Մաթեմը, TIMSS-ը եւ ձեր երեխաների գնահատականները - Mediamax.am

exclusive
13198 դիտում

Մաթեմը, TIMSS-ը եւ ձեր երեխաների գնահատականները


Լուսանկարը` Cheeziepoof

Հայկ Դավեյանը
Հայկ Դավեյանը

Լուսանկարը` անձնական արխիվից

Լուսանկարը` Knox College

Հայկ Դավեյանը
Հայկ Դավեյանը

Լուսանկարը` անձնական արխիվից

Լուսանկարը` Menlo School


Եթե ձեր երեխան ասում է՝ մաթեմատիկան իր համար կարեւոր առարկա է, դա դեռ չի նշանակում, որ նա «լավ է մաթեմից»: Իսկ երբեւէ հաշվե՞լ եք ձեր տան գրքերը. մտածե՞լ եք, որ դրանց քանակը կարող է կապված լինել երեխայի կրթական ձեռքբերումների հետ: Ավելին, եթե շարունակեք երեխային ասել, որ նա միեւնույն է լավ չի սովորում, ուսուցիչն էլ իր հերթին պահանջի անհավանականը, երեխան ձեր ակնկալած բարձր գնահատականները շարելու փոխարեն, շատ ավելի վատ կսովորի: 

Այս ու նմանատիպ պնդումները ոչ թե պարզապես կարծիք են, այլ TIMSS (Trends in International Mathematics Science Study-Մաթեմատիկայի եւ բնագիտության միջազգային միտումների ուսումնասիրություն) միջազգային ստուգատեսի վերլուծության արդյունքը: TIMSS-ը ամենահեղինակավոր հետազոտություններից մեկն է աշխարհում, որի արդյունքների հիման վրա մի շարք երկրներ իրենց կրթական քաղաքականությունն են մշակում: Այն անցկացվում է չորս տարին մեկ անգամ՝ 4-րդ եւ 8-րդ դասարանցիների շրջանում: Հայաստանը TIMSS-ին մասնակցում է 2003-ից: 

Գնահատման եւ թեստավորման կենտրոնի (ԳԹԿ) կայքում այս տարվա ապրիլին, վերջապես, հրապարակվել են TIMSS 2015-ի հայաստանյան արդյունքները: Կենտրոնը պարզաբանում է՝ ուշացման պատճառները տեխնիկական էին: 

 

TIMSS 2011-ի հետազոտությունը Հայկ Դավեյանը խորապես սկսել է վերլուծել 2012-ից, երբ դեռ Մոսկվայի էկոնոմիկայի բարձրագույն դպրոցի Կրթության ինստիտուտի մագիստրատուրայի ուսանող էր. թեզի թեման էր կրթական հնարավորությունների անհավասարության խնդիրը: Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնը (ԿՏԱԿ) վերջերս հրապարակել է իր կենտրոնի վերլուծաբան Հայկի՝ կատարած TIMSS 2011-ի երկրորդային վերլուծությունը: Հայկն առաջինն է, որ TIMSS-ի հայաստանյան տվյալները երկրորդային վերլուծության է ենթարկել ու հրապարակել: 

 

Հայկ Դավեյանը Հայկ Դավեյանը

Լուսանկարը` անձնական արխիվից

 

Ի՞նչ է TIMSS-ը

 

TIMSS-ին վստահում են ավելի քան 50 երկրում: TIMSS-ը ուսումնասիրում է ոչ միայն երեխայի գիտելիքը, այլ հմտություններն ու ստեղծագործական ունակությունները՝ մաթեմատիկայի եւ բնագիտական առարկաների շրջանում: TIMSS-ի հիմնական նպատակներից են՝ համեմատել տարբեր կրթական համակարգերով երկրների՝ աշակերտների գիտելիքների մակարդակը եւ հասկանալ առաջադիմության վրա ազդող հիմնական գործոնները: 

 

TIMSS-ի հետազոտությունները կատարվում են երկու ուղղությամբ. առաջինը վերաբերում է աշակերտների գիտելիքների գնահատմանը, մյուսն ուսումնասիրում է այն միջավայրը, որտեղ տեղի է ունենում կրթությունը՝ դպրոց, համայնք, ընտանիք եւ դրանց ազդեցությունը առաջադիմության վրա: Յուրաքանչյուր աշակերտ լրացնում է երկու գրքույկ. առաջինում պատասխանում է հարցերին եւ լուծում խնդիրները, մյուս հարցաթերթիկում պատասխանում է կրթական միջավայրին վերաբերող հարցերին: Այդ հարցաշարերը տրվում են նաեւ ծնողներին, ուսուցիչներին եւ տնօրեններին: 

 

Ուշացումն ու դրա պատճառները

 

Առաջին անգամ է, որ TIMSS-ի հայաստանյան արդյունքների հրապարակումը այսքան ուշացել է. 2015-ի տվյալները հրապարակվել են 2018-ի ապրիլին: 

 

ԳԹԿ-ի աշխատակիցները հավատացնում են՝ նրանք չեն ուշացրել վերջնաժամկետից: Կենտրոնի՝ արդեն նախկին տնօրեն Արա Իսպիրյանի խոսքով՝ տվյալները «մի քիչ ուշ» են հրապարակվել որոշակի տեխնիկական խնդիրների պատճառով: «Տեսականորեն այդպես բոլոր երկրների հետ էլ պատահում է: TIMSS-ի պահանջն է՝ եթե թերահավատություն կա արդյունքների վերաբերյալ, երկիրը կարող է անգամ դուրս մնալ ծրագրից: TIMSS-ը առաջարկել է վերանայել մի քանի հարցերի պատասխաններ ու ճշգրտել դրանք»,- ասում է Արա Իսպիրյանը: 

 

 

 

TIMSS 2015-ի արդյունքներն էապես չեն տարբերվում նախորդ տարիների պատասխաններից. կրկին տատանվում ենք միջին բալերի շեմում: Աշակերտների ձեռքբերումների մակարդակը ներկայացվում է 1000 բալանոց սանդղակում, որտեղ դրա միջինը 500 բալն է: Շեմը 400-ն է, Հայաստանը երբեք չի հաղթահարել սանդղակի միջինը:

 

Հայաստանը TIMSS-ին մասնակցել է 4 անգամ. համեմատած նախորդ TIMSS-ի արդյունքներին՝ 2015-ի տվյալներն ավելի բարձր են: Ամենաբարձր առաջադիմությունը հայաստանյան դպրոցները գրանցել են 2007 թվականին, իսկ ամենացածրը TIMSS 2011-ի բալերն էին: 

 

***

 

TIMSS 2011-ը երկրորդային վերլուծելու համար Հայկն առանձնացնում է աշակերտների ձեռքբերումների վրա ազդող երկու փոփոխականներ. կարգավորվող եւ չկարգավորվող:

 

Միջամտության ենթարկվող (կարգավորվող) փոփոխականներ. #հույս_կա

Արժեւորում

 

Փաստ. Եթե ձեր երեխան ասում է՝ մաթեմատիկան իր համար կարեւոր առարկա է, մի շտապեք հպարտանալ նաեւ գնահատականներով: Հետազոտությանը մասնակցած աշակերտները, որոնք դրական են պատասխանել «առարկան ինձ կօգնի առօրյայում», ««անհրաժեշտ է «այլ առարկաներ սովորելիս», «ԲՈՒՀ ընդունվելիս» կամ «աշխատանք գտնելու համար»» հարցերին, ավելի ցածր արդյունքներ են գրանցել թեստից: Հայկն ասում է՝ սա հետազոտության այն հետաքրքիր ու չսպասված արդյունքն է, որն ամենաշատն են սիրում հետազոտական շրջանակներում:

 

Պարզաբանում. Ինչո՞ւ է երեխան կարեւորում, բայց վատ սովորում: Հայկը միայն հիպոթեզեր կարող է առաջարկել, քանի որ նրա խոսքով՝ փաստարկված լուծումներ առաջարկելու համար անհրաժեշտ է խորքային, որակական ուսումնասիրություն կատարել: Առարկան արժեւորում են այն երեխաները, որոնք դժվարանում են այն սովորել կամ ընդհանրապես չի ստացվում: Այսինքն՝ երբ հեշտ է խնդիրները լուծելը, ինչպես, օրինակ, երբ մարդ հեշտությամբ է քայլում, նա դա չի արժեւորում այնքան, որքան կգնահատի հատկապես քայլելու հետ խնդիրներ ունեցողը: 

 

Լուսանկարը` Knox College

 

Գիտելիքների մակարդակի ընկալում

 

Փաստ. Եթե աշակերտը կարծում է, որ նա լավ է սովորում առարկան, ուրեմն մեծ հավանականությամբ նա հենց այդպես էլ անում է: Ինչպես ընկալում է ձեր երեխան իր գիտելիքի մակարդակը, դրանից կախված փոխվում են նրա կարողությունները: Եթե երեխան «այո» է պատասխանում «ես վատ եմ սովորում առարկան» հարցին, 1000 բալանոց սանդղակից նա կհավաքի 447: Մի քիչ ավելի լավ կարծիք ունենալու դեպքում, բալը մոտ 34-ով կաճի: Եթե երեխան վստահ է իր գիտելիքների վրա, բալն 91-ով է ավելանում:

 

Առաջարկ. Վերլուծաբան Հայկն այն կարծիքին է, որ պետք է աշակերտին սովորեցնել ոչ միայն «2+2», այլեւ ցանկալի է նրան «դուխ տալ», որ կարող է սովորել: Ըստ Հայկի, դասատուն բացի սովորեցնելուց պետք է նաեւ վերաբերմունք ձեւավորի առարկայի նկատմամբ ու աշխատի երեխայի դիրքորոշումների վրա, քանի որ կարեւոր է այն միջավայրը, որտեղ տեղի է ունենում կրթությունը: 

 

Վերաբերմունք

 

Փաստ. Եթե սիրելով սովորես, լավ կսովորես: Հարցերին՝ «հաճույք եմ ստանում առարկայից» եւ «սիրում եմ առարկան», «այո» պատասխանի դեպքում, TIMSS-ի հաշվարկներով երեխան 28 բալ ավելին է ստանում այն աշակերտներից, որոնց համար «առարկան ձանձրալի է»: 

 

Առաջարկ. Հայկն առաջարկում է հատուկ միջոցառումներ անցկացնել ծնողական համայնքներում, ակտիվ աշխատանքի արդյունքում ծնողներին նույնպես պետք է ասել, որ զրուցեն իրենց երեխաների հետ: Եթե երեխաները դժվարանում են, պետք չէ անմիջապես բարկանալ, որ չի ստացվում եւ վերջ, այլ ավելի պարզ խնդիրներ կարելի է լուծել նրա հետ եւ ոգեւորել: 

 

Չկարգավորվող փոփոխականներ. #էլի_հույս_կա

Քանի՞ գիրք ունեք տանը

 

Փաստ. Այս հարցը նկարներով է, որոնցից երեխան ընտրում է գրքերով պահարաններից մեկը: Եթե 26 գրքից պակաս է, երեխան 1000 բալից կհավաքի մոտ 440-ը, 26-100 գրքի դեպքում 31-ով ավելանում են բալերը, այսինքն, երեխայի հմտություններն ավելին են: 100-ից ավելի գրքերով պահարանն ընտրելու արդյունքում, աշակերտը հավանական է, որ շատ ավելի լավ է սովորում, հետեւաբար 51-ով է ավելանում իր բալերը՝ փոքր գրադարան ունեցող երեխայի բալերից: 

 

Առաջարկ. Գիրքը ընտանիքի սոցիալ-մշակութային ժառանգության մաս է: Սա նշանակում է, որ ինչքան շատ գիրք կա ընտանիքում, այնքան ավելի է այնտեղ արժեւորվում ուսումը: Հետեւաբար՝ դպրոցներն իրենց համայնքային պատասխանատվության շրջանակներում պետք է ազդեն ընտանիքներում ուսման կարեւորման վրա: Դպրոցի տնօրենները կարող են նաեւ գրադարանների ավելացումներով զբաղվել՝ կազմակերպեն միջոցառումներ, որոնք կնպաստեն գյուղում գրքերի կամ գրադարանների ավելացմանը: Հայկն ասում է՝գրադարանը մեկ օրինակ է՝ միջոց, որը կարող է փոխել այդ վերաբերմունքը:

 

Ծնողների կրթական մակարդակ

 

Փաստ. Եթե ծնողն ունի բարձրագույն կրթություն, երեխան ամենայն հավանականությամբ, միջին կամ միջինից ցածր կրթություն ունեցող ընտանիքի երեխայից 56 բալով բարձր կստանա. TIMSS-ի գնահատման 1000 բալանոց սանդղակում 56-ը շատ զգայուն թիվ է եւ կարեւոր տարբերություն է համարվում: Միջին մասնագիտական կրթություն ունեցող ծնողների երեխաները 30 բալով ավելի բարձր կստանան թեստից: 

 

Առաջարկ. Ծնողները, որոնք չունեն բարձրագույն կրթություն, գո՞ւցե, չեն խրախուսում երեխայի կրթությունը: Հայկն ասում է՝ ծնողների համար հատուկ հանդիպումներ կազմակերպելու դեպքում հնարավոր կլինի փոխել նաեւ նրանց դիրքորոշումը: Այս դեպքում կարեւոր է նաեւ ուսուցիչների գործը. եթե ուսուցիչը ստեղծագործող լինի, երեխան գուցե ավելի արժեւորի առարկան: 

 

Լուսանկարը` Menlo School

 

Բնակչության քանակ

 

Փաստ. Մինչեւ 15 հազար բնակչություն ունեցող տեղանքի դպրոցներում երեխաներն ավելի քիչ բալեր են հավաքում (425 բալ), քան 15-100 հազար բնակչություն ունեցող համայնքների աշակերտները (16 բալով ավել): Գյուղական ու քաղաքային համայնքների երեխաների սովորելու մակարդակի մեջ տարբերություն է նկատվում՝ բնակչության քանակի հետ պայմանավորված:

 

Առաջարկ. Սա անարդար անհավասարություն է, երեխան չի կարող բնակչության վայրը փոխել, հետեւաբար, ըստ Հայկի, ոլորտի պատասխանատուները պետք է կարողանան փոխհատուցել գյուղի երեխաների հնարավորությունների պակասը: 

 

Մի խոսքով

 

Հայկն ամփոփում է՝ երեխայի ծնողներին փոխել չի լինի կամ տուն մտնել ու գրադարանները մեծացնել, համայնքն ու գյուղը շատացնելը նույնպես ուսուցչի եւ ծնողի գործը չէ, սակայն հնարավոր է վերահսկել կարգավորվող փոփոխականները եւ փոխհատուցել դրանք նրանց ուշադրությամբ, օրինակ, փոխել առարկայի նկատմամբ վերաբերմունքը կամ ոգեւորել երեխային դասերը պատրաստելիս: ««Մարիո» խաղի կանոնների նման. բոլորը սկզբում հավասար հնարավորություններով են խաղը սկսում, բայց կախված խաղացողի հմտություններից եւ ջանքերից՝ խաղն այլ ընթացք է ստանում»,- համեմատում է Հայկը: 

 

Ի՞նչ մնաց

 

TIMSS-ը Հայաստանի դպրոցներում անցկացնում է ԳԹԿ-ը: Հայկի խոսքով՝ TIMSS-ը Հայաստանում արված միակ հուսալի հետազոտությունն է. «Նման հետազոտություններ վերլուծելը չափազանց կարեւոր է երկրի կրթական քաղաքականությունը մշակելու համար. այն հնարավորություն է տալիս հիմնավորված քաղաքական որոշումներ կայացնել կրթության ոլորտում: Հայաստանը, սակայն, պարզապես բավարարվում է՝ հետազոտությունն անցկացնելով ու TIMSS-ի մասնակից երկրների շարքում իր տեղն ապահովելով»,- ասում է Հայկը: 

 

Հայկ Դավեյանը Հայկ Դավեյանը

Լուսանկարը` անձնական արխիվից

 

Նույն տեսակետն է կիսում նաեւ ԳԹԿ-ն: «Բոլորին հետաքրքրում է մի հարց՝ թե ո՞ր տեղն է գրավելու Հայաստանը: Այս քառամյա հետազոտությունը դնում են ֆուտբոլի առաջնության տեղ, մինչդեռ մյուս երկրներին՝ Նորվեգիա, Մակեդոնիա, Վրաստան, չի հետաքրքրում սանդղակը, այլ կարեւորում են կրթական խնդիրների բացահայտումը»,- ասում է կենտրոնի փոխտնօրեն Արսեն Բաղդասարյանը:  

 

Ամփոփում 

 

Եթե ուսուցիչներին հասանելի լինեն TIMSS-ի վերաբերյալ արված գնահատականները, Հայկի կարծիքով, կարգավորվող փոփոխականների վրա հնարավոր կլինի աշխատել: ԿՏԱԿ-ը պատրաստվում է երկրորդական վերլուծությունը տարածել համայնքներում եւ համալսարաններում, իսկ վերջերս հասանելի դարձած TIMSS 2015-ի տվյալները կվերլուծեն ապագայում: 

 

ԳԹԿ-ի նախկին տնօրեն Արա Իսպիրյանը նույնպես ասում է, որ հետաքրքրությունը շատ մեծ չէ TIMSS-ի հանդեպ ու հաստատում՝ ԿՏԱԿ-ում հրապարակված Հայկի աշխատանքը մինչ օրս արված միակ երկրորդական վերլուծությունն է: 

 

«Անհրաժեշտ է Հայաստանում ստեղծել վերլուծական կենտրոն. կապ չունի՝ այն կլինի կրթական, թե ընդհանուր վերլուծական կենտրոն: 21-րդ դարում անչափ կարեւոր են վերլուծությունները եւ դրա արդյունքների հստակ կիրառումը: Կարծում եմ՝ յուրաքանչյուր կառույց ունի վերլուծական բաժին, մենք նույնպես ունենք մերը եւ կատարում ենք մեր վերլուծությունները, բայց երկրում անհրաժեշտ է ունենալ մասնագիտացված կառույց: ԿՏԱԿ-ը մեկ անգամ երկրորդական վերլուծություն իրականացրել է, նշանակում է՝ ցանկացած վերլուծություն կարելի է երկրորդական վերլուծության ենթարկել»,- ասում է Արա Իսպիրյանը: 

 

TIMSS-ին մասնակցելու համար ամեն անգամ Հայաստանը վճարում է  33.500 դոլար եւ 33.500 եվրո անդամավճար, չնայած գումարի չափն ամեն անգամ կարող է փոփոխվել: Հայկի խոսքով՝ երկիրը փող է ծախսում հետազոտության վրա ու մենք չգիտենք՝ ինչու են երեխաները լավ կամ վատ սովորում: «Չեմ ասում, օրինակ, հասկանանք, թե երեխաները ինչո՞ւ են միայն վատ սովորում, կարելի է նաեւ պարզել, թե ինչո՞ւ են լավ սովորում, որ այդ հատկությունն ուժեղացնենք, ու նրանք էլ ավելի լավ սովորեն»,-ասում է նա:

 

Ամալի Խաչատրյան

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին