3133 դիտում

Հայաստանում գիտական դիվանագիտությունը պետք է ակտիվացնել



Երեւան: Մեդիամաքս: Հայաստանի Դիվանագիտական դպրոցը եւ Հայաստանի Ամերիկյան համալսարանը մայիսի 3-ին կազմակերպել էին միջազգային փորձագիտական քննարկում՝ նվիրված գիտության դիվանագիտությանը։

Գիտության դիվանագիտությունը համեմատաբար նոր է եւ Հայաստանում գրեթե չի կիրառվում, սակայն, փորձագետների խոսքով՝ չօգտագործված մեծ ներուժ կա։

Փորձագետ Լյուկ Վան Լանգենհոֆենը, ով աշխատում է գիտության դիվանագիտության եւ Եվրոպական Միության կողմից դրա գործնական կիրառման ոլորտներում, ասել է, որ գիտության դիվանագիտությունը մոբիլիզացնում է գիտությունը՝ անդրազգային եւ ազգային խնդիրների լուծման համար։

«Գիտության դիվանագիտությունը օգնում է հասկանալ, թե գիտությունը ինչ կարող է անել երկրին օգնելու, գիտական աշխատությունները եւ տեխնոլոգիաները աշխարհին ավելի հանրամատչելի ներկայացնելու համար։ Շատ հաճախ գիտնականների կողմից կատարված կարեւոր հետազոտությունների արդյունքները համապատասխան կառույցներին չեն հասնում։ Եթե գիտնականը հետազոտություն է կատարում, օրինակ՝ կլիմայի փոփոխության վերաբերյալ եւ որոշակի արդյունքներ է գրանցում, ապա դա պետք է կարողանալ ճիշտ ներկայացնել եւ բացատրել համապատասխան դիվանագիտական կամ քաղաքական լեզվով», - ասել է նա։

Նրա խոսքով՝ գիտության ոլորտում առկա  խնդիրները իրենց բնույթով շատ համալիր են եւ դրանցում շատ տվյալներ կան, որոնք պետք է ներկայացվեն միազգային հանրությանը։

«Արագ զարգացող աշխարհում խիստ անհրաժեշտություն կա աշխարհին բացատրել, թե գիտությունը իրավամբ ինչով է զբաղվում։ Որոշ երկրներում ասում են, որ գիտությունը պետք չէ խառնել մեկ այլ ոլորտի հետ, սակայն դա ճիշտ չէ։ Գիտության դիվանագիտությունը գլոբալ կառավարման գործիք է եւ օգտագործվում է գլոբալ խնդիրները մեկտեղելու եւ միասնական լուծումներ գտնելու հարցում»,- ասել է Լյուկ Վան Լանգենհոֆենը ։

Հայաստանում գիտական դիվանագիտությունը, փորձագետի խոսքով՝ պետք է ակտիվացնել, քանի որ դա շատ կարեւոր է ոչ միայն Հայաստանի, այլ նաև աշխարհի այլ երկրների համար։ Նրա խոսքով՝ «Հորիզոն 2020» ծրագիրը այս առումով Հայաստանին լայն հնարավորւթյուններ է ընձեռում։

«Հայաստանի նման փոքր երկրները պետք է կարողանան իրենց խնդիրները ներկայացնել աշխարհի գլոբալ տնտեսական խնդիրների համատեքստում։ Գիտենք, որ Սփյուռքում շատ գիտնականներ կան եւ նրանց փորձն ու գիտելիքները պետք է միացնել՝ լավ արդյունքներ գրանցելու համար», - նշել է նա։Նրա խոսքով՝ գիտության դիվանագիտությունը երկրի տնտեսության զարգացման համար եւս շատ կարեւոր դեր է խաղում։

Փորձագետ Դերիլ Քոփլենդն էլ նշել է, որ գիտության լեզուն կարող է նաեւ որոշակի, բայց ոչ վճռորոշ ազդեցություն ունենալ հակամարտությունների կարգավորման  հարցում։

«Գիտության լեզուն քաղաքականացված չէ, այն համընդհանուր է եւ երկխոսություն ծավալելու շատ լավ միջոց։ Կարծում եմ՝ հնարավոր է ադրբեջանցի եւ հայ գիտնականների միջեւ հանձնաժողով ձեւավորել, որը կուսումնասիրի, օրինակ՝ քարտեզագրության, հողերի ուսումնասիրության եւ այլ ոլորտներ»,-ասել է Դերիլ Քոփլենդն։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին
banks.am
itel.am
sport
bravo.am