թեոդորուն
Եվանգելոս Թեոդորուն

Լուսանկարը` FAST

Միխայիլ Բուրցեւը
Միխայիլ Բուրցեւը

Լուսանկարը` FAST

Միխայիլ Բուրցեւը
Միխայիլ Բուրցեւը

Լուսանկարը` FAST


Հայաստանի գիտության եւ տեխնոլոգիաների հիմնադրամի (FAST) կազմակերպած Գլոբալ ինովացիոն ֆորումն աշխարհի 20 երկրից Երեւան էր բերել առաջատար գիտնականների, որոնք հոկտեմբերի 29-31-ը քննարկում էին արհեստական բանականության, ռոբոտիկայի եւ ինքնավար համակարգերի, կենսաբանության ու տվյալագիտության հեռանկարները: 

 

Մինչ գիտնականները, գործարարներն ու նորարարները փորձում էին այդ երեք օրերի ընթացքում «նախագծել էվոլյուցիան», Մեդիամաքսը ամերիկացի եւ ռուս գիտնականներ դոկտոր Եվանգելոս Թեոդորուի եւ դոկտոր Միխայիլ Բուրցեւի հետ փորձել է պարզել արհեստական բանականության ոլորտում առկա խնդիրներն ու այս ուղղությամբ Հայաստանի զարգացման ներուժը:

 

Արհեստական բանականությունն ու նոր դարաշրջանը

 

Դոկտոր Եվանգելոս Թեոդորու, ԱՄՆ. «Այս դարաշրջանում արհեստական բանականության մարտահրավերներից մեկն անվտանգության կարեւորագույն համակարգերի կիրառումն է: Մինչ այժմ օգտագործվել են համակարգեր, որոնք անվտանգ չեն: Օրինակ՝ ինքնավար մեքենաները գնալով ավելի շատ տարածում են ստանում Միացյալ Նահանգներում եւ այլ վայրերում, եւ հարց է ծագում՝ ինչպե՞ս ենք մենք միավորում ալգորիթմները եւ համոզվում, որ համակարգը միշտ կգործի եւ վերահսկողության տակ կլինի: Սա մեծ խնդիր է, բոլորը խոսում են անվտանգության մասին, եւ մենք դեռ երկար ճանապարհ ունենք անցնելու: 

 

Գիտության մեջ փոփոխությունները կարող են կատարվել տարբեր մակարդակներում: Նախ եւ առաջ, փոփոխությունները կարող են տեղի ունենալ մարդկանց կրթելու եւ տարբեր ուղղությունները կառավարելու ճանապարհով: Այժմ մենք հին մոդել ենք օգտագործում, եւ շատ կարեւոր է մարդկանց տարբեր կերպ կրթելը: 

 

Եվանգելոս Թեոդորուն Եվանգելոս Թեոդորուն

Լուսանկարը` FAST

 

Իրերին տարբեր կողմերից եւ տարբեր հեռանկարների տեսանկյունից նայելը շատ կարեւոր է, քանի որ դա թույլ է տալիս առկա խնդիրների համար շատ ստեղծագործ լուծումներ գտնել:

 

Կարծում եմ, որ առարկաների խոչընդոտների խաչաձեւումը եւ կարդալու, սովորելու ցանկությունը ապահովում են մի փոփոխություն, որը մեզ հետագա առաջընթացի հնարավորություն է տալիս»:

 

Դոկտոր Միխայիլ Բուրցեւ. «Ես կենտրոնանում եմ խոսակցական բանականության վրա: Սա արհեստական բանականության այն մասն է, որը փորձում է ստեղծել մարդկանց նմանող երկխոսություններ, որպեսզի մեքենաները պատասխանեն այնպես, ինչպես մարդիկ: Այստեղ մենք մեծ առաջընթաց ունենք: Օրինակ, մեքենայական թարգմանության խնդիրն արդեն գրեթե լուծվել է ժամանակակից տեխնոլոգիայի՝ խորը նեյրոնային ցանցերի միջոցով: Մյուս կողմից, երկխոսությունների պարագայում ավելի բարդ խնդիր է առաջանում: 

 

Սովորաբար, երկխոսության մեջ կան բազմաթիվ ընդունելի պատասխաններ, բայց թե որն է ճիշտը, կախված է ոչ միայն ընթացիկ խոսակցության ենթատեքստից, այլեւ շատ այլ հանգամանքներից:

 

Ավելի բնական լինելու համար արհեստական բանականությունը նաեւ կարիք ունի հասկանալ աշխարհն այնպես, ինչպես մարդը: Այսպիսով, մեքենաները պետք է տրամաբանություն ունենան: Այժմ դա խնդիր է տեխնոլոգիաների համար, քանի որ խորը նեյրոնային ցանցերը հաջողությամբ կարողանում են միայն դասակարգված համընկումներով աշխատել:   

 

Միխայիլ Բուրցեւը Միխայիլ Բուրցեւը

Լուսանկարը` FAST

 

Օրինակ, եթե հարց եւ տեքստ ունեք, որը պարունակում է այդ հարցի համար պատասխան, տեխնոլոգիան կարող է գտնել եւ կարդալ դա: Այնուամենայնիվ, դա նման չէ տեքստի շուրջ մտորումներ կամ դրա պես մի բան անելուն: Ալգորիթմը կարող է հասկանալ, թե ինչ են խոսում մարդիկ եւ դասակարգել դա, համեմատել՝ արդյոք, երկու նախադասությունները սիմվոլներով նմա՞ն են իրար, թե՞ ոչ, բայց տրամաբանական փաստարկումը դեռ շատ բարդ է»:

 

Արհեստական բանականությունն ու էթիկական խնդիրները

 

Եվանգելոս Թեոդորու. «Արհեստական բանականության զարգացումն էթիկական հարցեր է պարունակում: Քանի դեռ հասարակության մեջ կան քննադատ մարդիկ, ովքեր մտածում են էթիկայի, արհեսատական բանականության եւ մեքենայական ուսուցման բերած մարտահրավերների մասին, կարծում եմ՝ ամեն ինչ լավ կլինի: 

 

Եվանգելոս Թեոդորուն Եվանգելոս Թեոդորուն

Լուսանկարը` FAST

 

Հարցն այն է՝ արդյոք ունե՞նք համապատասխան թվով քննադատ մարդիկ, որոնք մտածում են այս հարցի շուրջ: Վտանգներ կան, բայց ես կարծում եմ, որ մենք ինքներս պետք է որոշենք, թե ինչպես խուսափենք խնդիրներից»: 

 

Արհեստական բանականությունն ու Հայաստանի հնարավորությունները

 

Միխայիլ Բուրցեւ. «Մենք շատ լավ կապեր ունենք Հայաստանի հետ, քանի որ Ռուսաստանում արհեստական բանականության ոլորտում մրցույթներ ենք կազմակերպում եւ հրավիրում ենք թիմերի տարբեր երկրներից: Այդ մրցույթներում մի քանի թիմեր են մասնակցել Հայաստանից, տեսել եմ, թե ինչ լավ ներուժ ունի Հայաստանը արհեստական բանականության ոլորտում: Կարծում եմ, դուք պայծառ մարդիկ ունեք, եւ նրանք այդ խնդիրների շուրջ շատ խորը պատկերացում են դրսեւորում: 

 

Միխայիլ Բուրցեւը Միխայիլ Բուրցեւը

Լուսանկարը` FAST

 

Թեեւ սա իմ առաջին առնչությունն է Հայաստանի գիտության եւ տեխնոլոգիաների հիմնադրամի (FAST) հետ, տեսնում եմ, որ Գլոբալ ինովացիոն ֆորումը շատ լավ է կազմակերպված»:

 

Եվանգելոս Թեոդորու. «Դրականորեն զարմացած եմ Հայաստանով: Բազմաթիվ հայ ընկերներ ունեմ, որոնք շատ խելացի ու հեռատես մարդիկ են: Կարծում եմ FAST-ի նման կազմակերպությունների առկայությունը շատ լավ է գիտության զարգացման տեսանկյունից: Հայ ժողովուրդն ամուր Սփյուռք ունի, եւ այս ջանքերը, իրապես, հաստատուն կլինեն ապագայի համար»:

 

Եվանգելոս Թեոդորուի եւ Միխայիլ Բուրցեւի հետ զրուցել է Մարի Թարյանը

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին